HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թոշակի ու նպաստի հույսին

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում  աղքատների ընդհանուր թիվը 2015 թվականին կազմել է  մոտ 900 հազար մարդ։ Այսինքն՝ գրեթե ամեն երրորդ բնակիչն աղքատ է, եթե հավատանք նույն պաշտոնական տվյալներին այն մասին, որ ՀՀ բնակչության թիվը կազմում  է մոտ 3 մլն մարդ։ Այս համատեքստում կենսաթոշակներն ու նպաստները կենսական կարևորություն ունեն բնակչության համար։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) հաշվարկել ու եզրակացրել է, որ եթե դրանք դադարեցվեն, իսկ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության մակարդակը Հայաստանում 29.8%-ից կհասնի 43.7%-ի։

Ընդ որում՝ ազդեցությունն առավել նկատելի կլինի ծայրահեղ աղքատ բնակչության համար: «Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների վճարումը, իսկ ծայրահեղ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա ծայրահեղ աղքատության մակարդակը 2.0%-ից կբարձրանա 18.2%-ի»,-  կարդում ենք ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։

Սոցիալական տրանսֆերտները ներառում են կենսաթոշակները և դրամական սոցիալական աջակցությունը: Երկրորդի ներքո պետք է հասկանալ հիմնականում ընտանեկան նպաստը։

Նախորդ տարի Հայաստանում սոցիալական նպաստների և կենսաթոշակների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 391 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7.8%-ը։ Տարեցտարի այս գումարն աստիճանաբար աճել է։

Տվյալները՝ ԱՎԾ զեկույցներից

2015 թվականին կենսաթոշակներն ու նպաստները կազմել են Հայաստանի տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով ամսական ամբողջական եկամտի 16.7%-ը։ 2008 թվականի համեմատ այս ցուցանիշն էական փոփոխություն չի կրել՝ աճել է 0.2 տոկոսային կետով։ Ընդ որում՝ սոցիալական տրանսֆերտները եկամտի կարևոր աղբյուր են եղել հիմնականում Երևանից դուրս քաղաքաբնակ տնային տնտեսությունների համար՝ 17.4%, իսկ երևանաբնակների և գյուղաբնակների համար սոցիալական տրանսֆերտները կազմել են միջին ամսական եկամտի 14.2 և 13.3 տոկոսը:

Զեկույցի այս հատվածում, թերևս, ամենաուշագրավ ցուցանիշներից է այն, որ վիճծառայության հարցումների ժամանակ Հայաստանում տնային տնտեսությունների 54%-ը նշել է, որ կենսաթոշակներն իրենց համար եկամտի աղբյուր են, 13.5%-ը որպես եկամտի աղբուր նշել է ընտանեկան նպաստները, 1.7%-ը՝ երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված նպաստները և 2.1%-ը՝ այլ նպաստները։ Այսինքն՝ կեսից ավելին թոշակների հույսին է ապրում։ Թեև զեկույցում չի նշվում, որ խոսքը հիմնական աղբյուրի մասին է, սակայն դժվար չէ կռահել, որ թոշակներն ու նպաստները շատերի համար եկամտի հենց հիմնական աղբյուրն են։

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները վկայում են, որ ընտանեկան նպաստը շատ կենսական է Շիրակի, Լոռու, Արարատի և Կոտայքի մարզերի ծայրահեղ աղքատ բնակչության համար, քանի որ ընտանեկան նպաստի չվճարման դեպքում ծայրահեղ աղքատ բնակչության տեսակարար կշիռը կավելանա 1.5-8.5 տոկոսային կետով: 

Մեկնաբանություններ (1)

էվելինա
31600 դրամով միթե կարելի է ապրել ու հետաքրքիր է ով այս հաշվարկի հեղինակը ,որին վճարել են գուցե տասնապատիկ անգամ ավել իր գլուխգործոցի համար ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter