Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ջենիս… կամ բլյուզ՝ տիեզերքում



Ջենիս Ջոփլինի առաջին ստուդիական ալբոմը, որը թողարկվեց «Big Brother and the Holding Company» խմբից հեռանալուց հետո, կոչվում է «Got Dem Ol’ Kozmic Blues Again Mama!»: Սա ոչ միայն երգչուհու առաջին սոլո ալբոմն էր, այլև միակը, որը ձայնագրվեց նրա կենդանության օրոք: Այն լույս տեսավ 1969թ. սեպտեմբերի 11-ին: Չնայած մասնագետների մեծ մասը հիասթափված էր նրա նոր խմբի՝ «Kozmic Blues Band»-ի ելույթներից (մասնավորապես Վուդսթոքի փառատոնում), ալբոմը ընդամենը երկու ամսվա ընթացքում այնպիսի արձագանքներ ունեցավ, որ հասավ ոսկե ձայնագրություն ճանաչվելու կարգավիճակին: «Got Dem Ol’ Kozmic Blues Again Mama!»-ն աշխարհին տվեց ջոփլինյան այնպիսի հիթեր և երաժշտական գոհարներ, ինչպիսիք են «Try», «To Love Somebody», «Maybe», «Little Girl Blue» և, վերջապես, «Kozmic Blues» երգերը: Հետագայում

«Kozmic Blues». սա Ջենիսի տիեզերական ուժով լեցուն երգ և կատարում, որտեղ լեգենդար երգչուհին ներդրել է իր ամբողջ ոգին, այն ամենը, ինչ ունի ու կրում է ներսում՝ ողջ էությամբ: Այս երգը սկզբից մինչև վերջին նոտան ինքն է՝ Ջենիս Ջոփլինը:

«Kozmic Blues»-ը Ջենիսի և պրոդյուսեր, երգահան Գեբրիել Մեկլերի համատեղ ստեղծագործությունն էր: Ջենիսը հեղինակային երգեր շատ քիչ է ունեցել, գրում էր ոչ հաճախ, կարելի է ասել՝ բացառիկ դեպքերում: Եվ այս մեկը, վստահաբար, այդ բացառիկ դեպքերից մեկն էր: Հարցազրույցներից մեկում ինքն էլ մի անգամ ասել է. «Ես չեմ կարողանում գրել, քանի դեռ իրապես էմոցիոնալ, տրավմատիկ հոգեվիճակում չեմ հայտնվում. եթե գրում եմ, ուրեմն ես որոշ բաների միջով եմ անցել ու ահավոր ընկճված եմ»:

«Kozmic Blues»-ն էլ է հաստատում նրա այս խոստովանությունը:

Արտաքուստ վայրի ու անկանխատեսելիորեն խենթ թվացող Ջենիսն իրականում իր այդ կերպարի մեջ հմտորեն փորձում էր թաքցնել չափազանց փխրուն, զգայուն ու հոգեպես անպաշտպան մի աղջնակի: Իսկ բեմում… նա ուղղակի պայթեցնում էր հոգում կուտակածն ու անկաշկանդ, կրքոտ պատմում իր սիրո, ձախողված սպասումների, տագնապների, հույսի ու կյանքին նայելու իր հայացքի մասին:

Գ. Մեկլերի բնորոշմամբ՝ կապ չուներ՝ Ջենիսն էր տվյալ երգի հեղինակը, թե մեկ ուրիշը, կապ չուներ, որ նրանից առաջ ինչ-որ մեկն արդեն փայլուն կատարել էր այն ու բնօրինակը դարձրել ճանաչված. Ջենիսն «իր ձայնով ամբողջովին փաթաթում էր դրանք ու դարձնում իր սեփականը»: Եվ իսկապես այդպես է, բավական է միայն հիշել իր բազմաթիվ մեկնաբանություններով հայտնի «Summertime»-ը. Ջոփլինի կատարման մեջ այն ամբողջովին պատկանում է հենց այս արտիստին:

«Ջենիսը ոչ միայն երգում է, նա ասես կուլ է տալիս երգն ամբողջությամբ, անցկացնում մարմնի միջով ու  հետո ետ ուղարկում ուղիղ սրտի միջից»,- ասել է գրող, ամերիկյան «National Public Radio»-ի հաղորդավար Սքոթ Սայմընը:

«Kozmic Blues»-ը Ջոփլինի այն երգերից է, որտեղ ոչ միայն երկկողմանի (և՛ կատարման, և՛ ասելիքի մեջ) խտացված են երգչուհու միտքը, էությունը, այն ասես ձայնի ռենտգեն լինի: Այստեղ մենք լսում ենք Ջենիսի վոկալի ողջ հզորությունն ու առանձնահատկությունը, տեսնում ենք արտիստին, ով ձուլվում է երգին այնպես, ասես կորցնում է իրեն ու անհեանում նրա խորքերում:

« Time keeps movin՚ on,

Friends they turn away.

I keep movin՚ on

But I never found out why

I keep pushing so hard the dream,

I keep tryin՚ to make it right

Through another lonely day, whoaa.

 

Dawn has come at last,

Twenty-five years, honey just in one night, oh yeah.

Well, I՚m twenty-five years older now

So I know we can՚t be right

And I՚m no better, baby,

And I can՚t help you no more

Than I did when just a girl…»

25-ամյա աղջնակն իր ներաշխարհի ու կյանքի բախման մեջ երբեմն անդունդի եզրին է հայտնվում, նրա կյանքը լի է հիասթափություններով, անհատի ու միջավայրի միջև մեծ տարաձայնություններով, անձնական խնդիրներով: Սակայն անկումների ամենածանր պահերին անգամ նա նույն անկախն է, բոլորից տարբերն ու ինքնատիպը, սիրո նույն անուղղելի նվիրյալը: Ջենիսը տագնապի մեջ անգամ դեռևս հավատով լի է, նա հոգու խորքում հավատում է լույսին:

Այս երգը ներսումդ ապրող «մահը» հաղթահարելու շատ դժվար, բայց շատ անհրաժեշտ փորձի մասին է: Երգը ցավից ծնված հույսի մասին է, լավ զգացումների և այն լուսավոր պահերի, որոնք թեպետ շատ կարճատև են, այնուամենայնիվ, անգամ ակնթարթների մեջ ապրեցնող են. ուրեմն՝ դրանք նաև տեսնել ու գնահատել է պետք:

«Kozmic Blues»-ը Ջոփլինի այն կատարումներից է, որը բլյուզի սահմանը դարձնում է ամենաանկայուն ու միևնույն ժամանակ ամենազգացմունքային տարածքը: Նա պարզապես չի երգում, իր վոլկալի առանձնահատկությամբ ու երգի ոգու մեջ մտնելու բացառիկ կարողությամբ, նա երաժշտությունն անվերջ գալարում է հոգեկան ծայրահեղ տարբեր վիճակների մեջ, խաղում նրա հետ՝ մերթ խլացող լացով, մերթ հանդարտ, համոզող աղերսանքով, որն անհուսության պահին վերածվում է սրտի խորքից պայթող ճիչի:

Ջենիս Ջոփլինն անկրկնելի է՝ զգացմունքը մերկացնելու աստիճան իրական երգելու արվեստում: Եվ ամեն անգամ երգելիս նա ներդնում է ամբողջ իր ունեցածն այնպես, ասես երգում է վերջին անգամ: «Շատ ու շատ աղջիկների նման, ես էլ եմ միշտ անհանգստանում այն բանի համար, թե արդյո՞ք գեր չեմ երևում, ոտքերս համեմատաբար կարճ չե՞ն, կամ տեսքս տարօրինակ է միգուցե,- ասել է Ջ. Ջոփլինը,-  բայց հենց դուրս եմ գալիս բեմ, բոլոր կասկածներս հօդս են ցնդում, որովհետև ես ինձ գեղեցիկ եմ տեսնում»:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ