HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի արտադրողականության ծավալների ընդլայնման հանրային լսումներն ավարտվել են

«Հետքի» հարցերին պատասխանում է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը

-Երեկ Քաջարանում տեղի է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ արտադրողականության ծավալների ընդլայնման վերաբերյալ հանրային չորրորդ լսումը (նախատեսվում է տարեկան արտադրողականության ծավալը հասցնել 22 մլն տոննայի): Ի՞նչ խնդիրներ առանձնացվեցին այս անգամ:

-Հասարակական կազմակերպությունների սեկտորի շարքերը նոսր էին ԶՊՄԿ-ի կողմից կազմակերպված չորրորդ փուլի հասարակական լսումների ժամանակ: Այդ սեկտորի ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող հարցեր: Բարձրացվեցին պոչամբարի շահագործման, հանքի փակման, հետագայում նոր պաչամբարի շահագործման, պոչամբարի պարզվածքի, համայնքներում սոցիալական ծրագրեր իրականացնելու հարցեր:

-Դու պարբերաբար բարձրացնում ես կոմբինատի պոչամբարի պարզվածքը Նորաշենիկ գետ լցվելու խնդիրը: Ընկերությունն ի՞նչ լուծում է առաջարկում այս խնդրին:

-Ընկերությունը տարիներ ի վեր այս խնդրին լուծում չի տալիս, որը պարբերաբար բարձրաձայնվում է բնապահպանների կողմից: Անգամ ներկայացված ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փաստաթղթում պոչամբարի պարզվածքի, Ողջի և Նորաշենիկ գետերի վերաբերյալ վերլուծությունները ներկայացվել էին որպես ելակետային տվյալներ՝ հիմք ընդունելով 2011-ին կատարված մոնիթորինգի արդյունքները: Ըստ պատասխանատուների՝ նախատեսվում է պոչամբարի պարզվածքը խողովակաշարով հասցնել Ողջի գետ և միևնույն ժամանակ իրականացնել ազդեցությունը նվազեցնող միջոցառումներ, իսկ այս ամենի համար պետք է կազմել առանձին նախագիծ:

-Եթե հաստատվի ընկերության ներկայացրած ծրագիրը, ի՞նչ վտանգներ կարող են լինել շրջակա միջավայրի համար:

-Սյունիքի մարզի հարավային մասը բնապահպանական տեսանկյունից գերբեռնված տարածաշրջան է, և ես կործանարար եմ համարում նման մասշտաբներով արտադրողականության ծավալների ընդլայնումը և նոր հանքերի շահագործումը: Արտադրողականության ծավալների ընդլայնումը հանգեցնում է ավելի մեծ ծավալով թափոնների առաջացմանը, հողի, օդի, ջրի առավել մեծ ծավալով աղտոտմանը: Առավել ևս, որ նկատելի չէ ընկերության կողմից բնապահպանական խնդիրները լուծելու նախաձեռնողականություն, և շատ դեպքերում փորձ է արվում խնդիրները պարզաբանել սին նախադասություններով: Օրինակ, ընկերությանը պատկանող պոչատարի վթարային խողովակաշարով Աճանան թե Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում տարիներով հեկտարից ավելի մակերեսով, մետրից ավելի բարձրությամբ պոչ է կուտակվել, սակայն այն չի տեղափոխվում Արծվանիկի պոչամբար: Չնայած ընկերության տնօրենը խոստացավ առաջիկայում լուծել այս խնդիրը, համենայն դեպս, սա այն խնդիրն է, որ ընկերության համապատասխան բաժնի նախաձեռնությամբ պետք է բարձրացվի տնօրինության առաջ, առավել ևս, որ խնդրի մասին նախկինում բարձրաձայնել ենք մամուլի միջոցով:

Նման ակնառու խնդիրները չլուծելով, ընկերության ղեկավարության այլ խոստումները վստահություն չեն ներշնչում: Ընկերությունն առաջիկա տարում, ըստ ներկայացուցիչների, նախատեսում է 6 մլն դոլարի ներդրում կատարել: ԶՊՄԿ-ն սոցիալ-տնտեսական կայունություն ապահովող ընկերություն է մարզի համար և, իսկապես, լայնամասշտաբ, բազմաբովանդակ ծրագրեր է ֆինանսավորում, սակայն այս ամենը ընկերության կողմից չի հրապարակվում, ինչը սոցիալական ծրագրերի համար նախատեսված միջոցները անարդյունավետ ծախսելու ենթադրության հիմքեր է ստեղծում:

Սովորաբար սոցիալական ծրագրեր իրականացնելու միջոցով ընկերությունները փորձում են դրական իմիջ ձևավորել հասարակության շրջանում, իսկ եթե խուսափում են, հավանաբար, թաքցնելու բան կա: Դժվար չէ տարվա վերջին ամսում հրապարակել ընկերության կողմից ֆինանսավորված ծրագրերը, ներկայացնել գործընկերներին նաև իրականացրած ծրագրերի արդյունքները:

-Այս ընթացքում սյունեցի բնապահպաններով հանդիպե՞լ եք ԶՊՄԿ-ի նախկին ադմինիստրատիվ տնօրեն, այժմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

-Միգուցե մարզում լինեն այլ բնապահպաններ, ովքեր հանդիպել են, տեղյակ չեմ: 

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter