HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերգեյ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը՝ մերժելով կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Սերգեյ Կյուրեղյանը անազատության մեջ կմնա ևս երկու ամիս։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, քննիչը կալանքը երկարացնելու միջնորդությունում նշել է, փաստաբանի գնահատմամբ, նույն, ստանդարտ հիմքերը, ինչը ներկայացվել են նախորդ դատական նիստերին, մյուս մեղադրյալների դեպքում. այսինքն` այն, որ Կյուրեղյանը, ազատության մեջ մնալով կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը։

«Այս հիմքերը վերացական, բացարձակապես անհիմն և մերկապարանոց հայտարարություններ են, քանի որ որևէ փաստական հիմք, ապացույց չունեն։ Այսինքն՝ որևէ նյութ չի ներկայացվում, որ Կյուրեղյանը հնարավոր է կատարի գործողություններ»,-ասում է Մուշեղյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ միակ փաստարկը, որ քննիչը դատարանում ներկայացրել է, այն է, որ Կյուրեղյանը մեղադրվում է ծանր հանցանքների կատարման մեջ, և դրանց համար նախատեսված պատիժը մեկ տարուց ավելի է, և այդ պատժի խստությունից դրդված` նա կարող է թաքնվել և փախուստի դիմել։

Շուշանյանը դատարանի կողմից նման միջոդությունների հաստատումը համարում է ապացույց այն բանի, որ դատարաններում արդարադատություն չկա, և որ նրանք ընդամենը քննչական մարմնի որոշումները իրենց կնիքով հաստատելու գործառույթն են իրականացնում։

Դատական նիստին նաև ներկա է գտնվել Սերգեյ Կյուրեղյանը, սակայն դատարանում կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել։ Փաստաբանը կարծում է՝ Սերգեյին դատավարական հատվածը այդքան էլ չի հետաքրքրում։ Ասում է՝ եթե նա մասնակցում է դատական նիստերին, ապա մեծամասամբ հայտարարություն անելու համար, և երբեք դատարանում դիրքորոշում չի արտահայտել, առարկություններ, որոշումներին որակումներ չի տվել. «Նա գիտեի, որ իրեն պահելու են անազատության մեջ այնքան, ինչքան կորոշի ռեժիմը»,-հավելում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

լուսանկարը` panorama.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter