HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու թիվ 12 դպրոցում դրամահավաք է իրականացվում ծնողկոմիտեների նախագահների միջոցով

Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգել են, որ դպրոցում աշակերտներից պարբերաբար դրամ են հավաքում։

Այսօր դրամահավաքի մասին հարցին պատասխանելով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ասաց, որ տեղյակ չէ և առաջին անգամ է լսում թիվ 12  դպրոցում կատարվող դրամահավաքի մասին: «Մեր կողմից նման որևէ հանձնարարական դպրոցներին երբեք չի եղել, ընդհակառակը, մենք միշտ բացառել ենք աշակերտներից անհիմն դրամահավաքները և մինչև վերջ պայքարելու ենք դրա դեմ: Ինչ վերաբերում է Ալավերդու թիվ 12 դպրոցին, ես կփորձեմ ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո իմ կարծիքը հայտնել»,-ասաց մարզպետը: Այսուհանդերձ, թիվ 12 դպրոցում դրամահավաքը շարունակվում է, սակայն նախկինում, եթե դա  կատարվում էր դասղեկների միջոցով, հիմա դրամահավաքի գործը կազմակերպում են  դասարանական ծնողկոմիտեների նախագահները:

Ուսմասվար Ա. Կոլոլյանը ասաց, որ աշակերտներից այս պահին դրամահավաք է կատարվում տնօրինության կողմից հայտարարված դպրոցի 26 դասարանների տարեվերջյան մրցույթի համար: «Արդեն մի քանի տարի է՝ մեզ մոտ դա կատարվում է: Մենք այս պահին 590 աշակերտներ ունենք, 1-9-րդ դասարանների ծնողական կոմիտեները որոշել են 3 հազար դրամ ներդրում անել: Մենք ունենք 21 դասարան: Հավաքագրվող գումարը կազմում է 63 հազար դրամ: Այս գումարով ասենք խաղալիքների գնում, ընդհանուր ձևավորում, տոնածառի միջոցառում է նախատեսվում: Էդ բոլոր բաների համար օգտագործվում է»,-բացատրեց  Ա. Կոլոլյանը: Վերջինս դրամահավաքի վերբերյալ ծնողական կոմիտեների որոշումներ չներկայացրեց:

Մեր հարցմանը դպրոցի 4-րդ և 8-րդ դասարանների ծնողական կոմիտեի նախագահ Լիլյա Մարուքյանը պատասխանեց, նշելով որ 4-րդ դասարանում աշակերտներից դպրոցի արտաքին տեսքի ձևավորման համար գումարներ է հավաքում դասղեկ Հասմիկ Ավետյանի հանձնարարությամբ, իսկ  8-րդ դասարանի  աշակերտներից դրամահավաք անելու համար դասղեկից հանձնարարություն չի ստացել: Լիլյան նաև հայտնեց, որ տարեվերջին ֆոնդում մնացած գումարով 4-րդ դասարանի երեխաներին Դսեղ էքսկուրսիա են տարել:

Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Արմինե Վարոսյանի ասելով՝ Dasaran.am ֆոնդի համար աշակերտներից կատարվող դրամահավաքը նոր չէ: Աշակերտները 1-ին դասարանից մինչև հիմա ֆոնդին ամիսը 200 դրամ են վճարում։ «Ֆոնդի գումարները ծախսվում են միայն աշակերտների համար»,-հավաստիացրեց Ա. Վարոսյանը:

Դպրոցի 7-րդ դասարանի  աշակերտներից մեկը ծնողը՝ Հ. Մ.-ն պատմեց, որ ֆոնդի գումարներից դասարանների համար  գնվում են «կառնեզներ, վարագույրներ, անգամ գուդրոն»՝ դասարանների պոկված  պարկետները կպցնելու համար: «Ծնողական ժողովներում մի քանի ծնողներ հաճոյանալու համար դասարանական ֆոնդով հավաքված գումարներից  առաջարկում են  գնել նվերներ ուսուցիչների և տնօրենի համար, մնացած միջակից ցածր ապրողներս ստիպված համաձայնում ենք նրանց առաջարկին: Ինձ համար ամենատհաճը դա  է»,- հայտնեց նույն ծնողը:

«Իմ տղան՝ Վլադ Վարոսյանը սովորում է 6-րդ ա դասարանում: Տղաս լավ է սովորում: Ամուսինս «Թեղուտ» ՓԲԸ-ում է աշխատում: Հա, իհարկե, ես դպրոցի  դրամահավաքին  մասնակցում եմ: Նայած ինչքան գումար են ուզում, այդքան էլ տալիս եմ: Ասենք ամեն ամիս  երկու երեխաներիս համար 400 դրամ ֆոնդի փողը պարտադիր ուղարկում եմ: Ուսուցչի տոնին, մարտի 8-ին  ուսուցիչների համար նվերներ առնելիս, եթե ֆոնդի փողը չի բավարարում, լրացուցիչ 500 դրամ փող են ուզում, դա նույնպես  ուղարկում եմ»,-պատմեց Արմինե Սաֆարյանը:

«Ես նույնպես մասնակցում եմ  թիվ 12 դպրոցի դրամահավաքին: Հա, նաև ֆոնդի 200 դրամ գումարներն եմ ուղարկել դպրոց: Երբ պետք է լինում, ես մասնակցում եմ  ֆոնդի գումարների ծախսման աշխատանքներին: Ուսուցչի օրվա և մարտի 8-ի առթիվ  ուսուցիչների համար ծաղիկներ և նվերներ առնելու դրամահավաք դպրոցի բոլոր դասարաններում էլ լինում է: Դա էնենց չի , որ միայն մեր 6-րդ ա  դասարանում  է լինում»,-հայտնեց Նարինե Մկրտչյանը:

Դպրոցից ահազանգ էինք ստացել 5-րդ դասարաններում այս  օրերին դասագրքերի տեղափոխման ճանապարհածախսի հետ կապված  դրամահավաքի մասին: Այստեղ էլ տիկին Կոլոլյանը բացատրեց, թե դասագրքերի փողի հավաքագրման ժամկետը մարզպետարանից սահմանել են մինչև հոկտեմբերի 1-ը, բայց մինչև նոյեմբերի վերջը թույլատրվում է դասագրքերի գումարների վճարումները երկարաձգել: «Մենք ուղղակի ծնողներին չշտապեցնելու համար ասում ենք , որ հոկտեմբերի 1-ը  վերջնաժամկետն է, բայց մինչև նոյեմբերի վերջը մենք գումարները հավաքում ենք:  Դասագրքերի մեր գումարը 1,2 մլ. դրամ է, որից 104 հազար  սոցիալապես անապահովների զեղջն է, ցուցակները կա»,-հավելեց  ուսմասվարը: «Հիմա դուք  դասագրքերի որևէ  գումար վճարե՞լ  եք մարզպետարանին»,-հարցրի: «Ոնց չենք վճարել, վճարել ենք: Մեզ մնում է մուծելու երևի մի 40 և մի քանի հազար դրամ»,-պատասխանեց Ա. Կոլոյանը:

Գրադարանավարուհի Սուսաննա Ղալայանի խոսքով՝ դպրոցի աշակերտների դասագրքերի 1,2 մլն. դրամը  հոկտեմբերի 1-ի դրությամբ ծնողներից հավաքագրվել և վճարվել է մարզպետարանին. «Դասագրքերի գումարների հավաքման  պրոբլեմ դպրոցում մենք չունենք:Այդ  խնդիրը լրիվ լուծված է: Ես գիտեմ, որ  հիմա , ինչպես 5-րդ, այնպես էլ դպրոցի մյուս դասարաններում Dasaran.am ֆոնդի  գումարներն են հավաքվում՝ դպրոցի արտաքին տեսքի ձևավորման համար»,- բացատրեց   գրադարանավարուհին: Այդ դեպքում ինչ 40 հազար դրամի մասին էր խոսում դպրոցի ուսմասվարը:  «Կարող է գրքերի փող է տրվել, մենք դեռ չենք  ավարտել  գրքերի գումարների հավաքման գործը»,- հայտնեց տնօրենը: Մեր հաշվարկներով ֆոնդում աշակերտներից դրամահավաքի մեկ ամսվա գումարը կազմում է 118 հազար դրամ: Ուսումանական տարվա 9 ամիսների ընթացքում դպրոցի 590  աշակերտներից  ամիսը միայն 200  դրամ դրամահավաքից  հավաքվում է  1 մլն 62 հազար դրամ:  Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Արմինե Վարոսյանը տեղյակ չէր  ֆոնդին աշակերտների կողմից վճարվող գումարի այս քանակին: «Ինձ վրդովեցնում է, որ աշակերտներից  կոպեկներով հավաքված  ֆոնդի գումարները  ուղղվում է ուսուցիչների համար նվերներ ու ծաղիկներ գնելուն: Գոնե դա ուղղեն աշակերտների գիտելիքների հարստացմանը: Ես հաճույքով թիվ 12 դպրոցից կտեղափոխեմ իմ երեխաներին, սակայն  նրանք չեն համաձայնում, սիրում են դասարանի իրենց ընկերներին»,-հայտնեց  ծնող Հ.Մ.-ն, ով խնդրեց չհրապարակել իր անունը:Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը հերքեց դպրոցում դրամավաք կատարելու փաստը. «Կոնկրետ մեր դպրոցում ընդհանրապես  դրամահավաք գոյություն չունի:  Ես Ձեզ ասեմ «Լոռու դպրոց» հիմնադրամը գումար է հավաքում, հիմա չունենք գերազանցիկ աշակերտ, բայց, երբ ունեցել ենք՝  հիմնադրամը կրթաթոշակ է նշանակել: «Լոռու դպրոց» հիմնադրամի փողը ուսուցիչների աշխատավարձից  է պահվում է: Դե հիմա դա արդեն ընդհանուր որոշում է: Այս տարի աշակերտներից հիմնադրամի համար   գումար  չենք հավաքել»,-բացատրեց տնօրենը: Թիվ 12 դպրոցի  ուսուցիչներից մեկն էլ  դժգոհեց առանց իրեն տեղեկացնելու ամեն ամիս  իր աշխատավարձի 0,5 տոկոս հիմնադրամի հաշվին փոխանցելու համար: «Ուսուցիչներից հիմնադրամին գումար վճարելը կամավոր սկզբունքով է, այնպես որ «Լոռու դպրոց» հիմնադրամը երբեք պարտադիր դրամահավաք չի արել»,- ասաց Լոռու մարզպետը:

Մեկնաբանություններ (26)

Մելանյա
Հարգելինրս.Եկեք հասկանանք,որ մի բան է,երբ մի քանի ծնող հավաքվում ու որոշում են ծաղիկ կամ նվեր առնել.և մի այլ բան է`երբ շատերի օրվա վաստակի հաշվին ստիպողաբար գումար են հավաքում.որը Ցանկանում եմ մի կողմ թողնել դրամահավաքն ու առիթից օգտվելով կարծիքս հայտվնել դպրոցի մասին. Դպրոց`որտեղ աշխատում են երեխաների հանդեպ բռնություն կիրառող ուսուցիչներ և նրանց արդարացնելու մեջ մասնագիտացված տնօրեն: Տնօրեն,որի բառապաշարից կարող ենք բազմաթիվ վիրավորանքներ սովորել: Տնօրեն,ով արգելում էր այն,ինչ թույլոտրվում է օրենքով:Գիտեմ,որ անջատած,բայց հեռախոս թույլատրվում է օրենքով,սակայն տնօրենը սպառնում էր ջարդել ցանկացածի հեռախոսը(եթե գտնի). Հարգելի տնօրեն. Օգտվելով առիթից ուզում եմ ասել.ոչ մի անգամ հեռախոսս տանը չեմ թողել.միշտ էլ բերել եմ.ու նույնիսկ դասընկերներիս հեռախոսները էնպես եմ պահել,որ չեք գտել.ու դուք կամ ուսուցիչները չպարծենաք,թե կարող էիք գտնել.դրա փոխարեն գործով կապացուցեիք... մի բան էլ.ԴՈՒՔ-ով խոսելս հարգանքի նշան չէ,այլ դաստիարակությանս. Ուրախ եմ.որ այդ դպրոցում 12 տարի չեմ սովորել. Մի անառողջ մթնոլորտ,որտեղ սովորող աշակերտը երբեք չի կարող ճիշտ դատողություն ունենա,քանզի սահմանափակում են նրա ազատ խոսքի իրավունքը:Ստիպում են ասել այն,ինչ իրենց ձեռնտու է,ոչ թե այն,ինչ երեխան է ցանկանում:
Անանուն
ինձ թվում է ուղղակի մեր հարգելի լրագրողի խիղճը չի տվել ամվողջ իրավիճակը ներկայացնել: Ես անխիղճ կգտնվեմ: Իմ կարծիքով դրամահավաքը այնքան կարևոր չէ,որքան այն հոգեբանական ճնշումը ,որը գործադրվում է աշակերտների վրա:Մի՞թե կարելի է անտեսել այն,որ երեխաները իրավունք չունեն առանց դպրոցի տնօրենի իմացության և «հեղինակավոր» թույլտվության հանգստյան օրերին որևէ կազմակերպության ծրագրի մասնակցել և դրա շրջանակներում գնալ քաղաքից դուրս: ինչու՞ պետք է նույնիսկ լավ սովորող երեխան ավարտական քննության ժամանակ ստանա նվազագույն միավորը,միայն այն պատճառով, որ գումար չի տվել տնօրենի դանայան տակառ հիշեցնող ստամոքսը լցնելու համար:ինչու՞ պետք է «հարգարժան» տնօրենը իրավունք վերագրի իրեն աշակերտին արգելելու դասերի ավարտից հետո զբաղվել այն ամենով,ինչ իրեն հետաքրքում է` սպառնալով, որ կզրկի ատեստատից:Եվ թվարկածներս ամբողջ իրականության միայն չնչին մասն են: Այս պայմաններում սովորող երեխան ի՞նչ նպատակներ ու ցանկություններ պիտի կառուցի ապագայի վերաբերյալ:Չէ՞ որ մանկավարժը պետք է լավ մարդու օրինակ ծառայի երեխայի համար:Ի՞նչ է սովորելու և ինչպիսի՞ մարդ է դառնալու այս պայմաններում սովորած երեխան:
A E
Մի ճշտում եվս... դասագրքերի գումարները նախորոք է հավաքվել։ Օգոստոսի վերջին օրերին կանչել են ծնողներին եվ տեղեկացրել են,որ ով կվճարի դասագրքերի գումարը,նա էլ կստան դասագրքերը։ Մյուս դպրոցներում երեխաներին են հանձնել գրքերը եւ որոշ ժամանակ տվել գումարները վճարելու համար,իսկ այս դպրոցում ուղղակի շուկայական հարաբերություն էր ՙՙվճարի եւ կստանաս քո դասագիրքը՚՚։
ՖԵՆՅԱ
Հարգելիներս մենք բոլորս շատ խնդիրներ ունենք ևդա շատ լավ գիտենք,բայց ինչ կլինի որ մեր կողմից ինչ որ չափով աջակցենք դպրոցին ի հօգւտ մեր երեղաների, չէ որ այսօրվա շատ դպրոցներ շատ ղնդիրներ ունեն և տնօրինությունը միայնակ բազում հարցերի լուծում չի կարոզ տալ
Lilit
Դպրոցները գումար են ստանում բյուջեից համաձայն սովորող երեխաների քանակի և ծնողները պարտավոր չեն ավել գումարներ ուղարկեն վարագույրների, կավիճի և այլնի համար: Բյուջեից ստացված գումարը դա արդեն իսկ ծնողներից հավաքված հարկերից ձևավորված գումարն է, փաստորեն ստացվում է որ մարդիկ կրկնակի վճարում են այսպես կոչված անվճար դպրոցի համար? Կան դպրոցներ որտեղ գումար չի հավաքվում և իրենք կարողանում են յոլա գնալ, ուղղակի քիչ է պետք գռփել ու ուտել , այդ դեպքում ամեն ինչին էլ բավարար կլինի: Դպրոց ու ծնող սերտ կապը չպետք է լինի ծնողներին կլպելու միջոցով: Ուսուցիչներն էլ ավելի խեղճ վիճակում չեն քան շաաաատ ծնողներ, ովքեր կոպեկներ ստանալով միևնույն է ամոթից դրդված փող են ուղարկում ուսուցիչների նվերների և այլնի համար: Էլ չեմ խոսում այդ սոցփաթեթ կոչված թյուրիմացության մասին, որ ուսուցիչները բյուջեի հաշվին (այսինքն էլի ծնողների մուծած հարկերի հաշվին) տարին մեկ գնում են անվճար հանգստանալու ու անվճար բժշկական ստուգումների, էն դեպքում որ բազմաթիվ քաղաքացիներ անգամ մի հատ կարդիոգրամայի չեն կարողանում գնալ փող չունենալու պատճառով: Էլ չեմ խոսում որ ուսուցիչների մեծամասնությունը ստիպողաբար երեխաների հետ պարապում են, ծնողներն էլ շանտաժից ու ցածր թվանշանից վախենալով ստիպված տալիս են էդ գումարները: Էնպես որ իզուր не прибедняйтесь: Ծիծաղելի է հնչում որ ասում են ծնողներն են ուզել հավաքել, ոչ մի ծնող իր կամքով փող չի տալիս: Կառաջարկեմ վերացնել էդ ծնողկոմիտե կոչված երևույթը:
Հասմիկ
Նաիրա, նորմալ, իր աշխատանքով ապրող ուսուցչին՝ սոված դասի եկող իր աշակերտների ծնողների դրամահավաքով տրվող ծաղիկներն ու ծաղկամանները և մյուս նվերները պետք է ցավ պատճառեն:
Անժելա
Կոնկրետ 12 դպրոցում իրավիճակն ահավորա,բոլորն էլ գիտեն տնօրենի համար թանկարժեք զարթեր առնելու համար են գումար հավաքում,բոլորն էլ տեղյակ են որ դպրոցի տնօրենը իրա պարտականույունները կատարելու փոխարեն միս վաճառողների մեքենաները փողոցից միանգամից դպրոցի բակա բերում ու իսկկաան շուկա սարքում,ամոթ է ամոթ,դա ինչ տնօերնի կեցվածք է,կամ ինչ գործ ունի դպրոցի բակում առեւտրականների բանջարեղենի կամ մսի մեքենան,բոլորն էլ գիտեն որ տնօրենը փող է հավաքել տալիս
Սվետլանա
Ես դպրոցի ծնող եմ,երբ հերթական փող հավաքելու ժամանակնա գալիս,ես դեմ եմ լինում մտածելով առանց այդ էլ սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքների ընտանեկան բյուջեի մաիսն,բայց մի քանի հարուստ ու իրանց ցուցադրել սիրող ծնողներ հարձակվում են ու սկսում արդարացնել իրենց արարքը,ուսուցչի ու տնօրենի համար թանկարժեք նվերներ առնել ուզում եք դուք առեք,մի փաթաթեք մնացածին ձեր ցանկությունը,որը ձեր երեխաներին փչացնում է ձեզ էլ դարձնում հիմար
Ծնող
Դպրոցի ծնող ներկայացող Սվետլանա կամ նույն ինքը Անժելա, Նաիրա, կամ էլի ոմանք:Մաղձ է կուտակվել մեջդ,չար ես,նախանձ,խաբեբա,ստախոս:Արդյոք չե՞ս վախենում,որ չարությունդ ու չկամենալդ քեզ հետ կվերադառնա:Չի՛ կարելի,մ՛ի վարկաբեկիր ծնողներին:Մենք սիրում ենք մեր դպրոցը,մեր ուսուցիչներին,մեր տնօրենին:
Իրինա
Քաղաքի համարյա բոլոր դպրոցներն էլ էս օրին են, լրագրողը ճիշտ կաներ մի քանի դպրոցի օրինակով գրեր նյութը: Ուղակի տնօրեն կա, հետը լավ չի, տնօրեն էլ կա քեֆին չի ուզում կպչի: թե չէ նենց չի որ ասենք թիվ 2 կամ թիվ 5 դպրոցներում էս վիճակը չի: Ամեն ինչի համար էլ անում են դրամահավաք, գոնե ամաչեն, դպրոցը բյուջե ունի ու էդ փողով կարան համ վարագույր առնեն, համ ցելաֆան խփեն համ էլ պոլ կրասկեն: Ուղակի տնօրենները չարչի են դառել, գռդոն ա որ անում են: Ամոթ:
Լիլիթ
Ուզում եմ հասկանալ թե հատկապես ինչու եք անդրադարձել շրջանի դպրոցի? չէ որ քաղաքում ավելի ահավոր վիճակ է և շատ ավելի մեծ գումարներ են հավաքվում ծնողներից: ՈՒսուցիչներին թանկարժեք նվերներ կամ էլ ծրարով գումար են տալիս, արդեն վաղուց մի փունջ ծաղիկով ու կոնֆետով չեն բավարարվում: Զարմանում եմ թե ծնողները ինչից են ամաչում կամ էլ վախենում ու չեն բարձրաձայնում այն ինչ որ բոլորին է հայտնի:
Նանա
200 դրամ ֆոնդի գումարն ինչ է ,,,դասարան կա 12 դպրոցում ամսեկան 300 դրամ են հավաքում
Ահազանգող ծնող
Հարգելի տիկին Փարեմուզյան,ես թիվ 12 միջնակարգ դպրոցի,միաժամանակ թիվ 6 մանկապարտեզի ծնող եմ:Իսկ ինչու՞ չեք անդրադառնում թիվ 6 մանկապարտեզին:
Ահազանգող ծնող
Այ Նանա ջան,200,300 դրամն ի՞նչ գումար է,անգամ երեխաների մի փոքրիկ ցերեկույթին չի հերիքի:Դա տենց կրիմինալ թիվ չի ,իսկ թիվ 6 մանկապարտեզում ամեն երեխայից 2000 դրամ են հավաքել,դու հլա գումարի:
Անահիտ
Դպրոցում արդեն ստուգումներ են սկսված,բայց համոզված են որ տնօերնի կողքով անցնել չեն կարող,հենց ինքը՝տնօրենն է բարձրաձայնել էդ մասին,դե որ ինքը ընտրությունների ժամանակ հանրապետականների օգտին լավ ձայներա ապահովում,ուսւցիչներին ու առավել եւս ծնողներին համոզում ընտրել հանրապետականին եւ նրա թեկնածուներին,դրա համար էլ երբեք տնօերնի պաշտոնից չեն հանի,թեեւ համոզված են որ ոչ մի ստուգումներով էլ հնարավոր չի լինի բացահայտել որեւէ բան
Ադանե
Տիկին Փարեմուզյան դուք բավականին բանիմաց,գրագետ լրագրող եք և ռղջունելի է այն փաստը,որ դուք ուշադիր ու հետևողական եք խնդիրներին,Բայց ասեմ,որ ավելի լավ կլինի,որ դզեր հոդվածում նշված խնդրով զբաղվեն պատկան մարմինները,Այսօր շատ ցիվիլ հոդվածագիրներ փակում են մեկնաբանություններ բաժինը,որպեսզի դա չդռնա ճղճիմ ու փողոցային կամ ասենք հարևանների սուրճի սեղանի շուրջ քննարկման թեմա,Միգուցե դուք էլ փակեք,Աղի մուկը որ ընկնկնումա յուղի կարասի մեջ հարամումա,Մեկը էսքան վատաբանումա էդ դպրոցն ու տնօրենին,բայց շատ իզուր,Բոլորի աչքի առաջ էդ տնօրենի օրօք էդ դպրոցը ծաղկելա ,Վատաբանել ու չարախոսելը շատ հեշտա,Եթե կա խնդիր ուրեմն լուծել է պետք,ոչ թե փողոցային քննարկումներով,սրա վրա ոմանց չարությունից դրդված ցեխ շպրտելով,այլ քաղաքակիրթ ճանապարհով,Դրա համար ավելի լավ է փակեք մեկնաբանությունների բաժինը,
Անանուն
Չհավատաք ծնողկոմիտեների հաշվետվություններին,որովհետեւ տնօրինությունն է թելադրում թե նրանք ինչ գրեն։ Ես հաստատ գիտեմ,որ երեխայիս դասարանի հավաքված գումարից թեստերի քսեռոքսի ու ուսուցչի օրվա առիթով նվեր է գնվել,բայց տնօրինությունը թույլ չի տվել դա նշեն հաշվետվության մեջ։
Ֆ
Եթե կարելի է մի հարց.ու կցանկանայի որ հարցիս տնօրենը պատասխանի. Հոդվածում տնօրենը նշել է հիմնադրամից աշակերտին տրվող կրթաթոշակի մասին.կցանկանայի պարզաբանեք.այդ ի՞նչ կրթաթոշակի մասին է խոսքը,երբ ես 9 տարի սովորել եմ այդ դպրոցում,ի դեպ`9 տարին էլ եղել եմ գերազանցիկ,բայց ոչ մի կրթաթոշակի ինձ չեն տվել.նույնիսկ նոր եմ իմանում դրա մասին. Սխալ չհասկանաք.ես չեմ ասում այդ հիմնադրամը կրթաթոշակը չի տվել,բայց հարց է,արդյո՞ք այդ գումարից թեկուզ մի փոքր մաս հասել է աշակերտին:
Suren
Հարգելի Նաիրա այն ,որ օրոնքով արգելված է դրամահավաքները դա քննարկման ենթակա չէ: Ինչ վերաբերվում է նրան, թե դրամահավաքը նպաստում է աշակերտ-ուսուցիչ հարաբերություններին , Ձեզ հետ չեմ համաձայնվի , որովհետև նույնպես այդ դպրոցի աշակերտ եմ եղել և վստահեցնում եմ ձեզ , որ ամենևին էլ դրական արդյունք ճի տալիս հարաբերություններում ` ընդհակառակը , դրա մասին միայն ես չէ որ փաստում եմ Ինչ վերաբերվում է 200 300 դրամի կլիմինալ լինեծուն կամ չլինելուն ` համաձայնվեք , որ մանավանդ մեր քաղաքում քիչ չեն 200 300 դրամի կարիքն ունեցող ընտանիքները: Մենք բոլորս ակնկալում ենք դրական փոփոխություններ այս հարցում , որովհետև շրջանի աշակերտներն ու ընտանիքները նույնպես օգնության կարիք ունեն:
Սվետլանա
Իսկ նախանձի ու մաղձի մասին խոսել կարծում եմ տեղին չի,ինչի՞ն պետք է նախանձեմ,մի նախանձելու բան էլ լինի,դատաստանից էլ չեմ վախենում քանի որ ոչ սուտ եմ խոսում,ոչ էլ չարությամբ
Սվետլանա
Հարգելի ծնող ,ինչպես դու այնպես էլ ես այդ դպրոցի ծնող եմ,պարզ է որ դրամահավաքությանը կողմ ես,ուղղակի չեմ հասկանում ինչպես կարելի է արդարացնել ամեն ինչի համար փող հավաքելու չարիքը,ի՞նչու պետքա երեխան գնի կավիճ,վարագույր,կամ էլի ինչ-որ բան,դրա համար դպրոցն ունի տնտեսական ծախսերի համար նախատեսված գումար,իսկ ինչ վերաբերվում է նվերներին,դու էլ գիտես ես ել ու բոլորն էլ որ ուսուցիչների ու տնօրենի համար թանկարժեք նվերներ ենք առնում,եթե տնօրենին կամ ուսւցչին կամ չլինի,այնպիսի իրավիճակ կստեղծեն որ ծնողն ամաչի ծաղիկից բացի ինչոր թանկարժեք իր առավել եւս ոսկի նվիրի ,հարգել էք ուզում ծաղիկներ նվիրեք
Լարիսա Փարեմուզյան
Իրինա, անկեղծ ասած քաղաքի 5 դպրոցներում ուսումնասիրել եմ խնդիրը: Լուրջ ահազանգներ են ինձ եկել թիվ 12 դպրոցից: Մենք մի քանի այլ խնդիրների հետ կապված զրուցել ենք տնօրեն Ավետյանի հետ : Իմ տեղեկություններով նա մեր զրույցից հետո որոշ բաներ շտկել է, ես էլ որպես լրագրող նպատակահարմար չեմ գտել անդրառնալ մնացած խնդիրներին: Վերադառնալով մյուս 4 դպրոցներին ես այնտեղ իմ ուսումնասիրությունների ընթացքում լուրջ փաստեր չեմ հայտնաբերել: Գուցե այն պատճառով , որ շատ ծնողներ չեն ուզում վատամարդի դառնալ և չեն խոսում լրագրողիս հետ: Իրինա, եթե դուք ունեք փաստեր այլ դպրոցների մասին, խնդրում եմ ուղարկեք ւնձ , ես դրանք կստուգեմ և անպայման կհրապարակեմ:
Melanya
Լիլիթը շատ ճիշտ է ասում, ինչու պետք է մենք մի քանի անգամ վճարենք մեր երեխեքի կրթության համար։ Այս խնդիրը կա բոլոր դպրոցներում և շատ ճիշտ կանի լրագրողը, որ հետևողական լինի սրան։ Թե չէ ստացվում ա նյութը գրում ա, բայց խնդիրը չի լուծվում։ Եթե կա էս խնդիրը, ուրեմն մի քանի անգամ գրեք սրա մասին մինչև որ մարզպետարաններում ու նախարարություններում զարթնեն ու հասկանան, որ իրենց դրածո տնօրենններով ու կրթության ցածր աստիճան ունեցող ուսուցիչներով մի ամբողջ սերունդ են փչացնում, մի ամբողջ ազգ են կործանում։
Գոհար
Թիվ 12 դպրոցն ավարտել եմ 6 տարի առաջ, բայց 1-12 դասարաններում միշտ էլ գումարի հավաքում եղել է թե՜ հիմնադրամի, թե՜ գազի վառարանները միացնելու, թե՜ դասրանները և միջանցքները վերանորոգելու, վարագույրներ և նման այլ իրեր գնելու համար: Նույնիսկէն երեխաներին էին ստիպում բերել, ովքեր չունեին այդ հնարավորությունը։ Չեմ հասկանում՝ ինչու՞ է դպրոցի տնօրենը հերքում այս ամենը։
Asya
Ես արդեն 6տարի է որ ավարտել եմ ես դպրոցը,բայց մինչև հիմա հիշում եմ են,որ ֆոնդի գումարը տալիս էինք ու կավիճը մենք էինք էլի առնում,որովհետև տնօրենի կարծիքով էդ կավիճն էինք,արագ էր վերջանում,հավաքում էինք դեղերի փող,վարագույրի,մեխի ու ամեն զիբիլի...
Նաիրա
Հարգելիներս,ով է ասել ,որ ծնողները չպետք է աջակցեն դպրոցին:Եթե ինչ որ բան արվում է կամավոր ծնողների նախաձեռնությամբ,ով է ասել որ դա չի կարելի կամ օրենքով արգելվաց է:Բա ուր մնաց դպրոց ընտանիք սերտ կապը:Այսօր շատ քիչ ծնողներ են կանգնում դպրոցի կողքին,որոնք հետաքրքրվում են իրենց երեխաներով,դպրոցի առօրյաով,հիմնականում պահանջողի դերում են,որ միայն դպրոցը ունի պարտավորություններ,իսկ իրենք միայն գիտեն իրենց իրավունքները,բայց պարտականությունների մասին մոռանում են:Այսօր դպրոցներում աշխատող ուսուցիչները աշխատում են չնչին ժամաքանակով ու չնչին աշխատավարձով,բայց իրենց աշխատանքը սիրով կատարում են,այսինքը այդ ուսուցիչները տարվա մեջ մեկ փունջ ծաղկեփնջի անգամ արժանի չեն:Այ հասարակության այսպիսի վերաբերմունքն է հասցնում նրան,որ այսօր ուսուցիչը հայտնվել է խեղջ ու անպաշտպան վիճակում:Պետք է համատեղ աշխատանք,դպրոց ծնող սերտ կապը պետք է ամուր լինի,եթե ծնողները մի բան անում են իրենց երեխաների ժամանցի,կամ գեղագիտական ճաշակ ձևավորելու համար,դա դեռ չի նշանակում,որ արվում է ուսուցչի կամ տնօրենի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter