HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամական փոխանցումները շարունակում են նվազել

Այս տարվա տարեկան արդյունքներով ակնկալվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի էական դանդաղում։ Նման կանխատեսում է արել ՀՀ կենտրոնական բանկն այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

Ըստ ԿԲ-ի՝  մասնավոր տրանսֆերտները դեռևս  կազդեն Հայաստանում ներքին պահանջարկի կրճատման վրա։

Կենտրոնական բանկի մեկ այլ տվյալներ ցույց են տալիս, որ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարների կրճատման տեմպերն այս տարի իսկապես դանդաղել են։ Սակայն նվազումը չի դադարում։ Այն  հատկապես ավելի զգալի է 2014 թվականի համեմատ, քանի որ տրանսֆերտների անկումը սկսվեց այդ տարվա կեսերից՝ ՌԴ տնտեսության վատթարացմանը զուգահեռ։ Հիշեցնենք, որ Հայաստան կատարվող դրամական փոխանցումների գլխավոր և հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։

Ամբողջ 2015 թվականին ՀՀ կատարված դրամական փոխանցումները կազմել են ավելի քան 1.6 մլրդ դոլարին համարժեք գումար, որը մոտ 0.5 մլրդ դոլարով պակաս է 2014-ի ցուցանիշից։  Միայն Ռուսաստանից կատարված փոխանցումները կազմել են ավելի քան 1 մլրդ դոլար, որը 2014-ի համեմատ նվազել է շուրջ 0.5 մլրդ դոլարով կամ  ավելի քան 35%-ով։ Այսինքն, ԿԲ-ի կանխատեսումներից ենթադրում ենք, որ այս տարի անկումը պետք է նշվածից էական փոքր լինի։

Իսկ ինչ ունենք վերջին տվյալներով։ ԿԲ-ի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել  1.06 մլրդ դոլար։ Նույն ընթացքում Հայաստանից արտերկիր է փոխանցվել 565 մլն դոլար։ Արդյունքում զուտ ներհոսքը (առաջին երկու ցուցանիշների տարբերությունը) կազմել է 496.1 մլն դոլար։ Ի դեպ, հաճախ առավել կարևորվում է հենց զուտ ներհոսքը, քանի որ դա, ըստ էության, այն գումարն է, որը մնացել է երկրում։

Ինչպես նշեցինք, տարբերությունն ավելի ակնհայտ է  2014-ի համեմատ։ Օրինակ՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ զուտ ներհոսքը նվազել է 24.4%-ով, իսկ 2014-ի համեմատ գրեթե կիսով չափ կրճատվել է։  

Ինֆոգրաֆիկայում կնկատեք, որ ներհոսքի կրճատմանը զուգահեռ, արտահոսքն աճել է։

Իսկ ինչ վերաբերում է միայն Ռուսաստանին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին այս երկրից Հայաստան ուղարկված գումարի ընդհանուր ներհոսքը կազմել է  մոտ 640 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներհոսքը կրճատվել է 14.7%-ով։  Համեմատության համար՝ 2015-ի հունվար-սեպտեմբերին, 2014-ի նույն ամիսների համեմատ, անկումը կազմել էր  37.5%: Այսինքն՝ նվազման տեմպերը դանդաղել են։ 

Սակայն երբ համեմատում ենք 2016-ի տվյալները 2014-ի հետ, ապա անկումը մի քանի անգամ ավելի մեծ է՝ 46.7%:

Ըստ ՀՀ ԿԲ-ի տվյալների 

Այս տարվա օգոստոսին, ինչպես ավելի վաղ գրել ենք,  երկու տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանից փոխանցվող գումարն աճել էր։ Սակայն հաջորդ ամսում աճի տեմպը չի պահպանվել։ Սեպտեմբերին  Հայաստան է ուղարկվել 146.8 մլն դոլարին համարժեք գումար, այդ թվում՝ մասնավոր տրանսֆերտները։ 2015 թվականի նույն ամսվա համեմատ դրամական փոխանցումները նվազել են 22.4 մլն դոլարով։ Միայն Ռուսաստանից ՀՀ կատարված փոխանցումները կազմել են 89 մլն դոլար. նվազումը՝ 35 մլն դոլար։

Ուշագրավ է, որ ՌԴ-ից կատարվող դրամական փոխանցումների կրճատմանը զուգահեռ, ավելանում են այլ երկրներից փոխանցումները։ Օրինակ, եթե 2015-ի սեպտեմբերին այլ երկրներից փոխանցվել է 45.2 մլն դոլար, ապա՝ այս տարվա սեպտեմբերին՝ 57.8 մլն դոլար։

Տրանսֆերտների կրճատումը  զգալի հարված է Հայաստանի բնակչության մի մասի համար, որոնք ապրում են «դրսից ուղարկվող փողի» հույսին։ Դա էլ իր հերթին ազդում է մարդկանց գնողունակության վրա, թուլացնում  դրա տեմպերը, նվազեցնում ներքին առևտրաշրջանառությունը, պակասում է երկրում արտարժույթի քանակը և այլն։ Այսինքն՝ այս անկումը ոչ միայն նրանց համար է հարված, այլև՝ ամբողջ տնտեսության։ 

Տրանսֆերտներից ՀՀ տնտեսության ունեցած կախվածության մասին է վկայում նաև այն, որ ՀՀ պետական բյուջեի նախագիծը մշակելիս զգալի ուշադրություն է հատկացվում տրանսֆերտների հետ կապված կանխատեսումներին։ Օրինակ՝ 2017թ. բյուջեի նախագծում որպես տնտեսական աճի արագացման գլխավոր պայմաններից մեկը նշված է Ռուսաստանի տնտեսության վերկանգնումը։ Այստեղ, ըստ էության, առաջին հերթին պետք է հասկանալ դեպի Հայաստան տրանսֆերտների աճը։ Այսինքն՝ բյուջեն մշակողները  հույսեր են կապել տրանսֆերտների հետ։ 

Նշենք, որ մինչև 2014-ից սկսած անկումը դրամական փոխանցումների ծավալը համեմատական էր պետական բյուջեի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter