HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լալա Ստեփանյան. «10 ամիս հոսպիտալներում պահելու տեղը թող 10 ամիս շուտ զորացրեին»

19-ամյա Սարգիս Տանաշյանին հանդիպելու համար այցելում եմ Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 14-ի ավտովթարից հետո գտնվում է նրա ավագ եղբայրը՝ 20-ամյա Հովհաննես Տանաշյանը: Սարգիսը խնամում է եղբորը, որին առաջիկայում սպասվում է ձեռքի եւ ծնոտի վիրահատական միջամտություն: «Ինքն է եղել մեղավորը,-նկատելով եղբոր վիրակապված ձեռքին ուղղված հայացքս նշում է Սարգիսը,-մոտոյի վրա հերիք չէ առանց գլխարկ է եղել, հետն էլ արագ է քշել, դեռ լավ է գլխին բան չի եղել՝ մենակ ծնոտի հետ կապված խնդիր կա, մեկ էլ թեւն է վնասել»:

Հովհաննես Տանաշյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Դեռ մանուկ հասակից տղայի մոտ նկատված կարճատեսությունը բավական արագ զարգանալով հասել էր մինչեւ մինուս 16-ի: Այս տարվա ապրիլ ամսին տղայի աչքերը վիրահատել են, սակայն արդյունքները դեռ պարզ չեն՝ ակնաբույժին այցելելու փոխարեն Հովհաննեսը հայտնվել է վնասվածքաբանական բաժանմունքում: Հովհաննեսի խնդիրներին համառոտ ծանոթանալուց հետո՝ անցնում եմ Տանաշյանների հոգսաշատ ընտանիքին հուզող մեկ այլ թեմայի, որ առաջացել է Սարգիսի բանակ զորակոչվելուց ընդամենը երեք օր անց ու երկրորդ տարին է լուծում չի ստանում:

Սարգիս Տանաշյանի մոտ բանակ զորակոչվելուց հետո հայտնաբերվել է «Պարբերական» կոչվող հիվանդությունը, որն ըստ բժշկական գրականությունից քաղած տեղեկությունների առավել բնորոշ է Միջերկրածովյան տարածաշրջանի ժողովուրդներին, իսկ հայերի մեջ հայտնի է «Երեւանյան» անվամբ: «Պարբերական» հիվանդության առաջին նշանները հիմնականում ի հայտ են գալիս մանկական կամ պատանեկան տարիքում՝ հատկապես սեռական հասունացման շրջանում(85-90%-ի մոտ): Շատ հազվադեպ են դեպքերը, երբ առաջին նոպաները դրսեւորվում են 40-ից հետո կամ էլ մինչեւ մեկ տարեկանը: Նոպաներ հրահրող գործոններ կարող են հանդիսանալ վնասվածքները, մտավոր ու գերլարված աշխատանքը, սառեցումը, բնակավայրի փոփոխությունը եւ այլն:

Սարգիսի մոտ հիվանդության առաջին նշաններն ի հայտ են եկել բանակ զորակոչվելուց հետո առաջին շաբաթում: «Երրորդ օրն էր, հենց պլացի(շարահրապարակ) վրա վատացա՝ տարան բուժկետ,-պատմում է Սարգիսը,- բանակ զորակոչվել եմ 2015թ-ի հուլիսի 1-ին: Երեւան վիճակահանության ժամանակ ընկա Ղարաբաղ, էնտեղ էլ թուղթը քաշեցի՝ ընկա Ջաբրայիլ»: Սարգիսի հայրը՝ Խորեն Տանաշյանը պատմում է, երբ օգոստոսի 15-ին գնացել են ներկա լինելու երդմնակալության արարողությանը՝ նկատել են, որ տղան կաղում է՝ զինվորական կոշիկը վնասել էր ոտքի կոճային հատվածը: «Բացի էդ էլ շատ նիհարել էր, իմացանք օր ստամոքսի պրոբլեմ ունի՝ ինչ կուտե կթափե, ախորժակ չունի»,-հիշում է Խորեն Տանաշյանը:

Զորակոչվելուց հետո առաջին 45 օրերի ընթացքում Սարգիսը ոտքերի եւ ստամոքսի ցավերի հետ կապված միայն 30 օր անցկացրել է զորանոցի բուժկետում եւ Ջրականի (Ջաբրայիլ) հիվանդանոցում: «Ոտքերիս բուժումն օր պրծավ, պիտի դուրս գրեին, տարան հոսպիտալի պետի մոտ՝ ասի, թե ստամոքսի ցավեր ունեմ՝ սկզբից չհավատաց, թե ձեւ ես բռնել, իբր չեմ ուզե գունդ էրթալ: Հետո էխոսկոպիա արեցին՝ պարզվեց ստամոքսի խոց կա մոտս: Ասին, որ խմածս ցավազրկողների հետեւանքն է՝ 15 օր էլ դրա համար եմ պառկել, որ բուժվեմ»,-պատմում է Սարգիսը:

Տղայի հիվանդությունը հստակ ախտորոշվել է միայն Ստեփանակերտի հիվանդանոցում, սակայն դա չի խանգարել, որ հերթական նոպայից հետո բուժհաստատություն տեղափոխված Սարգիսին կարճատեւ բուժման կուրսը ստանալուց հետո կրկին ուղարկեն զորամաս:

Սարգիսի մայրը՝ Լալա Ստեփանյանը պնդում է, որ տղան մինչեւ բանակ զորակոչվելը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: Որեւէ պրոբլեմ չի հայտնաբերվել նաեւ նախազորակոչային բժշկական հանձնաժողովի բուժզննումների ժամանակ: Սարգիսի հիվանության պատմության մեջ նշված է, որ նրա մոտ հայտնաբերվել է ռեակտիվ արթրիթ պարբերաբար սրացումներով, որը զարգացել է զինծառայության ընթացքում: «10 ամիս հոսպիտալներում պահելու տեղը թող 10 ամիս շուտ զորացրեին,-նեղվում է Սարգիսի մայրը,-դեկտեմբերին որ արձակուրդ եկավ, դրանից հետո տարանք Երեւան՝ էնտեղ նոր հասկացել են ինչն ինչոց է»:

«Ընձի կթվա պատճառներից մեկը կլիման էր, մյուսը չափից դուրս կոպիտ բատինկեքը՝ համ շատ անհարմար են, հետն էլ շուտ շարքից դուրս գուկային՝ կքայքայվեին, չնայած մեզի կուդային 6-8 ամսվա համար: Ու ըմբես է, օր եթե զինվորական գույքին վնաս եղավ, կարեւոր չէ հագուստ, թե այլ բան՝ դու պիտի կրկնակի հետ տաս ու դա քո ծնողի վրա է, ոչ թե իրենց: Զինվորական կոշիկդ հանկարծ պատռավ՝ ուրեմն պիտի զանգես տուն առնեն ղրկեն՝ իրենք դրա տերը չեն; Իմ բատիկեքը չհասցրեցին փչանալ, ինչխ կային ըդպես հետս բերել եմ, որովհետեւ ավելի շատ հոսպիտալներն էի, քան թե զորանոցում»,-Սարգիսը ժպտում է:

Սարգիսը զորացրվել է 2016թ-ի ապրիլի 26-ին՝ կարելի է ասել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է ծառայության վերջին 4 ամիս 10 օրը: Սարգիսին հանձնված զինգրքույկում նշված է, որ տղան պիտանի չէ զինվորական ծառայության խաղաղ պայմաններում, պիտանի է սահմանափակումով՝ պատերազմի ժամանակ: Սարգիսի ծնողները համոզված են, որ տղայի նման հիվանդությամբ դեպքում նրան հաշմանդամության 3-րդ կարգ է հասնում, սակայն օրենսդրորեն դա անհնար է: Համարվում է, որ «Երեւանյան» հիվանդություն ունեցող անձինք ճիշտ է, ողջ կյանքում ստիպված են դեղորայք օգտագործել, սակայն ի վիճակի են աշխատելու եւ ինքնուրույն կեսակերպ վարելու:

Տանաշյանների 6 անձինց բաղկացած ընտանիքն ապրում է տնակում, թեպետ չունի անօթեւանի կարգավիճակ: 50-ամյա Լալա Ստեփանյանն ինչպես ավագ որդին՝ 3-րդ կարգի հաշմանդամ է, Խորեն Տանաշյանը մշտական աշխատանք չունի, ընտանիքի հիմնական եկամուտը Լալայի եւ Հովհաննեսի հաշմանդամության թոշակն ու անչափահաս երկու դուստրերի համար տրվող ընտանեկան նպաստն է: Սարգիսը մինչեւ զորակոչվելը առաքիչ է աշխատել, հիմա էլ պատրաստ է վերադառնալ նախկին աշխատանքին, եթե պայմանները բավարարեն: Սարգիսը հիվանդության հետ կապված որեւէ դեղորյաք չի ստանում, ասում է՝ առաջարկել են կրկնակի բժշկական հետազոտություն անցնել:

«Հիմա մեզ ասում են, որ Սարգիսը պիտի նորից ինչ որ անալիզներ հանձնի, ստուգումներ անցնի, որ բուժում նշանակեն,-ասում է Լալա Ստեփանյանը,-էդքան ստուգում են արել, դիագնոզը գրել են, հիմա էլ ի՞նչ ստուգումներ են ուզում չենք հասկանում, չէ որ դրա համար էլ է գումար պետք, որ մենք չունենք էս պահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter