ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Իշխող կուսակցության անդամներն ընդլայնում են պետգնումներին իրենց մասնակցությունը



2015թ. ՀՀ կառավարությունը առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Արագածոտնի մարզին հատկացրել է 300 մլն դրամ: Այդ գումարից 7 մլն դրամը հատկացվել է համայնքներին՝ որպես կապիտալ սուբվենցիա, իսկ 50 մլն դրամը՝ ընթացիկ սուբվենցիա համայնքներին: Մնացած 243 մլն դրամը, որի մեջ ներառված են նաև նախագծահետազոտական աշխատանքները, տեխնիկական և հեղինակային  հսկողության ծախսերը, ուղղվել են մարզի համայնքներում 24 շինարարական ծրագրերի իրականացմանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Արագածոտնի մարզպետարանից:

Մարզպետարանի փոխանցմամբ, յուրաքանչյուր ծրագրի համար կապալառու կազմակերպության ընտրությունը կատարվել է մրցութային եղանակով:  2015թ. նախատեսված բոլոր ծրագրերն ավարտվել են:

Եթե նախորդ տարիներին Արագածոտնի մարզում խոշոր ծրագրերի մրցույթներում հաղթող էր ճանաչվում Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ «Ես և Նա» ՍՊ ընկերությունը, ապա 2015-ին պատկերը փոխվել է:

Շինաշխատանքները հիմնականում իրականացրել են «Աշկար», «Աբակ», «Գրէդշին», «ՎԷՌԼ», «Ցող Աստղ» ՍՊԸ-ները, «Աշտարակշին» ԲԲԸ-ն և այլն:

«Աշկար» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ բաժնետերը Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ Տարոն Եփրեմյանն է: Նա ընկերությունը հիմնադրել է 2005թ.:

Նշենք, որ Տարոն Եփրեմյանը Հանրապետական կուսակցության Ֆանտանի սկզբնական կազմակերպության նախագահն է:

«Աբակ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը՝ երևանցի Սարդար Ադամյանը, ևս Հանրապետական կուսակցության անդամ է: Նա նաև Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող թիվ 108 միջնակարգ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այս դպրոցի խորհրդի անդամ է նաև Գալուստ Սահակյանի որդին՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Գրէդշին» ՍՊԸ-ն ամբողջությամբ պատկանում է մարզի Փարպի գյուղի բնակիչ Գրիգոր Կարապետյանին: Ընկերությունը հիմնադրվել է 2009թ., սակայն Գ. Կարապետյանը ընկերության միակ բաժնետեր է դարձել 2015թ. ապրիլին:

Նշենք, որ դեռևս 2015թ. ԴԱՀԿ Արագածոտնի մարզային բաժնում վարույթ է հարուցվել «Գրէդշին» ՍՊԸ-ի նկատմամբ՝ հօգուտ պետական բյուջեի 1 մլն 333 հազար դրամ բռնագանձելու պահանջով: 

«ՎԷՌԼ» ՍՊԸ-ն պատկանում է Աշտարակ քաղաքի բնակիչներ, ամուսիններ Վարդան Հարությունյանին և Ռոզա Ղուկասյանին՝ 90 և 10 տոկոս հարաբերակցությամբ: Ընկերությունը հիմնադրվել է 2006թ.:

2014թ. դեկտեմբեր ամսից «Ցող Աստղ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Լուսինե Մարգարյանն է: Մինչ 2001-2014 թվականները ընկերության միակ բաժնետերը եղել է եղբայրը՝ Արայիկ Մարգարյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ