Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Նախկին և ներկա պաշտոնյաների թիրախում Գլաձորի հանքավայրն է



2015 թվականի ամռանը գրանցված «Վայկ մետալս» ՍՊԸ-ն հավակնում է շահագործել Գլաձորի հանքավայրը, որի շահագործման վերաբերյալ բնապահպանության նախարարությունը երեք տարի առաջ բացասական եզրակացություն է տվել մեկ այլ ընկերության:  

Նոյեմբերի 17-ին «ԷկոԼուր»-ն ահազանգել էր, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն և Գլաձոր համայնքների 700-ից ավել բնակիչներ դուրս են եկել բողոքի՝ կանխելու «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի մուտքը Գլաձորի հանքավայրի տարածք: «Վայկ մետալ» ՍՊԸ-ն առանց համայնքների համաձայնության ցանկացել է ծանր տեխնիկա մտցնել հանքավայրի տարածք, որը պատկանում է համայնքին: Երեկ ծանր տեխնիկան դուրս է բերվել հանքավայրի տարածքից:  

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս տարվա սեպտեմբերին ընկերությանը տվել է ռեգիոնալ բնույթի ինժեներաերկրաբանական ուսումնասիրություն կատարելու համաձայնություն: Այն վավեր է մինչև 2017թ. հունիսի 30-ը: Սակայն «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն որևէ գործողություն կատարելու համար դեռևս չի ստացել ԲՆ եզրակացությունը:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում: Մոտակա բնակավայրերն են Վերնաշեն, Հերմոն և Շատին գյուղերը, որոնք գտնվում են հանքավայրից համապատասխանաբար 7կմ հյուսիս-արևելք, 6 կմ հարավ և 10 կմ արևելք: Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքը գտնվում է հանքավայրից մոտ 12կմ հարավ-արևմուտք: Երկրաձևաբանական տեսակետից Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքը գտնվում է Արփա գետի միջին հոսանքի և նրա վտակ Եղեգիսի ավազանում:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի պաշարները հաստատվել են ԷԲՊՆ–ի կողմից 11.11.2010թ.-ի N 276 որոշմամբ.

Համաձայն «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծի` Գլաձորի բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքերի իրականացման ընթացքում տեխնածին ճնշումներ դրսևորվելու են մթնոլորտի, մակերևութային ջրերի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա: Հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների իրականացումը կհանգեցնի փոշեգոյացման և վնասակար գազերի արտանետումների: Փոշեառաջացման հիմնական օջախներն են հանդիսանալու բացահանքը, ճանապարհները, լցակույտը: Մոտավոր նախնական հաշվարկներով՝ տարեկան մթնոլորտ արտանետվող փոշու գումարային քանակը կկազմի շուրջ 790 տ: Իսկ բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է տարեկան մասհանել 250.0 հազ.դրամ:

Ըստ նախագծի` ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ նախատեսվում է արտադրական կեղտաջրերը հեռացնել լեռնային փորվածքներից հանքահորային ջրերի հետ միասին, իրականացնել նախնական մաքրում և կրկին օգտագործել տեխնիկական նպատակներով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հրապարակել է Գլաձորի բազմամետաղների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացությունը` տրված 2013թ. դեկտեմբերին և ստորագրված այդ ժամանակվա նախարար Արամ Հարությունյանի կողմից:

Նախագիծը ներկայացրել էր «Վայք ռեսուրս» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ինն է` 75%, իսկ մնացյալ 25%-ը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործընկերոջը` Արամ Օսիկյանինը: Արամ Օսիկյանը, հիշեցնենք, Աբրահամյանների Մասիսի ոսկու վերամշակման գործարանը շահագործող «Ասսաթ» և «Արգամիկ» ՍՊԸ-ներում ևս ներկայություն է ապահովում. առաջինում բաժնետեր է, երկրորդում` տնօրեն:  

2005-ին հենց «Ասսաթ»ՍՊԸ-ն էլ վերագնահատել է հանքավայրը, և հաշվարկները ցույց են տվել, որ այն ունի արդյունաբերական նշանակություն:

2007-2009թթ. «Վայք ռեսուրս» ՍՊԸ-ն էլ կատարել է լրացուցիչ երկրաբանահետախուզական աշխատանքներ և գտել, որ հանքաքարի որակական հատկանիշները լիովին բավարարում են հանքավայրը շահագործելու համար:

Սակայն ԲՆ-ն բացասական եզրակացություն է տվել` հիմնավորելով, որ Գլաձորի բազմամետաղների հանքավայրի շահագործումը մասնակիորեն բաց եղանակով, համաձայն Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից ստացված կարծիքի, կարող է անդառնալի ազդեցություն թողնել տարածաշրջանում առկա Եղեգիսի պետական արգելավայրի վրա, որը տեղակայված է Հերմոն և Վերնաշեն համայքներից մոտ 5,3 կմ հեռավորության վրա: Հղում է կատարվել հանրային լսումներին հնչած բացասական կարծիքներին, ինչպես նաև ԲՆ «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացված թերի նախագծին:

«Վայկ մետալս» ՍՊԸ-ի հիմնադիրը, միակ բաժնետերը և տնօրենը Արթուր Տեր-Սիմոնյանն է: Նա կառավարության Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է: Սիմոն Տեր-Սիմոնյանը պաշտոնավարում է 2001 թվականից: Ընկերությունը փոխվել է, սակայն խաղացող անձինք մնացել են նույնը: Հանրային լսումներից մեկում «Վայկ մետալս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նույն անձն է` Աբրահամյան ընտանիքի գործընկեր Արամ Օսիկյանը, ինչը նշանակում է, որ այս հանքավայրում հետաքրքրություններ ունի նաև Աբրահամյանների ընտանիքը:

լուսանկարում(ձախից)` Սիմոն Տեր-Սիմոնյան, Հովիկ Աբրահամյան


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ