HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Երևանի ո՞ր սրճարաններում չեն ծխում. ցույց է տալիս «Smoke Free» քարտեզը

«Հիմա մենք ինչպե՞ս սրճարան գտնենք, որտեղ չեն ծխում» երբեմնի հռետորական հարցն արդեն հնարավոր ու իրական պատասխան է ստանում «Smoke Free» (Ծխից ազատ տարածք) քարտեզի շնորհիվ։ Քարտեզի հեղինակը Արթուր Դոլմաջյանն է, որը երկու տարի է, ինչ վերադարձել է Կանադայից ու Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում։ Կանադայում Արթուրը սովորել է Մքգիլ համալսարանի «Քաղաքացիական շինարարություն» բաժնում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո սկսել է հետաքրքրվել ու զբաղվել նաև ծրագրավորմամբ։ Միավորելով քարտեզագրման ու ծրագրավորման գիտելիքները՝ Արթուրը ստեղծել է քարտեզ, որի միջոցով հնարավոր է կողմնորոշվել՝ Երևանի որ սրճարաններում, փաբերում, ռեստորաններում է կարելի ծխել և որտեղ է այն արգելված։

Առցանց քարտեզի վրա կանաչ գույնով նշված են այն վայրերը, որտեղ ծխելն արգելված է, կարմիրով են նշված այն տարածքները, որտեղ ծխելը թույլատրելի է, նարնջագույն նշանները ներկայացնում են այն սրճարաններն ու փաբերը, որոնք ունեն հատուկ առանձնացված սրահներ ծխողների և չծխողների համար։ Մոխրագույնով նշված ժամանցի վայրերի մասին տեղեկություն դեռ չկա, սակայն դա լուծելի խնդիր է։ Քարտեզը ստատիկ չէ. բոլոր մարդիկ հնարավորություն ունեն նշումների միջոցով քարտեզի վրա ավելացնել տեղեկություն ինչ-որ սրճարանի կամ փաբի մասին, իսկ «OpenStreetMap»-ում հաշիվ ունեցողները կհաստատեն փոփոխությունը։ Ինչպես նշում է Արթուրը՝ մի քանի տարի առաջ մարդիկ փորձել են նման ծրագրեր իրականացնել, բայց չի ստացվել, որովհետև չի եղել փոփոխություններ անելու հնարավորություն, ու բավարարվել են կոնկրետ թվականի որևէ ամսվա մասին տեղեկություն հայտնելով, մինչդեռ հիմա դա այլևս խնդիր չէ։ Բացի այդ, Արթուրը ընկերների հետ պատրաստվում է «հեքըթոն»-ի փոխարեն «մեփըթոն» (անգլերեն map` քարտեզ բառից) կազմակերպել, որի շրջանակում մեկ ամբողջ օր կշրջեն տարբեր սրճարաններում, կհավաքագրեն տեղեկություն, որի հիման վրա էլ մոխրագույնները կփոխարինեն մնացած երեք գույնով։

Արթուր Դոլմաջյանը

Արթուրն այս ծրագրի իրականացման հարցում երեք բան է կարևորում՝ հատուկ ուշադրություն դարձնել քրաուդսորսինգին, երբ ծրագրի իրագործման համար անմիջական ներդրում են ունենում տարբեր ու բազմաթիվ մարդիկ, ստեղծել բաց տվյալներ և, հիմք ընդունելով այս երկու կետերը, լուծել կոնկրետ խնդիր։ Արթուրի խոսքերով Հայաստանում շատ է նկատվում բաց տվյալների պակաս, և նմանատիպ գուցե փոքր թվացող նախագծերի միջոցով հնարավոր է հասնել այդ խնդրի լուծմանն ու տարածել հնարավոր տվյալները հանրային դարձնելու մշակույթը։

Այս ինտերակտիվ ու դինամիկ քարտեզը տվյալներ է հավաքագրում «OpenStreetMap»-ից, որը, Արթուրի դիտարկմամբ, սովորական քարտեզից վերածվել է մարդասիրական նախագծեր իրականացնելու գործիքի. «Հայիթիի երկրաշարժից հետո, երբ պետք է սկսվեին փրկարարական աշխատանքները, սակայն չկար հստակ ու նոր քարտեզ, մարդիկ միավորվեցին և «OpenStreetMap»-ի վրա նկարեցին ամբողջ մայրաքաղաքը, որի հիման վրա էլ փրկարարները սկսեցին գործել։ Այսինքն՝ թվում է՝ դու միայն քո բնակության վայրի քարտեզագրմամբ պետք է անհանգստանաս, բայց շատերն ավելի լայն են մտածում։ Մասնագետները քարտեզագրում են նաև այն քաղաքները, տարածաշրջանները, որտեղ շատ են բնական աղետները, որպեսզի իմանան՝ նման դեպքերում որ հատվածներն են ավելի խոցելի՝ կանխիչ աշխատանքներ նախաձեռնելու համար։ Սա վառ օրինակն է այն բանի, որ քաղաքացիների կողմից հավաքագրված տվյալները կարող են մեծ փոփոխությունների հիմք դառնալ։ Ես էլ իմ նախագիծն իրականցանում եմ հիմք ընդունելով հենց այդ առցանց հարթակը»։

Ընդամենը երկու շաբաթ է, ինչ քարտեզը հայտնվել է առցանց տարածքում, բայց հասցրել է շատերին հետաքրքրել։ Արթուրը կարծում է, որ ուշադրությունը պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանում ժամանցի վայրերում ծխելը դեռ արգելված չէ, կամ օրենքով չի կարգավորվում՝ որ տարածքներում կամ կոնկրետ վայրից որքան հեռավորության դեպքում կարելի է ծխել, ինչն էլ շատերին է ստիպում փնտրել ու գտնել սրճարաններ կամ ռեստորաններ, որտեղ կարող են վայելել իրենց ժամանակը՝ առանց ծխախոտի ծխի։ Չնայած քարտեզը հարմարեցված է տարբեր տեխնիկական միջոցներով օգտվելուն՝ հետաքրքրվածներն Արթուրին շատ են հարցնում՝ ինչո՞ւ չկա քարտեզի հավելվածը, իսկ Արթուրը պատասխանում է, որ ինքը զբաղվում է միայն վեբ ծրագրավորմամբ ու եթե իրեն միանա նաև մոբայլ ծրագրավորող, ապա այդ հարցն էլ կլուծեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter