HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բազմաբնակարան շենքերի պահպանության Արթիկի փորձը

Արթիկի համայնքապետարանը և բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացնող համատիրությունը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ վարկային ծրագիր կիրականացնեն՝ բազմաբնակարան երկու շենքերի տանիքը, մուտքերի դռները եւ պատերը նորոգելու համար: Շենքերի բնակիչները, համայնքապետարանը եւ բանկը համաձայնություն են ձեռք բերել 2 մլն 500 հազար դրամ վարկ ստանալու շուրջ: Նշված գումարի մոտավորապես 50%-ը հատկացվելու է Արթիկ համայնքի բյուջեից, իսկ 50%-ը կվճարեն բնակիչները՝ 3 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր ընտանիք ամսական վճարելու է 2000 դրամ: Բնակիչների վճարած գումարը հետագայում ներառվելու է որպես համատիրության սպասարկման վճար:

Հետխորհրդային ժամանակաշրջանում Արթիկ քաղաքի բազմաբնակարան շենքերում վերանորոգման եւ բակերի բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել: 1990-ական թվականների սկզբին, երբ երկիրը գտնվում էր շրջափակման մեջ եւ բնակարաններն էլեկտրաէներգիայով ու գազով ջերմացնելու հնարավորություն չկար, բնակիչներից ոմանք սղոցել են նաեւ շենքերի տանիքի ծածկի փայտերը, իսկ մյուսները լռելյայն թույլ են տվել: Արթիկում բնակիչների հիմնական մտահոգությունը բազմաբնակարան շենքերի վիճակի վատթարացումն է, սակայն նրանցից շատերն ի վիճակի չեն վճարել բնակֆոնդի պահպանման եւ վերանորոգման աշխատանքների համար:

Միաժամանակ, անվստահություն կա համատիրությունների նկատմամբ, համատիրության կառավարմանը բնակչության մասնակցությունը ձեւական բնույթ է կրում, հավաքագրված վճարներն արդյունավետ չեն տնօրինվում: Ցածր է համատիրությունների գործունեության, ինչպես նաեւ իրենց լիազորությունների ու պարտականությունների մասին բնակիչների իրազեկվածության մակարդակը:

Արթիկի համայնքապետարանը մեկ տարի առաջ սկսել էր իրականացնել «Համայնքային բազմախոսություն Արթիկ քաղաքում համայնքային ծառայությունների վերաբերյալ» ծրագիրը՝ համայնքի կառավարմանը քաղաքացիներին մասնակից դարձնելու եւ բնակիչների հիմնական մտահոգություններին ծանոթանալու նպատակով: Տարբեր ձեւաչափի քննարկումներ են իրականացվել՝ հանրային քննարկում, համայնքային ժողովներ, էլեկտրոնային եղանակով հարցումներ եւ այլն, որոնց ժամանակ, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները կարեւորել են բազմաբնակարան շենքերի պահպանությունը:

Բնակիչները, սակայն հայտնել էին, որ շենքերի վիճակի բարելավումը համայնքապետարանի պարտականությունն է:

«Մենք որեւէ իրավական պարտականություն չունենք շենքերը վերանորոգելու կամ դրա հետ կապված որոշակի աշխատանքներ կատարելու: Բնակիչներն ստեղծել են համատիրություն՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն եւ շենքի մուտքերի, տանիքի վերանորոգումն իրենց պարտավորությունն է: Բայց, քանի որ խոսքը մեծ գումարների մասին է, համայնքապետարանը փորձում է գտնել դոնորներ, որպեսզի այդ աշխատանքներն արվեն»,- ասում է Արթիկի արդեն նակին համայնքապետ Արսեն Աբրահամյանը:

Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Մելսիդա Կիկոյանն ասում է, որ մարդկանց մեծ դժվարությամբ են ներգրավել ժողովներին, հետո սկսեցին քիչ-քիչ ակտիվանալ: Դա բնական է համարում, քանի որ համայնքում այս ձեւաչափի գործընթացներ չէին իրականացվել եւ չկար այդ մշակույթը, հետեւաբար, բնակիչները նախնական շրջանում չունեին վստահություն, որ իրենց բարձրացրած հարցերը լուծում կստանան:  

Մելսիդա Կիկոյանը (ձախ) Արթիկի բնակիչներից մեկի հետ

Արթիկը Հայաստանից ընտրված 4 համայնքներից (Ուրցաձոր, Արթիկ, Ախթալա եւ Վարդենիկ) մեկն է, որն ընդգկված է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի «Քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններ» ծրագրում: Հիշյալ ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվեցին աշխատաժողովներ, որոնց ժամանակ եվրոպացի փորձագետները հայաստանցի գործընկերներին ուսուցանեցին՝ ինչպես մշակել մեխանիզմներ, որոնք կապահովեն քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը, աջակցել համայնքներին պլանավորել, նախագծել եւ իրականացնել կայուն ծրագրեր, որոնք հնարավոր կլինի տեղայնացնել այլ համայնքներում, փոխանցեցին եվրոպական այլ երկրների համայնքների հաջողված փորձը:

Ըստ այդմ՝ Արթիկում մշակվել են տեղեկատվական թերթիկներ եւ բաժանվել են տուն առ տուն՝ բնակիչներին ծառայություններ ստանալու վերաբերյալ իրենց իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելու նպատակով: Ծրագրի պատասխանատուները գոհ են արդյունքներից՝ հանրային իրազեկության քարոզարշավը տվեց իր արդյունքները, բնակչության հետ երկրորդ հանդիպումն ավելի կառուցողական է եղել:  

Պրն. Աբրահամյանը հիշում է, որ հանդիպումների եւ մեծ ժողովների ժամանակ, բնակիչները մեկը մյուսին ասում էր, թե ոչ մի լումա չի տա տանիքի նորոգման համար, իսկ անհատական հանդիպումների, զրույցների ընթացքում պարզվեց, որ միանգամայն պատրաստակամ են մասնակցելու աշխատանքներին: Նա համոզված է, որ երբ բնակիչները մասնակից են՝ շահագործման, հետագայում նաեւ պահպանման հարցում սրտացավ կլինեն, կհետեւեն շենքի պահպանությանը, եւ ամեն բնակիչ ինքը կդառնա հսկիչ:

Արսեն Աբրահամյանը (ձախից` երկրորդը)

«Երբ սկսում էինք ծագիրը, իմ պատկերացումները ժողովրդի մասին՝ նրա վարքագծի, մտածելակերպի մասին այլ էին, ընթացքում լրիվ փոխվեց: Պարզվեց, որ մարդիկ շատ առողջ մտածելակերպ ունեն: Թերեւս հոգեբանական պահ է, երբ բազմամարդ ժողովներում չեն արտահայտվում, բայց անհատական խոսակցության ժամանակ պատրաստ են ամեն ինչ ասելու: Սրանից ինձ համար պարզ դարձավ, որ որոշումներ կայացնողի համար շատ կարեւոր է, որ իր որոշումները հասկանալի լինեն»,- ասում է Ա. Աբրահամյանը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն համայնքին օգնելու է դրամաշնորհային ծրագրով՝ շենքերի մուտքերը ջերմամեկուսացվելու են, եւ դա հնարավորություն կտա բնակիչներին ձմռանը, ջեռուցման ժամանակահատվածում մինչեւ 80% էներգախնայողություն ունենալ: Ծրագիրը պիլոտային է, հետագայում Արթիկ քաղաքի բոլոր շենքերն ընդգրկվելու են այս ծրագրում:

Արթիկում իրականացված ծրագիրը բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված լավագույն եւ օրինակելի գործելակերպ է, որն ընդօրինակել կարող են բոլոր քաղաքային համայնքները, այդ թվում նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի կառավարումը հանձնված է համատիրություններին, որոնք քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի բնութագրմամբ՝ կայացած չեն:

Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարում իրականացնող մարմինը՝ քաղաքապետարանը, շատ լավ գիտի, որ համատիրությունների ֆինանսական միջոցները բավարար չեն 20 եւ ավելի տարիներ կուտակված խնդիրները լուծելու համար, եւ շենքերի պահպանումը հնարավոր չէ առանց լրացուցիչ ֆինանսական օժանդակության: Քաղաքապետարանը համատիրությունների ձեւավորման օրից ի վեր ոչինչ չի ձեռնարկել այդ կառույցների` որպես անկախ միավոր կայանալու եւ իրենց գործառույթներն իրականացնելու համար: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի հետ նրանք նույնպես համագործակցում են, սակայն դա զանգվածային բնույթ չի կրում: Ժամանակ առ ժամանակ հայտարարում են համատիրություններին վերապահված գործառույթները կատարելու մասին՝ շքամուտքերի, տանիքների, շքապատշգամբների վերանորոգում եւ այլ աշխատանքներ, բայց՝ ընտրողաբար:

Երեւանում համատիրությունների գործունեությունը, լավագույն դեպքում, «պարտադիր նորմի» գումարները գանձելու համար դատական հայցեր հարուցելն է: Նրանք ժեկից համատիրություն դառնալու ճանապարհն ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել: Բնակչությունն էլ իրազեկված չէ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» եւ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներով տրվող կարգավորումներին, իսկ հիշեցնելու դեպքում համատիրությունը փոխադարձաբար հիշեցնում է 20 տարվա վաղեմության պարտքերի մասին: Կոմունալ սպասարկման ոլորտին վերաբերող ցանկացած հարց հայտնվում է քաղաքապետարան-վարչական շրջանի աշխատակազմ-համատիրություն-«Երեւան ջուր» սարդոստայնում: Բազմաբնակարան շենքերն օր-օրի վթարային են դառնում, եւ Արթիկի քաղաքապետարանի կիրառած փորձի ընդօրինակումը դրանից խուսափելու լավագույն լուծումը կարող է լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter