HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 453 մլն դրամ. տեղական տուրքերի ու հարկերի գծով Վանաձորի քաղաքապետարանի բացթողումը

Գայանե Սարգսյան

ՀՀ վերահսկիչ պալատն այս տարվա ընթացքում Վանաձորի քաղաքապետարանում բյուջետային միջոցների օգտագործման, բյուջեի մուտքերի ապահովման,  համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունքում մի շարք խախտումներ է հայտնաբերել:

Վերահսկողությունն իրականացվել է մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ստուգման է ենթարկվել քաղաքապետարանի 2015թ.-ի հունվար-դեկտեմբեր և 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների գործունեությունը:

Ուսումնասիրելով համայնքի գույքահարկի ու հողի հարկի տվյալների բազաները, համադրելով վճարումների ու ապառքների ցուցանիշները, վերահսկիչ պալատն արձանագրել է. «Համայնքի 2015թ. բյուջեի հարկային եկամուտների բարձր կատարողականը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից տարեկան բյուջեների ոչ լիարժեք պլանավորմամբ և իրական ապառքների գումարները նախատեսված պլաններում չներառմամբ»:

2016թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հողի հարկի գծով ապառքը կազմել է 93մլն 697հզր, գույքահարկինը՝ 372մլն 944 հազ դրամ:

 Տարիներ շարունակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում անդրադառնալով տարբեր հարկատեսակների ու տեղական տուրքերի գծով խոշոր պարտքատերերին, զգուշացնում էր՝ չվճարելու դեպքում նրանց անունները կհրապարակվեն համայնքի պաշտոնական կայքում ու տեղական լրատվամիջոցներում: Այս զգուշացումը, սակայն, համայնքապետի կողմից երբևէ գործուն քայլերի չվերածվեց. վանաձորցիներն այդպես էլ չիմացան, թե ովքեր չեն վճարում հարկերը:

Քաղաքապետի փոխարեն առավել խոշոր՝ 500 000 դրամ և ավելի պարտք ունեցող  կազմակերպությունների ցանկը հրապարակեց վերահսկիչ պալատը:

 

Տեղական տուրքերի ու վճարների տվյալների հավաքագրման մասով ևս վերահսկիչ պալատը բազմաթիվ բացթողումներ է արձանագրել:

Ստուգման պահին վաճառքի թույլտվություն չեն ունեցել հաշվառված ոգելից  խմիչք վաճառող  թվով  247 օբյեկտներից  93-ը,  ծխախոտ վաճառող    249 օբյեկտներից՝ 109 -ը,  հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվող 90 կազմակերպություննեից  14-ը, տեխնիկական հեղուկներ վաճառող 29 օբյեկտներից՝ 21-ը, հեղուկ վառելիք վաճառող19 օբյեկտներից՝ 12-ը, սեղմված բնական և հեղուկացված գազերի վաճառքով զբաղվող 9 օբյեկտներից 7-ը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ վաճառքով զբաղվող 33 օբյեկտներից 2-ը: Կեսգիշերից հետո քաղաքի տարածքում գործունեություն ծավալող 13 կազմակերպությւններից 8-ը չեն վճարել ժամը 24:00-ից հետո գործունեություն ծավալելու թույլտվության համար:

 Սա նշանակում է, որ համայնքի տարածքում տարաբնույթ գործունեություն ծավալող 689 օբյեկտներից 266-ը կամ որ նույնն է 38.6 տոկոսը քաղաքապետարանի գիտությամբ կամ անգիտությամբ գործել է անօրինական, համայնքային բյուջե չվճարելով  համապատասխան տեղական տուրքը:

Համայնքի տարածքում կազմակերպությունների և անհատների կողմից տեղադրված արտաքին գովազդի 1376.8 քմ վահանակներից ստուգման պահին  տեղադրման թույլտվություն չի եղել 810.1 քմ-ի համար:

Համայնքի վարչական տարածքում առկա մարդատար տաքսի ծառայություն 175 ավտոմեքենաների սեփականատերերի կողմից ստուգման պահին համայնքի բյուջե պակաս էր վճարված 3մլն 592 հզր դրամ:

 Վանաձորի քաղաքապետարանի ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով համայնքում հաշվառումից դուրս մնացած և առանց թույլտվության աշխատող տեղական տուրք վճարողների տեղական տուրքի գումարը կազմել է 16մլն 35 հզր դրամ, որից 1 մլն 116 հզր-ը՝ 2015,  դրամ, 15մլն 19հզր-ը՝  2016թ.-ից:

 Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում խոշոր ապառքներ են արձանագրվել հողի և գույքի վարձավճարների գծով. 2016թ.-ի մարտի 30-ի դրությամբ հողի վարձավճարների գծով ապառքը   տույժերի հետ միասին կազմել է 47մլն 860հզր դրամ:Գույքի վարձավճարների գծով ապառքը   տույժերի հետ միասին կազմել է 7մլն 7 հզր դրամ:

Հիշեցննեք, որ հենց ստուգման անցկացման ժամանակահատվածում Վանաձորի քաղաքապետարանը տեղական տուրքերն ու հարկերը ոչ պատշաճ հավաքագրելուն զուգահեռ ամիսներ շարունակ աշխատավարձի պարտք էր կուտակում համայնքային ենթակայության հիմնարկություններում. սեպտեմբերին համայնքային բյուջեի պարտքի չափն աշխատավարձի գծով հատել էր 160 մլն դրամի սահմանագիծը: Այն հնարավոր եղավ մարել միայն ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կատարված հատկացման արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter