HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներդրումները գահավիժել են

ՀՀԿ վերջին համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից այն մասին, որ 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3% իրական տնտեսական աճ, բարձրացել են աշխատավարձերը, ավելացել ավանդները և այլն, կարելի էր եզրակացնել, որ տնտեսությունը ամուր քայլերով առաջ է գնում։ Սակայն, բնակչության մի զգալի մասը վաղուց դադարել է հավատալ պաշտոնական այս հայտարարություններին, քանի որ դրանց համապատասխան աճ չի զգում իր առօրյայում։

Նման ելույթներում, սովորաբար, տնտեսության խորքային խնդիրներն անտեսվում են։ Հայաստանի դեպքում դրանց «առաջատարներից» են ներդրումները։ Ամենաթարմ տվյալները, որոնք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այսօր, փաստում են, որ ներդրումների տխուր վիճակագրությունը (ՀՀ ԱՎԾ) չի փոխվել, ընդհակառակն՝ ավելի տխուր է դարձել։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 27 մլրդ դրամ, որի կազմում միայն ուղղակի ներդրումները 44.4 մլրդ դրամն են։

Զուտ հոսքերի ծավալ ասելով՝ պետք է հասկանալ ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունը։ Ընդհանուր ներդրումների մեջ են մտնում ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները։ Ստացումների ու մարումների արդյունքում ուղղակի ներդրումների ծավալը կարող է ավելի մեծ լինել, քան ընդհանուր ներդրումներինը։ Ինչպես նաև՝ երկու դեպքում էլ ցուցանիշները կարող են բացասական մեծություն ունենալ։

Ի տարբերություն այս տարվա առաջին կիսամյակի, երբ ներդրումները բացասական մեծություն ունեին՝ ավելի շատ մարվել էր, քան ստացվել, հունվար-հունիսի հաշվարկներով դրական մեծություն ունեն։ Սակայն դրանից տխուր պատկերը բոլորովին չի փոխվում։ Ներդրումները շարունակում են գահավիժել։

2015-ի  նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա առաջին ինն ամիսներին ընդհանուր ներդրումները (զուտ հոսքերը) նվազել են 69.6 մլրդ դրամով, իսկ միայն ուղղակի ներդրումները՝ 35.8 մլրդ դրամով։ Եվ դա այն պարագայում, երբ 2015-ի նույն ամիսներին, նախորդ տարվա համեմատ, նորից ներդրումների նվազում էր գրանցվել։ Այսինքն՝ 2014-ի համեմատ այս տարվա անկումն ավելի մեծ է։

Ուշագրավ է, որ ԱՎԾ-ի նախորդ տարվա տվյալներով աճ էր գրանցվել 2014-ի համեմատ, բայց այս հունվար-սեպտեմբերի հաշվարկներում վիճակագիրները նախորդ տարվա ցուցանիշները վերանայել են։ Ու պարզվում է, որ նախորդ տարի աճ չի գրանցվել, այլ՝ անկում։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ներդրումների զուտ հոսքերի ամենամեծ աճը գրանցել է Կիպրոսը, ամենամեծ անկումը՝ Ռուսաստանը

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին կատարած ներդրումների զուտ հոսքերի ծավալով առաջին տեղում Կիպրոսն է, հաջորդում են Միացյալ Թագավորությունն ու Լյուքսեմբուրգը (տես ներքևում գտնվող ինֆոգրաֆիկան)։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են ԱՄՆ-ը և Արգենտինան։ Նրանց հաջորդում է Կանադան։ Մնացած երկրների մասով ընդհանուր ներդրումների ծավալը, այսինքն՝ ստացումների և մարումների տարբերությունը, 2 մլրդ դրամի չի հասնում կամ բացասական մեծություն ունի։

Երկրների մեծ մասի դեպքում հենց ներդրումները բացասական մեծություն ունեն։ Դա նշանակում է, որ դեպի այդ երկրներ ներդրումների մասով Հայաստանից ավելի շատ գումար է արտահոսել, քան ներհոսել է։ Այստեղ արտահոսքի դեպքում կարելի է հասկանալ նաև վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները։  Ռուսաստանի մասով ներդրումների զուտ հոսքերը բացասական մեծություն ունեն՝ -72.8 մլրդ դրամ։ Լիբանանի մասով այն կազմել է -13.9 մլրդ դրամ և  Նիդերլանդների՝ -12.2 մլրդ դրամ։ Բացասական ցուցանիշ գրանցած երկրների շարքում նրանք են «առաջատարները»։

Եթե միայն ուղղակի ներդրումներն ենք դիտարկում, ապա այստեղ ևս առաջատարներն են Կիպրոսը, Միացյալ Թագավորությունն ու Լյուքսեմբուրգը։  Իսկ Ռուսաստանի ցուցանիշն է՝ -55.4 մլրդ դրամ։ Ինչու ենք շեշտում հենց Ռուսաստանը, քանի որ ժամանակին Հայաստանում կատարվող ներդրումների ծավալով առաջատարը այս երկիրն է եղել։ Մասնավորապես,  2006-2011թթ.։ Որից հետո 2012-ին Ֆրանսիան էր, 2013-ին՝ Արգենտինան, իսկ 2014-ին՝ Կիպրոսը։

2015-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ փոփոխությունների մասին։ Ընդհանուր ծավալով ամենամեծ աճը գրանցել է Կիպրոսը (փոփոխությունները ներկայացված են ինֆոգրաֆիկայի երկրորդ էջում)։ Կան երկրներ, որոնց դեպքում  ևս զուտ հոսքերը զգալի ավելացրել են, սակայն քանի որ նախորդ տարվա նույն ընթացքում դրանք բացասական էին, այս տարվա արդյունքներով հոսքերի ցուցանիշները փոքր են։ Խոսքն հիմնականում Վիրջինյան կղզիների և  Ֆրանսիայի մասին է։

Իսկ ինչ վերաբերում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ  անկումներին, ապա՝ ամենամեծ անկումը գրանցել է Ռուսաստանը՝ 87 մլրդ դրամով, Շվեյցարիան՝ 44.6  մլրդ դրամով, Գերմանիան՝ 30.2 մլրդ դրամով։


Create bar charts

Ներդրումներին, ըստ տնտեսության ոլորտների, առաջիկայում կանդրադառնանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter