Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Ինչո՞ւ են խփում ժամանակակից գրականության թիկունքին». գրաքննադատը՝ նախարարության մտադրության մասին



Հարցազրույց գրաքննադատ, «Գրանիշ» գրական կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանի հետ

-Հասմիկ, օրեր առաջ «Ֆեյբսուքում» գրառում էիք արել, որ սխալ եք համարում մշակույթի նախարարության կողմից ժամանակակից հայ գրականությունը պետական աջակցության ծրագրից հանելու մտադրությունը: Նախարարության կողմից որևէ հայտարարություն դեռևս չի եղել այդ մասին, կայի՞ն հիմքեր դրա համար:

-Պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց քննարկումներ կան: Քանի որ ինքս հրատարակիչ եմ, «Գրանիշ» ՀԿ-ի միջոցով գրքեր եմ ներկայացրել, որոնք նախնական պայմանավորվածությամբ պետք է անցնեին (խոսքը մշակույթի նախարարության կողմից ժամանակակից հայ գրականության հրատարակման գործին ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին է- հեղ.): Նախարարությունից ինձ տեղեկացրել են, որ այդ գրքերը կարծես թե այլևս չեն անցնում, որովհետև փոխվում է ֆինանսական ոլորտը:

2008-ից մշակույթի նախարարությունը ժամանակակից գրականության, թարգմանության, նաև դասական գրականության տպագրության համար պետական աջակցություն է տրամադրել հրատարակիչներին և գրողներին: Սկզբում եղել է Հայաստանի գրողների միության հրատարակչությունը, հետո հրատակիչները շատացան, նաև փոքր հրատարակիչներ հայտնվեցին, որոնք, ըստ էության, թարմություն բերեցին:

-Քանի՞ հրատարակիչ կա այսօր Հայաստանում:

-Ըստ էության, 30-40 հրատարակիչ կա, բայց ժամանակակից գրականության պարագայում հրատակիչները շատ քիչ են, մատների վրա կարելի է հաշվել:

Պետաջակցությունը նախատեսում էր գրքի ոչ ամբողջական ֆինանսավորում՝ 60-70 տոկոս (թիվը հստակ չեմ հիշում), ներդրման մյուս մասը կատարում էր հրատարակիչը: Այդ գումարը, ըստ էության, բավարարում էր, մանավանդ թուղթ ներկրող, մեծ տպարան ունեցող հրատարակչին գիրքը հրատարակելու համար, այսինքն՝ գովազդային մասն ապահովելու, վաճառելու համար: Գրքի հրատարակումն էժան էր իր համար, և պետաջակցությունը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր, որ աջակցի ժամանակակից հեղինակին: Այս դեպքում պետությունը՝ որպես խաղացող, հանդես է եկել դաշտը կարգավորելու համար, գրողին մենակ չի թողել: Ի վերջո, գրահրատարակչական այս աշխուժությունը (վերջին 5-6 տարիներին տեսնում ենք, որ հրատարակվել են ժամանակակից հեղինակների գործեր) մասամբ դրա շնորհիվ է եղել: Իհարկե, երբ միայն ՀԳՄ-ն էր անում դա, շատ խայտառակ վիճակում էր: Իրականում այս քայլն ուղղված է դրա դեմ:

-Ինչպե՞ս են ընտրվում գրքերը, որոնք պետաջակցություն են ստանում: Մրցույթ հայտարարվո՞ւմ է դրա համար:

-Գրքերը նախարարությանը ներկայացնում են հրատակչությունները կամ անհատները: Մշակույթի նախարարությունը ձևավորում է հանձնաժողով, որը որոշում է, թե պետաջակցությամբ որ գրքերն են հրատարակվելու:

-Հանձնաժողովի անդամները նախարարությա՞ն կազմից են:

-Ոչ, տարբեր մարդիկ են: Իմ բողոքն իրականում պետք է մտահոգի գրողներին, որովհետև սա իրենց է ուղղված: Եթե պետաջակցությունը վերացնենք, ժամանակակից գրականությանն այնքան մեծ վնասներ կտանք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել:

-Ձեր գրառման մեջ նշել էիք, որ այդ ծրագրի դադարեցումն ունենալու է վատ հետևանքներ: Ինչի՞ մասին է խոսքը:

-Պետական աջակցության ծրագիրը դադարեցնելու դեպքում գրահրատարակչական դաշտը կդառնա շատ մոնոպոլացված (թարգմանական գրականության մասին չեմ խոսում, այդտեղ պատկերը համաչափ է): Պետության միջոցով փոքր հրատարակիչները քայլ էին մեկնում մեծ հրատարակիչների հետ ժամանակակից գրականություն հրատարակելու գործում, պետությունը խաղացող էր դառնում ոչ թե թելադրողի իմաստով (այսքան ժամանակ չեմ տեսել, որ պետությունն ասեր՝ այս գիրքը տպագրեք կամ մի տպագրեք), այլ տնտեսական իմաստով՝ կանգնում էր այն գրականության թիկունքին, որը վաճառելը դժվար է: Դրա շնորհիվ այսօր ունենք քիչ թե շատ ակտիվացած ժամանակակից գրականության ոլորտ: Ի վերջո, նաև այս փոքր նախագծերով հաճախ կայանում են գրողներ, որոնց պետք է ներկայացնել դրսում, դարձնել գրական Հենրիկ Մխիթարյան կամ Օրհան Փամուկ, եթե ուզում ենք: Մեծ հրատարակիչը ժամանակ և ցանկություն չի ունենալու աշխատել ժամանակակից անհատ հեղինակների հետ, նրանք տարված են մեծ նախագծեր իրականացնելով:

-Իսկ ինչո՞ւ պիտի դադարեցվի պետական աջակցության ծրագիրը: Առաջին հայացքից թվում է, որ այս ոլորտում կամայականությունները կամ չարաշահումները շատ են եղել, և դաշտը մաքրելու նման ձև են ընտրել:

-Իհարկե, մաքրելու խնդիր կա, գիտեմ նաև, թե ի սկզբանե ինչքան չարաշահումներ են եղել այս ոլորտում, որոշ հրատարակիչներ վերցրել են գումարը, նախատեսված ամբողջ տպաքանակը չեն տպագրել, հաճախ ներկայացրել են շատ քիչ օրինակ (պետության օրինակներն են տրամադրել, հրատարակչությունը պարտավոր է տրամադրել 60-80 օրինակ՝ ըստ տպաքանակի) և փողի մի մասը գրպանել են:

-Վերահսկողական մարմին չկա՞:

-Վերջին տարիներին մախինացիաներ անելը շատ դժվար էր, գրողն էլ էր հասկանում, թե իր գիրքն ինչու էր քիչ տպվում: Հարցը հենց այն է, որ վերահսկողությունը ճիշտ չիրականացնելու պատճառով ուզում ենք քանդել մի ոլորտ, որը կայացել է: Ինչո՞ւ չենք կարող իրականացնել վերահսկողություն այդ ոլորտում:

-Ծրագիրը դադարեցնելու դեպքում այդ գումարը որտե՞ղ է ուղղվելու:

-Նախարարի ու հրատարակիչների քննարկումների համաձայն՝ այդ գումարը նախատեսվում է ուղղորդել գրադարանային ֆոնդերին, որոնք այդ նույն գումարով հրատարակիչներից պետք է գնեն այն գրքերը, որոնք հրատարակվել են:

-Այդ դեպքում նույն գումարը հասնելու է հրատարակչին:

-Պարզապես այս դեպքում հրատարակիչն է ընտրելու, թե ում հրատարակի և վաճառի: Որքան պետական ճաշակը վատն է, այս պահին դրան ավելի եմ վստահում, քան անհատական ճաշակին: Ճաշակ թելադրող պետությունից փոխում ենք դիրքը՝ դառնալով ճաշակ թելադրող հրատարակչին: Որքան էլ վստահեմ հրատարակչին, նույնիսկ եթե դա ես եմ, սա գրական դաշտ է, որի առողջ, բազմակողմ զարգացման համար պետք է լինեն տարբեր հրատարակիչներ, տարբեր գրականությունների շահեր ներկայացնողներ: Պետությունը կարծես քիչ թե շատ ապահովում է այդ բազմակողմանիությունը, բայց աջակցության դադարեցման դեպքում դա այլևս չի լինելու: Ըստ էության, այո, հրատարակիչն իր նույն գումարը ստանալու է, բայց այս դեպքում ունենալու է հեղինակության ավելցուկ, և գրողներն անմիջապես գործ են ունենալու իր հետ: Գրողին ուզում եմ պաշտպանել հրատարակչի հետ դեմ-դիմաց հանդիպումից:

Մի տարբերակ էլ կա, որ այդ գումարն ուղղվելու է գրախոսականներ գրելուն: Այս ոլորտն, իրոք, բաց է, որովհետև գրականագետները և շահագրգիռ կողմերը չեն ուզում նստել և անվճար գրախոսական գրել գրքի մասին, ի՞նչ շահ ունեն, իրենք գոնե ֆինանսապես պետք է աշխատանք անեն: Բայց պիտի ստեղծել նաև այդ գրականությունը, որի մասին գրախոսական գրվի:

Այդ նույն մեխանիզմը, որ փոխում ենք, նույն ձևով կարող է կոռուպցիոն ռիսկեր բերի, պայմանավորվածություններ ձեռք բերվեն և այլն: Ամերիկայի օրինակը բերեցին, թե պետությունն ինչու պիտի միջամտի գրահրատարակչական ոլորտին, համաձայն չեմ որևէ հարուստ երկրի օրինակին: Մեր նման փոքր երկրի դեպքում գրականությունն աջակցության կարիք ունի: Եթե Ամերիկայում կամ Գերմանիայում ապրեինք, համաձայն կլինեի, որտեղ շատ հրատարակիչներ կան, և գրականությունը կարող է գտնել իր սպառման տարածքը, բայց մենք այսօր շատ սահմանափակ քանակով ժամանակակից գրականության հրատարակիչներ ունենք:

-Չե՞ք պատրաստվում հանդիպում կազմակերպել հեղինակների, հրատարակիչների և նախարարության հետ:

-Նախարարը կարծես հանդիպումներ կազմակերպել է հրատարակիչների հետ, և այս բոլոր խոսակցություններն այդ քննարկումների արդյունքն են: Չգիտեմ, գուցե պետք է հրավիրել առանձին գրողների, տեսնել, թե արդյոք համաձայն են, որ իրենց թողնեն հրատարակչի հույսին: Հավատում եմ, որ պարոն Ամիրյանն ուզում է լավ գործ արած լինել այս ոլորտում, բայց կայացած ոլորտը քանդել և նոր բան առաջարկել, որտեղ ևս կարող են լինել չվերահսկվող գործարքներ, ճիշտ չէ: Նույն հաջողությամբ գրադարանը կարող է սխալ գիրք գնել:

Մյուս հարցն էլ այն է, թե ինչու ենք խփում ժամանակակից գրականության թիկունքին և ուզում, որ գրադարանը գնի: Արդյոք գրադարանն ակտիվ պրոցեսի խաղացող է այս դեպքում: Ընդունում եմ, որ մեր գրադարանները վատ վիճակում են: Ժամանակակից գրականության զարգացման տարածման համար գրադարանը խիստ սահմանափակ ֆունկցիա է կատարում, և, ի վերջո, գնում է այն, ինչ տպագրվում է: Այնինչ պետք է գնի այս բոլոր օղակներով անցած գրականությունը, որը տպվել է, հեղինակություն ունի, գրախոսական է գրվել, արժեք է ներկայացնում: Միայն բազմաթիվ խաղացողներով մրցակցային դաշտում է հնարավոր առողջ մրցակցություն: Մեր պարագայում գրողին թողնում ենք 3-4 հրատարակչի հույսին, որոնք ցանկություն չունեն այդ գրողին տպագրելու: Ինչո՞ւ ենք զրկում գրողին տպագրվելու հնարավորությունից: Ինչո՞ւ ենք գիրքը տանում, փակում գրադարանի պատերի տակ, եթե կարող են ուրիշ նախաձեռնություններ իրականացնել և գիրքը հասցնել ընթերցողին:

-Ի՞նչ եք առաջարկում անել:

-Միշտ ասում եմ, որ տարիների ընթացքում այս ոլորտը կայացել է, Երևանը 2012-ին գրքի մայրաքաղաք էր հռչակվել, այդ ակցիաներից, գրական ակտիվությունից շատ բան է փոխվել, բայց միևնույնն է՝ սահմանափակ ընթերցողներ ունենք, այն էլ Երևանում: Գրականությունը պետք է ներկայացվի նաև մարզերում, մարզային գրախանութներ պետք է լինեն, գրական քննարկումներ անցկացվեն: Օրինակ, մի մոդել առաջարկեմ, «Պրեսս ստենդը» ոնց է թերթերը ցրում, նույնիսկ երկու օրինակը կարող է հասցնել Կապան, նման կազմակերպություն է պետք ստեղծել, որը փոքր գրախանութներ կակտիվացնի մարզերում, կտանի այդ երկու գիրքը: Գրողներին պետք է տանել, ներկայացնել նաև մարզերում: Երևանի սահմաններից պետք է դուրս գալ, դպրոցներ պետք է գնալ, որովհետև երեխան դպրոցից է սովորում այդ նոր անունը, նոր ստեղծագործությունը, առհասարակ գրականության նկատմամբ սերը պետք է ներարկել դպրոցից: 

Լուսանկարը՝ Հ. Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ասողիկ00:55 - 27 նոյեմբերի, 2016
Խայտառակություն է: Խեղճ գրողները գումար չունեն, որոշ գրողներ նոր են կայանալու, շնորհալիներ կան, ինչու եք քար գցում նրանց ճակատագրին? Փոքր հրատարակչություններ կփակվեն, շատ մարդիկ աշխատավարձից կզրկվեն: Ամեն տեղ էլ վատ գրքեր տպվում են, ինչ անենք, բայց դրանց հետ միասին լավերն էլ են տպվում և վերջիվերջո թող ընթերցողը որոշի... Մի խոսքով պետք չէր այսպիսի սխալ բան որոշել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ