HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն հանդիպումներ է անցկացնում մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը այսօր հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի և Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Այս մասին տեղեկացնում է ծառայությունը: 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները քննարկելու և հնարավոր լուծումներ տալու նպատակով:

Իշխան Կարապետյանը խոսել է դաշտը կանոնակարգելու և բոլորի գործառույթները հստակեցնելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով տնտեսավարողների մասնակցությունն այս գործընթացում:

Զգուշացվել է, որ տնտեսվարողները ձեռնպահ մնան առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված միսն ընդունելուց և իրացնելուց, այլապես պետական վերահսկողության շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:

ՍԱՊԾ-ում, ըստ հաղորդագրության, արդեն իսկ տեղի է ունեցել հանդիպում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ. նրանց նույնպես խստորեն զգուշացվել  է՝ առանց պատշաճ փորձաքննության չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան:

Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տնտեսավարողներին ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջները՝ նշելով, որ պետք է համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ:

Ծառայության պետը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է որոշ ժամանակ հետո կենդանիների մորթ կատարել բացառապես սպանդանոցային պայմաններում, ինչն էականորեն կկարգավորի դաշտը և զգալիորեն կնվազեցնի առկա ռիսկերը:

Տնտեսավարողներին ՍԱՊԾ-ում հորդորել են կասկածելի բոլոր դեպքերում անմիջապես տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter