Շաբաթ, 22 սեպտեմբերի

Բազմամշակութային Ղազախստանի հայկական «Արվեստ»-ը


Ղազախստանում վերջին օրերին տեղացած աննախադեպ ձյունը, տեղացիների ասելով` նոյեմբերի համար վաղաժամ, դժվարընթեռնելի է դարձրել Ալմաթիի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող պատկերասրահի հասցեն և անունը: Բնակելի շենքի ճակատային հատվածում միայն հայի համար հասականալի «Արվեստ» անունը կրող արվեստի պատկերասրահի ապակիները և դուռը պաշտպանում ու զարդարում են տեղացի հայ դարբնի սարքած ճաղավանդակներն ու նախշերը:

Հայերեն բարևին ոչ հայկական արտաքինով Գոհարի «բառևը» չի ուշանում: PR գծով տնօրենն է Գոհար Բորյանը: Ավելի ուշ իմանում ենք, որ արվեստի պատկերասրահի հիմնադրի դուստրն է: Ասում է, որ հայերենին ոչ այնքան լավ է տիրապետում, բայց հասկանում ու կարողանում է բացատրել գրեթե ամեն ինչ:

Գոհարը պատմում է, որ չնայած անվանումը հայկական է, բայց պատկերասրահը բազմամշակութային է: Ներկայացված են աշխարհի տարբեր երկրների նկարիչների, ինչպես նաև տեղացիների գործերը: 100-ից ավելի հեղինակների մեջ հայկական ազգանուններ նույնպես կան:

«Մեր պատկերասրահի առանձնահատկությունն այն է, որ ոչ մի նկար չունի կրկնօրինակ, ամեն նկար յուրօրինա է: Դա մեր պատկերասրահի առավելությունն է,- ասում է Գոհարը` արդեն անցնելով ռուսերենին,-ղազախստանցիներին աշխատում ենք ներկայացնել այլ երկրների մշակույթը»:

10-րդ տարին բոլորող արվեստի ցուցասրահը ընդգրկված է Ղազախստանի լավագույն 10 ցուցասրահների ցանկում: Պատկերասրահում միայն նկարներ չեն ցուցադրված. քանդակներ, կեռամիկա, ինչպես նաև սպասքի, տիկնիկների նմուշներ, որոնք ևս բացառիկ են և չեն կրկնվում:

Նմուշները միայն ցուցադրության համար չեն, այլ նաև վաճառվում են: Նկարների արժեքը սկսվում է 70 դոլարից և հասնում մինչև 1000 դոլարի: Հայ հեղինակների նկարները 500-600 դոլարի սահմաններում են:

Իր ողջ տեսականին, որը վաճառքի ենթակա չէ և որտեղ մտնում են շատ ավելի թանկարժեք գործեր, ասել է թե` ոսկե ֆոնդը, պատկերասրահը ցուցադրում է միայն հատուկ օրերին, օրինակ` պատկերասրահի ամենամյա տարեդարձին: Մեկ ամիս շարունակ այդ նմուշները ցուցադրվում են: «Սարյան չունենք, բայց ունենք Սարյանի տեղաբնակ հայ հետևորդ Սարգիս Սանոսյանի աշխատանքները»,- հպարտանում է Գոհարը: Նրա նկարներն արդեն գրեթե անհնար է գտնել, սակայն պատկերասրահի ոսկե ֆոնդում կան:

Պատկերասրահը նաև անհատական, խմբակային և նախաամանօրյա ցուցադրություններ, մաստեր-կլասներ է կազմակերպում տարբեր խմբերի համար: Անվանի արվեստագետներ են իրենց հմտությունները և յուրահատկությունները փոխանցում հետաքրքասերներին:

Այս տարվա սեպտեմբերին Ալմաթիի թանգարանի նախաձեռնությամբ տարբեր երկրներից նկարիչներ են հրավիրվել, Ղազախստանի տեսարժան վայրերն այցելել և այնտեղից նկարներ արել: Այդ նախագծի շրջանակներում Հայաստանից ևս նկարիչներ են ժամանել: «Միշտ երազում էինք, որ հայ նկարիչը պատկերի Ղազախստանն իր գույներով, որովհետև դպրոցները տարբեր են, և հայ նկարիչների գույներն ավելի վառ են ու գունեղ: Իսկ տեղական դպրոցն ավելի դասական է, զուսպ»,-ասում է Գոհարը: Այդ նմուշներն այժմ զարդարում են նաև «Արվեստի»-ի պատերը: 

Գագիկ Ավետիսյանի «Պանֆիլովի անվան զբոսայգին»

 Սպարտակ Գևորգյանի արձանիկների կողքին նաև ադրբեջանցի արվեստագետների` Իննա Կոստինայի և Ուջալ Ախվերդիևի աշխատանքերն են: «Մենք նկարներում չենք տեսնում ազգություններ, մենք տեսնում ենք միայն նկարը: Այստեղ բոլոր սահմանները ջնջվում են»,- ասում է Գոհարը:

Գոհարը պատմում է, որ չնայած հայկական անվանը, տեղացի հայերն ավելի քիչ են այցելում իրենց պատկերասրահը: Փոխարենը այլազգի այցելուներն են շատ: Մեր զրույցն ընդհանտում են Կանադայից եկած այցելուները: Էլմիրա Ասկերովան, պատկերասրահի արվեստի գծով տնօրենը, սկսում է ցույց տալ հյուրերին հետաքրքրող հեղինակներին: Նրանց որոշ գործեր գտնվում են պատկերասրահից ոչ հեռու գտնվող ստուդիայում: Էլմիրան շտապում է այդ նմուշներն էլ բերել ստուդիայից հյուրերին գոհացնելու համար:

Այդ ընթացքում ցուցասրահ է մտնում նաև «Արվեստի» տիրուհին` Ռիմա Ցականյանը և սկսում օգնել աշխատակիցներին հյուրերին սպասարկելու հարցում: Շինարարական ընկերությունում աշխատելիս տիկին Ռիման միշտ երազել է ցուցասրահ բացելու մասին: Ի վերջո, 2007թ. կարողացել է իր երազանքը կյանքի կոչել: Գնել է տարածքը, վերանորոգել, կահավորել և սկսել համալրել այն: «Պատկերասրահ պահելը դժվար է Ղազախստանում: Դա այն բիզնեսը չէ, որ ասես, որ հերթ են կանգնում նմուշները գնելու համար: Դա ավելի հոգևոր է և ինձ շատ է դուր գալիս»,- ասում է Ռիմա Ցականյանը:

Սկզբում նպատակ է ունեցել ամբողջական հայկական պատկերասրահ դարձնել այն, սակայն ավելի ուշ տիկին Ռիման հասկացել է, որ դա միատարր կլինի և ավելի քիչ այցելուներ կգրավի և հետզհետե մշակութային և աշխարհագրական շրջանակն ավելացրել է:

Նա 23 տարի շարունակ շինարարական ընկերությունում է աշխատում: Բիզնեսի տեսակետից, տիկին Ռիմայի խոսքով, պատկերասրահը մեծ եկամուտներ չի բերում, բայց կարողանում է ինքնածախսածածկվել: Տարածքի համար վարձ չի տալիս, բայց կոմունալ, աշխատավարձի և անվտանգության և այլ ծախսերը նույնպես փոքր գումար չեն կազմում: «Ամեն ինչ չէ, որ գումարի համար պետք է անել, սա գեղեցիկ գործ է և կարևորը, որ սիրում եմ: Ես աշխատում եմ արվեստի տեսակետից մոտենալ»,- ասում է նա:

Տիկին Ռիման և ամուսինը Հայաստանից տեղափոխվել են որպես երիտասարդ մասնագետներ Ղազախստանում երեք տարի աշխատելու պայմանով, սակայն արդեն 33-րդ տարին է` Ալմաթիիում են ապրում: Հայաստանում մանկավարժություն է սովորել, այնուհետև աշխատանքում անհրաժեշտ մասնագիտացում ունենալու համար Ղազախստանում մանկավարժական հոգեբանության և իրավաբանական ֆակուլտետներ է ավարտել: Մշտապես հետաքրքրվել է արվեստով: Այցելել աշխարհի հայտնի թանգարաններ և պատկերասրահներ: Գլխավորում է Ղազախստանի հայ կանանց խումբը:

Ղազախստանում պաշտոնապես 25 հազար հայ է հաշվարկվում: Հայկական համայնքը սկսել է ձեւավորվել 19-րդ դարի 2-րդ կեսին: Հայ համայնքի մասին խոսելիս տիկին Ռիման նշում է, որ այն երկու մասի է բաժանված: Ալմաթիիում 2006թ. տեղացի գործարար Արտյուշ Կարապետյանի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին 2014թ. մարտին  փակվեց քահանայի հետ Կարապետյանի հարաբերությունների պատճառով, Մարկոս քահանա Սարգսյանը տեղափոխվեց Աստրախան, փակվեց եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը և այնտեղ գործող խմբակները, ինչը հայկական համայնքի մի մասի շրջանակներում դժգոհություններ առաջացրեց և պառակտեց համայնքը:

Եկեղեցու լուսանկարը` wikipedia-ից

Տիկին Ռիման ևս դուրս է եկել Ղազախստանի «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցացիայից, և երկու տարի առաջ մի խումբ հայերի հետ հիմնել են Ղազախստանի հայերի «Մասիս» ասոցիացիան: Գործում է նաև կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսուցանում են հայերեն: Տիկին Ռիման ասում է, որ համայնքը կրկին փորձում է ինքնակազմակերպվել և սկսել է գործ անել: Իսկ մինչ այդ արվեստի «Արվեստ» պատկերասրահը փետրվարին նշելու է իր տասնամյակը:  


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. ARTUR22:28 - 24 նոյեմբերի, 2016
ПРОТОКОЛ собрания армянского культурного центра «Луйс» г. Алматы 29 февраля 2004 г. Присутствовали : 20 человек Повестка дня: 1 О создании нового ансамбля армянского национального танца «Арарат» – докладчик Арутюнян Анаит; 2 Вопрос возврата долга за строительство Армянского Дома Карапетяну А.М. По первому вопросу Арутюнян Анаит – есть хореограф из Армении Аветис с его помощью мы хотим создать ансамбль танца, чтобы дети танцевали армянские танцы. Есть предложение назвать ансамбль «Арарат». По второму вопросу Мнацаканян Р.Г. – мы попали в критическую ситуацию. В самом начале строительства деньги на строительство давал Карапетян А.М.. Давал в долг, с тем, что через год мы ему эту сумму вернем. Мы рассчитывали получить эту сумму от армянской общины из Англии – они обещали дать на строительство Дома, но они нас обманули. Не дали ни копейки. Теперь Карапетян требует возврат долга, это 11 000 $. Из этих денег 195 000 тенге было отдано ансамблю «Экзерсис». Как нам вернуть эти деньги? В случае не возврата денег Карапетян обещает забрать Дом под свои нужды. Карапетян А.М. – Если говорить точно, то долг составляет 1 695 000 тенге, и за это время набежали штрафные в сумме 3 000 000 тенге. Когда я получу деньги? Мнацаканян Р.Г. – для того, чтобы наши совместные усилия по строительству Дома не пропали даром, сумму в 10 000$ я отдам из своих денег, а остаток Карапетян пусть спишет. Так же пусть простит штрафные деньги, т.к. такие огромные штрафы за год – это не серьезно. Председатель АКЦ «Луйс» Мнацаканян Р.Г. Секретарь Константинова Т.М.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։