HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողները, որպես փոխհատուցում, 3 ամիս օգտվել են վերելակից

Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում վերջերս սկսել է գործել Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC): Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսել են 2016-ի փետրվարին, ավարտվել հուլիսին:

Դեռ աշխատանքների նախապատրաստման ժամանակ ԵՊՀ-ից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ շինարարական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է վերելակ, որից կկարողանան օգտվել ոչ միայն կենտրոնի աշխատակիցները, այլև  մասնաշենքի ուսանողներն ու դասախոսախոսական կազմը:

Վերելակը բարձրանում է 1-ին հարկից միայն 6-րդ հարկ. այլ հարկերում վերելակը չի կանգնում։  

Սկզբանական փուլում 4-րդ և 5-րդ հարկերում դասեր ունեցող ուսանողները կարողանում էին բարձրանալ 6-րդ հարկ ու իջնել իրենց լսարաններ: Սակայն ուսանողների «հնարամտության» վերջն էլ եկավ. այժմ վերելակը հասանելի է միայն քարտերով:

Վերելակն այսուհետ սպասարկելու է միայն կենտրոնի օգտատերերին, նաև՝ 4-րդ և 5-րդ հարկերում  դաս ունեցող դասախոսներին և հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողներին: Այս խմբերի համար պահակակետում կլինեն վերելակից օգտվելու լրացուցիչ քարտեր:

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բիզնեսի զարգացման գծով մենեջեր Արեգ Գևորգյանը վերելակից օգտվողների սահմանափակումը բացատրում է ծախսերի հնարավոր նվազեցմամբ. «Վերելակի սպասարկման ապահովումը դրված է մեզ վրա, այիսնքն՝ էլեկտրաէներգիայի, վերանորոգման հարցերն ամբողջապես մենք ենք լուծում: Էլեկտրաէներգիայի վճարներն այս 3 ամիսների ընթացքում աստղաբաշխական են եղել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ: Ուսանողների վերելակից չօգտվելը ծախսվող էլեկտրաէներգիայի վճարը կնվազեցնի 70 տոկոսով»:

Այս դեպքում հարցի լուծման տարբերակներից մեկը կլիներ կենտրոնի և ԵՊՀ-ի կողմից վերելակի սպասարկման ու էլեկտրաէներգիայի վճարների համատեղ մարումը: Այս մասին, սակայն, ինչպես տեղեկացանք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գևորգյանից, դեռևս որևէ քննարկում չկա. «Չեմ կարծում, որ վերելակի ծախսն այնքան աստղաբաշխական է, որ համալսարանի ընդհանուր բյուջեից անհնար լինի հատկացնել: Բայց ուսումնասիրել ու հասկանալ է պետք, թե որքանով է արդարացված, որ մենք ուսանողից կրթական ծառայություն մատուցելու համար ուսման վարձ վերցնենք ու դրանով վերելակի հոսանքի վարձ վճարենք: Դրա փոխարեն մեկ-երկու համակարգիչ ու ինտերակտիվ գրատախտակ ավելացնելը գուցե ուսանողների համար լինի առավել նպատակահարմար»:

Կարեն Գրիգորյանի խոսքով՝ համալսարանի ղեկավարությունը ի սկզբանե կենտրոնի առջև խնդիր էր դրել վերելակից օգտվելու արտոնություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչն էլ նախնական պայմանավորվածության համաձայն արվում է:

Իդեպ, կենտրոնի աշխատակազմը մեզ հետ զրույցում ընդգծեց նաև, որ ուսանողներն անցած 3 ամիսների ընթացքում անբարեխիղճ են օգտվել վերելակից: Չնայած վերելակում եղած գրություններին ու բանավոր զգուշացումներին, որ վերելակից միաժամանակ կարող են օգտվել մինչև 4 անձ, վերելակից օգտվել են 8-9 ուսանող, ինչն էլ հավելյալ անգամ մասնագետներին դիմելու ու վերելակը վերանորոգելու պատճառ է դարձել։

«Վերելակից օգտվելու անընդհատ հերթերը ևս դժվարություններ էին ստեղծում: Շատ անգամ աշխատանքի գալիս ստիպված ենք լինում սպասել 15 րոպե և ավելի, որպեսզի ուսանողների խմբերից հետո մեր հերթն էլ գա ու կարողանանք աշխատանքի բարձրանալ», - նշում է կենտրոնում հմտությունների զարգացման մենեջեր Ռուզաննա Սաֆարյանը:

Մինչդեռ կենտրոնից օգտվող ուսանողների ու ԵՊՀ-ի ուսանողների միջև տարբերություն դնելն ու վերելակից օգտվելն արգելելը ուսանողուհի Աննա Հարությունյանը համարում է խտրական վերաբերմունք.

«Կենտրոնի աշխատակիցների գերակշիռ մասը երիտասարդներ են. որքանով է արդար, որ մենք՝ ԵՊՀ ուսանողներս, բարձրանանք ոտքով, իսկ կենտրոնի ուսանողները՝ վերելակով: Բուհի ներսում վերելակ տեղադրելու և հետագայում դրանից օգտվել-չօգտվելու հարցը պիտի նախապես լուրջ քննարկվեր ու հաստատվեր համալսարանի ղեկավարության ու վերելակը տեղադրող կազմակերպության միջև: Պետք է նախապես գտնեին այնպիսի լուծումներ, որ ոչ ուսանողն իրեն վատ զգար այս կարգավիճակից, ոչ էլ կենտրոնի աշխատողները անհարմարություններ կրեին»:

Կենտրոնի կառուցման  ընթացքում  հենց ուսանողներն են կրել մի շարք անհարմարություններ. սա փաստում են և ուսանողները, և դասախոսները: Շինաշխատանքների աղմուկի պատճառով մասնաշենքում շատ հաճախ ուղղակի անհնար է եղել դասերն անցկացնել:

Մեր այն դիտարկմանը, որ գուցե պատճառած անհանգստության դիմաց ուսանողները գոնե վերելակից օգտվելու արտոնություն ստանան, Արեգ Գևորգյանը պատասխանեց.

«3 ամիս վերելակից օգտվելը վնասի փոխհատուցում էր: Ու բացի դա կենտրոնի ստեղծումն ինքնին ուսաողների համար էր. տեխնոլոգիական ոլորտում առաջընթացի, գիտելիքներ ձեռքբերելու առումով ուսանողների համար սա մեծ հնարավորություն է»:

Զառա Մանուչարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter