Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել. Խախտվել է զինվորի կյանքի իրավունքը



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով նոյեմբերի 24-ին հերթական իրավական ակտը կայացրեց Հայաստանի դեմ: Դիմումատու Հրաչյա Մուրադյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանի օգնությամբ բողոք էր ուղարկել Եվրոպական դատարան այն բանից հետո, երբ բանակում որդին՝ Սուրեն Մուրադյանը, մահացել էր ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներից: Իսկ Հայաստանում իրավասու մարմինները չեն կատարել գործի ամբողջական և օբյեկտիվ քննություն: Հրաչյա Մուրադյանը գտել էր, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն այնքանով, որ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով ... »:

Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքը, իսկ որդին լինելով պարտադիր ժամկետային զինծառայող, եղել է նրանց խնամքի տակ: Բացի այդ, Սուրենն ունեցել է լուրջ վնասվածքներ՝  հին ու նոր կապտուկներ, ինչն ապացուցում է, որ  տարբեր ժամանակահատվածներում սպաների կողմից արժանացել է դաժան վերաբերմունքի:  Իշխանությունները, սակայն, չեն կարողացել իրականացնել արդյունավետ քննություն բոլոր հանգամանքները պարզելու համար: Նրանք ամեն ինչ արել են իրական պատճառները չբացահայտելու համար, որպեսզի քողարկվեն հանցագործները: Նույնիսկ փորձագետներն են կեղծ եզրակացություններ տվել՝ նշելով որդու մահվան անհավանական պատճառներ:

Հայաստանի կառավարությունն էլ պնդել է, որ պետությունը կատարել է իր պարտականությունը՝ ապահովելու դիմումատուի որդու կյանքի իրավունքը: Մասնավորապես՝  ունենալով օրենքներ, որոնք թույլ են տալիս պատժել հանցանքներ կատարած անձանց և պայքարել նրանց դեմ: Բացի այդ, իրականացրել են արդյունավետ քննություն՝ մատնանշելով մի շարք փորձաքննությունները, դատական գործընթացները և այլն:

Մինչդեռ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ կալանքի տակ գտնվող անձինք, ժամկետային զինծառայողներն ամբողջությամբ  պետության հսկողության տակ են: Հետևաբար, պետությունը պարտավոր է ապահովել բավարար միջոցներ և համոզիչ բացատրություն տալ բանակում տեղի ունեցած ցանկացած վնասվածքների կամ զոհերի համար: Բացի այդ, պետության պարտավորությունն է իրականացնել արդյունավետ քննություն:

Եվրոպական դատարանը մեկ առ մեկ նշել է բոլոր այն թերությունները, որ տեղ են գտել գործի քննության ժամանակ: Դատարանը շեշտել է, որ իշխանությունները չեն գործադրել բոլոր ջանքերը գործի օբյեկտիվ քննության համար, չեն իրականացրել որոշ փորձաքննություններ: Իսկ վկաների ցուցմունքները, որոնք եղել են սպաներ, չեն կարող անկողմնակալ լինել, մանավանդ, որ եղել են իրարամերժ:

Դատարանը գտել է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս, այդ պատճառով որոշել է 50 հազար եվրոյի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում սահմանել: Բացի այդ, 165 եվրոյի չափով փոխհատուցում է տրամադրվում նաև այլ ծախսերի՝ փոստային ծառայությունների համար: Նշված գումարները Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 3 ամսվա ընթացքում:

Նշենք, որ Սուրեն Մուրադյանը 2001թ. hունիսի 26-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ երաժշտական ջոկատում, որպես շեփորահար: Ծառայությունից մոտ մեկ տարի անց՝ 2002թ. հուլիսի 25-ին Սուրեն Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրա մարմնի ջերմաստիճանը  բարձրացել է մինչև 40 աստիճան, որն ուղեկցվել է սրտխառնոցով, գլխացավերով և ախորժակի կորուստով: 

Հրաչյա Մուրադյանը 

Զորամասի բուժկետում Սուրեն Մուրադյանի մոտ ախտորոշել են «սուր շնչառական հիվանդություն»: Նրա բժշկական քարտում եղել է ընդամենը երկու նշագրում՝ հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին, ըստ որի՝ նա ունի ախորժակի կորուստ, բարձր ջերմություն, մարմնի և մկանների ցավ: Զինվորին տվել են «Անալգին» և «Պարացետամոլ» դեղերը: Սուրենի հայրը՝ Հրաչյա Մուրադյանը «Հետքին» պատմեց, որ որդին հիվանդ չի եղել և այդ մասին իմացել է նաև զորամասի բժիշկը, քանի որ նրա ներկայությամբ են ծեծել: Բժիշկը նույնիսկ հրաժարվել է այցելել Սուրենին, երբ նրա ընկերները դիմել են բժիշկին և հայտնել, որ տղան վատ է իրեն զգում: Բժիշկն ասել է, թող Սուրենն իր ոտքով գա իր մոտ: Զինվորները Սուրենի հորը պատմել են, որ ծեծի ժամանակ տղան  ուշագնաց է եղել և հենց այդ բժիշկն է նրան ուշքի բերել: Հրաչյա Մուրադյանն ասում է, որ այդ փաստը ևս մեկ ապացույց է, որ բժիշկը տեղյակ է եղել, որ Սուրենը վատառողջ չէ, նա ծեծված է:

Մինչ այդ եղած Սուրենի գանգատների մասին բժշկական քարտում նշումներ չեն արվել: Օգոստոսի 3-ին ժամը 6։30-ի սահմաններում Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը վատացել է: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Նախնական ախտորոշումը եղել է «Մալարիա» հիվանդությունը: Հիվանդությունը պարզելու համար զինվորից վերցվել է արյան նմուշ: Նրա մոտ այդ ժամանակ «Մալարիա» չի հայտնաբերվել: 

Օգոստոսի 4-ին Ժամը 7։40-ին Սուրեն Մուրադյանի վիճակը դարձյալ վատացել է: Փսխել է, դժգոհել սրտխառնոցից և որովայնի ցավերից: Նա եղել է գունատ, իսկ շնչառությունը՝ ծանր:  Նա զուգարանում կորցրել է գիտակցությունը, իսկ զարկերակը չի շոշափվել:  Արձանագրվել է կլինիկական մահ և իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ: Վերակենդանացման թերապիան անցել է անարդյունավետ: ժամը 9։15ին արձանագրվել է  Սուրեն Մուրադյանի կենսաբանական մահը:

2002թ. օգոստոսի 5-ին որոշում է կայացվել իրականացնել դիահերձում: Դատկան բժիշկ-փորձագետն արձանագրել է, որ  Սուրեն Մուրադյանը մահացել է ներքին սուր արյունահոսություն հետևանքով, որն առաջացել է փայծաղի պատռվածքից: Վնասվածքն առաջացել է  որովայնի ձախ կողմի բութ հարվածից: Այդ հատվածում հայտնաբերվել են նաև հին և նոր կապտուկներ: Հին կապտուկների վաղեմությունը եղել է մահվանից  8-10 օր առաջ, իսկ նորերինը՝ 1-2 օր: Սուրենի մահը վրա է հասել հենց սուր ներքին արյունահոսության հետևանքով: Վնասվածքներ են հայտնաբերվել նաև ճակատային մասում, որը բնորոշվել է թեթև մարմնական վնասվածք:

Ընթացքում կատարվել է ևս մի քանի փորձաքննություններ: Փորձագետը եզրակացրել է, որ եթե ներքին արյունահոսությունն ախտորոշվեր ժամանակին, ապա հնարավոր կլիներ  փրկել Սուրեն Մուրադյանի կյանքը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ):

Զորամասի մոտ մեկ տասնյակ զինծառայողներ են հարցաքննվել որպես վկա: Նրանց մի մասն ասել է, որ սպաների և Սուրենի միջև հուլիսի 21-ին վիճաբանություն է եղել կորած ժամացույցի պատճառով: Զորամասի պաշտոնյա զինվորականները վերջնաժամկետ են տվել, որպեսզի Սուրենը բերի ժամացույցը, հակառակ դեպքում փորձանքի մեջ է ընկնելու և պատժվելու է: Արդեն հուլիսի 24-25-ին Սուրեն Մուրադյանն իրեն վատ է զգացել, եղել է տկար ու մնացել անկողնում: Նրան զննել են բժիշկները:  Օգոստոսի 2-ին զորամասի մի խումբ զինծառայողներ, այդ թվում Սուրենը, մեկնել են Ստեփանակերտ մասնակցելու միջոցառման: Սուրենը վատ վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել: Զինծառայողները նշել են, որ չեն նկատել, որ Սուրենին ինչ որ մեկը հարվածած լինի: Սակայն, հետագայում լսել են, որ նրան ծեծել են: Հրաչյա Մուրադյանն ասում է, որ որդուն ծեծել են երկու անգամ, առաջինը եղել է հենց հուլիսի 24-ին:

Հրաչյա Մուրադյանն ասում է, որ պաշտոնական վարկածով զինղեկի ժամացույցն իբր կորել է և սպաներ՝ ֆիզղեկ Վահե Գրիգորյանն ու հրետանու պետ Դավիթ Հարությունյանը այն նկատել են Սուրենի ձեռքին: Սուրենն ասել է, որ ժամացույցն իրեն տվել է զորամասի զինվորներից մեկը: Այդ ժամանակ՝ հուլիսի 21-ին միջոցառման նպատակով եղել են Մարտունի քաղաքում: Սուրենն ասել է, երբ վերադառնան զորամաս կներկայացնի իրեն ժամացույց տված զինվորին: Իբր սպաների և Սուրենի միջև եղել է քաշքշուկ: Վերադառնալով զորամաս Սուրենը ներկայացրել է ժամացույց նվիրած զինվորին, սակայն կորել է ևս մեկ ժամացույց և պահանջել են, որ Սուրենը բերի կորած ժամացույցը կամ 100 դոլար փող: Տրամադրել են 3 օր ժամանակ, որը Հրաչյա Մուրադյանի հաշվարկով լրացել է հենց հուլիսի 24-ին: Մինչդեռ Հրաչյա Մուրադյանը պարզել է, որ իբր Սուրենին ժամացույց տված զինվորը եղել է ոչ թե գնդում, այլ հոսպիտալում և նա չէր կարող ժամացույց տալ իր տղային, իսկ Սուրենն էլ չէր կարող նրան ներկայացնել հրամանատարությանը:

Հրաչյա Մուրադյանը արժանահավատ չի համարում այդ վարկածը, քանի որ Սուրենն ունեցել է ժամացույց, իսկ իրեն, իբր կորած առաջին ժամացույց ներկայացրել են մի կոտրած ժամացույց: «Ինչու իմ տղան պետք է կոտրած ժամացույց կապեր, եթե նա ժամացույց ունեցել է»,-ասում է զինվորի հայրը՝ նշելով, որ այդպես էլ երկրորդ ժամացույցը չի հայտնաբերվել: Բացի այդ, ի պաշտոնե Վահե Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանը չպետք է ներկա գտնվեին այդ միջոցառմանը: Թե ինչու են նրանք մեկնել միջոցառման՝ քննությունը չի պարզել:

Զորամասի երկու սպաներ՝ Վահե Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը ձերբակալվել են: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն ժամանակ  գործող քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի հատկանիշներով (Ստորադրյալի կողմից պետին կամ պետի կողմից ստորադրյալին վիրավորանք հասցնելը):  Իբր սպաները Սուրեն Մուրադյանի նկատմամբ կիրառել են «կարգապահական պատժամիջոցներ», հայհոյել և նվաստացրել են նրան: Բացի այդ սպաներից մեկը քաշքշել է զինվորին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Վ. Գրիգորյանը և Դ. Հարությունյանը հաստատել են, որ հուլիսի 21-ին քաշքշել և հայհոյել են Մուրադյանին:

2003թ. փետրվարի 28-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է  Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:  Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը Սյունիքի մարզի դատարան ուղարկել է  գրություն՝ խնդրելով Դավիթ Հարությունյանի նկատմամբ նշանակել պատիժ ոչ ազատազրկման ձևով և թողնել զորամասի հրամանատարության հսկողության տակ: Նախարարը դա պատճառաբանել է Հարությունյանի երկար ու ջանասեր ծառայությունը զինված ուժերում: Բացի այդ, նա զղջացել է իր գործողությունների համար, որոնք վտանգ չեն ներկայացրել հասարակության համար:


2003թ. մայիսի 5-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (Ստեփանակերտի նստավայր) սպաներ Վահե Գրիգորյանին և Դավիթ Հարությունյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Հրաչյա Մուրադյանը հիշում է, որ դատախազը պահանջում էր ընդամենը 6 ամսվա ազատազրկում: Հունիսի 2-ին սպա Վահե Գրիգորյանը ազատ է արձակվել: Վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը  սպա Վահե Գրիգորյանի մասով և գործն ուղարկել է լրացուցիչ քննության: Նրա նկատմամբ առաջադրվել է նոր մեղադրանք՝  արդեն ներկայիս գործող քրեական օրենսգրքի  375 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել): Նա ձերբակալվել է:

Նշենք, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև բժիշկ Ի. Մ-ի նկատմամբ, այն հիմքով, որ չի ապահովել Սուրեն Մուրադյանի պատշաճ բուժումը: Նոյեմբերի 18-ին և 29-ին նույն հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվում նաև զորամասի բժիշկներ  Ա. Հ-ի և Ս. Գ-ի նկատմամբ:  Քննիչը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը ռազմական հոսպիտալի բժիշկ Ի. Մ-ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով, գտնելով, որ բժիշկն իրականացրել է բոլոր հնարավոր քննությունները, որը նա կարող և պարտավոր էր կատարել տվյալ հանգամանքներում: Դա են հաստատել չորս դատական բժիշկ-փորձագետներն իրենց եզարակացություններով:

2005թ. դեկտեմբերին 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Վ. Գրիգորյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարվա ազատազրկման՝ հաստատված համարելով, որ նրա հարվածից է վնասվել Սուրենի փայծաղը: Այդ հարվածը իբր հասցվել է հուլիսի 21-ին՝ քաշքշելու ժամանակ: Վահե Գրիգորյանն ասել էր, որ իր ձեռքը պատահմամբ է դիպչել Սուրենի որովայնին: Քննարկվել է նաև անհավանական վարկած, թե իբր վնասվածքն առաջացել է հիվանդանոցում Սուրենի վայր ընկնելու ժամանակ՝ հաշվի չառնելով, որ ըստ փորձագետի կապտուկները եղել են 8-10 և 1-2 օրվա վաղեմության, իսկ Սուրենը հիվանդանոցում վայր է ընկել մահվանից մոտ 2 ժամ առաջ:

Ինչ վերաբերում է զորամասի բժիշկներին Ա.Հ-ին և Ս. Գ-ին դատարանը վերաորակել է մեղադրանքները և նրանց մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, թե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) և կիրառելով նույն օրենսգրքի 64-րդ հոդվածը (Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) դատապարտել  է յուրաքանչյուրին՝ 200.000 ՀՀ դրամ տուգանքի:

Մի քանի դատական շրջապտույտներից հետո  2006թ. սեպտեմբերին 26-ին վերաքննիչ քրեական դատարանը զորամասի բժշկներ Ա. Հ-ի և Ս. Գ-ին դատապարտել է համապատասխանաբար 4 և 3,5 տարվա ազատազրկման՝ նշանակելով որոշակի ժամկետով փորձաշրջան: Միևնույն ժամանակ, վերաքննիչ դատարանը որոշել է պատիժը չկիրառել և նրանց ազատ արձակել:

Հրաչյա Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ցանկանում է օրենքի ողջ խստությամբ պատժված տեսնել բոլոր մեղավորներին և գործի վերաբացման համար դիմելու է Վճռաբեկ դատարան: Նրա խոսքերով՝ տղային դաժան ծեծի են ենթարկել փոխգնդապետ Զարգարյանը, ֆիզղեկ Գրիգորյանը, հրետանու պետ Հարությունյանը:

«Եթե հասնենք արդարության դա կլինի բոլորիս «հաղթանակը»: Քանի դեռ ես նրանց չեմ պատժել օրենքի ուժով, ինձ միշտ նվաստ եմ զգալու»,-ասում է Հրաչյա Մուրադյանը:

Լուսանկարները` «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութից։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ