HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արտագաղթողի հոգեբանությամբ գյուղը չես շենացնի

Սվարանցի գյուղամիջում հավաքված տղամարդկանց հայացքն ուղղված էր դիմացի լեռներին, որտեղ երկաթի հանքավայրերն են: Հանքավայրերը շահագործելու մասին խոսակցությունները շրջանառության մեջ դրվեցին Տաթեւի ճոպանուղին շահագործման հանձնելուց կարճ ժամանակ անց, երբ Կառավարության որոշումով զբոսաշրջային գոտում ընդգրկված գյուղերի բնակչությունը Ազգային մրցունակության հանձնաժողովի ներկայացրած հեքիաթային սպասումների մեջ էր:

Զբոսաշրջային գոտում ընդգրկված Տաթեւ, Հալիձոր, Տանձատափ գյուղերի բնակիչները, որոնք, շնորհիվ ճոպանուղու, հայտնվել են զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում եւ գյուղում գումար վաստակելու հնարավորությունները տեսնելուց հետո գոնե առժամանակ հրաժարվել են արտագաղթելու մտքից, հանքավայրի շահագործումը իրական վտանգ են համարում իրենց բիզնես ծրագրերին: Սվարանցում, սակայն, այդ ոգեւորությունը չեն ապրում, չնայած այս գյուղը նույնպես ընդգրկված է զբոսաշրջության գոտում, սակայն նրանց «փրկության ծրագիրը» երկաթի հանքավայրն է, այդ օրվա սպասումով են ապրում:

Սվարանցում համայնքապետարանի գոյության մասին հուշող ոչինչ չկար: Միակ հանրային կառույցը փոստատունն էր, եւ ներս մտնելով` ցանկացանք ինչ-որ բան պարզել համայնքապետարանի մասին: Մեր ոտնաձայնի վրա դռներից մեկից դուրս եկան երկու տղամարդ եւ մեր հարցումին մատնացույց արեցին կողպված հնամաշ դուռը, որը պարզվեց` տեղական իշխանության նստավայրն է, իսկ կողքին` գյուղի բուժկետը:

Համայնքապետը գյուղում չէր այդ օրը, փոստի վարիչ Անդրանիկ Ծատրյանը հայտնեց, որ վարկառու գյուղացիների խնդիրներով Երեւան է մեկնել: Հարցրինք համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, հաշվապահին, սակայն հավաքվածները տարակուսած միմյանց նայեցին: Նրանց կողմնորոշելու համար հարցրինք, թե համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ ով է լինում համայնքապետարանում: Պատասխանեցին, թե դուռը բուժքույրն է բացում, ուրիշ մարդ չկա: Ավագանու անդամների ինքնությունը պարզել նույնպես չհաջողվեց, նրանց ոչ ոք չէր ճանաչում, չնայած Սվարանցում պաշտոնապես ավագանու 4 անդամ է գրանցված:

Հոկտեմբեր ամսին «Հետքի» աշխատակիցները Սյունիք կատարած մի քանի այցելությունների ընթացքում Սվարանց գյուղական համայնքի տեղական իշխանության միակ ներկայացուցչին` համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանին գյուղում հանդիպելու փորձեր արեցին, բայց` ապարդյուն:

Արթուր Մարգարյանին հանդիպել եմ 2006-ին, երբ դարձյալ համայնքի խնդիրներին ծանոթանալու նպատակով գործուղվել էի Սյունիք: 2005 թ.-ից Սվարանցի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Ա. Մարգարյանն այն ժամանակ պատմում էր գյուղում տիրող սոցիալական ծանր կացության մասին: Համայնքապետը գյուղում առկա բազմաթիվ խնդիրներից առաջնայինը խմելու ջրի ներքին ցանցի նորոգումն էր համարում` ասելով, թե այն այնքան վնասված է, որ պարբերաբար խցանումներ են լինում, անգամ կրծողներ են հայտնվում ջրում:

Համայնքապետը ոչ մի հույս չուներ, թե հնարավոր է որեւէ բան փոխել եւ գյուղից հեռանալու մասին էր խոսում: Այդ օրից անցել է ավելի քան 6 տարի, Արթուր Մարգարյանը դեռեւս համայնքի ղեկավարն է, իսկ գյուղացիները շարունակում են դժգոհել ջրի անորակությունից` «ջուրն անորակ է, զուլալ աղբյուրներ չեն, գետից է միացված այս ջուրը, մեջն ինչ ասես կա»: Ա. Մարգարյանին ճանաչողներն ասում են, որ նա դեռեւս գյուղից հեռանալու մտորումների մեջ է:

Սվարանցում պաշտոնապես 360 բնակիչ է գրանցված, սակայն գյուղացիների ասելով` շատերն են հեռացել. «Երիտասարդություն չկա, գնում են Քաջարան, Կապան` բնակվում այնտեղ»: Մյուսներն իրենց սոցիալական խնդիրների լուծումը կապում են երկաթի հանքավայրի շահագործման հետ, չնայած խոստովանեցին, որ նախկինում բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է եղել: Ծովի մակերեւույթից 1700 մ բարձրության վրա գտնվող, լեռնայինի կարգավիճակ ունեցող Սվարանցում ներկայումս 262 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հաշվառված, եւ ընդամենը 89 գլուխ մանր եղջերավոր:

Բացի դրանից` 123 գյուղացիական տնտեսություն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Գյուղը բավականին հարուստ է հողատարածքներով` 1621 հա հողերից 1563 հա-ը գյուղական նշանակության հողեր են: Գյուղացիներն այս տարի գոհ էին եկամտից` «կարտոշկան լավ է, մեր եկամուտը հիմնականում դա է»: Անասնապահությունից հրաժարվելը զրուցակիցներս պատճառաբանում էին արոտավայրերի` գյուղից հեռու գտնվելով:

Սվարանցը Սյունիքի մարզի այն համայնքների ցանկում է, որոնք հարկերի հավաքագրման չափազանց ցածր ցուցանիշ են արձանագրում` 20%, որի համար համայնքի ղեկավարը հաճախակի է մարզխորհրդի նիստում դիտողության արժանանում: Սվարանցում տեղական իշխանության աշխատաոճի եւ ներկայացված խնդիրների մասին մեր պատկերացումը կազմեցինք միայն գյուղում շրջելով ու բնակիչների հետ զրուցելով:

Համայնքապետարանում հրամանագրված 5 աշխատակիցներից եւ ոչ մեկին` համայնքապետ, աշխատակազմի քարտուղար, հաշվապահ, գրադարանավար, մշակույթի տան տնօրեն, հանդիպելու հնարավորություն չունեցանք: Զարմացանք գրադարանավարի եւ մշակույթի տան տնօրենի հաստիքների առկայությունից, երբ մշակույթի տուն չունեն:

2006 թ. Սվարանցի համայնքապետն իր հոռետեսական տրամադրություններով եզակի չէր տարածաշրջանի գյուղերում: Տաթեւի նախկին համայնքապետ Յուրի Ստեփանյանը, ով մեր հանդիպման ժամանակ նույնպես գյուղի անելանելի վիճակն էր նկարագրում` ասելով, թե ոչ մի հեռանկար չի տեսնում գյուղում, կարճ ժամանակ անց մեկնեց Ռուսաստան` գյուղի երկու տասնյակ երիտասարդների հետը տանելով:

Նրան փոխարինած ներկայիս համայնքապետ Մուրադ Սիմոնյանն արդեն իրականացված ու ընթացիկ ծրագրերի մասին էր պատմում: Իր նախորդի հոռետեսական տրամադրությունը չուներ, չնայած, ինչպես ներկայացրեց, համայնքի բյուջեն առանձնապես չի մեծացել, արտագաղթը շարունակվում է, սակայն ճոպանուղու գործարկումը էականորեն փոխել է մարդկանց տրամադրությունը:

Տաթեւում, ինչպես բնակլիմայական պայմանները շատ չեն տարբերվում Սվարանցից, այնպես էլ խնդիրները: Համայնքի ղեկավարի ասելով` երիտասարդների մեծ արտահոսք կա գյուղից, 4-5 տարի առաջ գնացել են Կապանի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներում աշխատելու ու հաստատվել այնտեղ:

Երիտասարդներից քչերն են զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ, իսկ ծերերը մեկ կով են պահում: Դաշտերը շատերը չեն մշակում, բնակչության մոտ 50%-ն է վարուցանք անում: Տաթեւը արոտավայրերի պակաս չունի, սակայն վերջին տարիներին ընդամենը երկու ֆերմերային տնտեսություն է կազմավորվել, որոնք շուկայական պահանջարկը նկատի ունենալով` ոչխարի գլխաքանակն ավելացրել են:

Տաթեւի համայնքապետը նշում է, որ այդուհանդերձ տարեկան 80%-ով հարկերը հավաքագրում են, ոչ միայն ընթացիկ տարվա, այլեւ` սեփականաշնորհման ժամանակներից մինչեւ 2006-ը կուտակված հողի հարկի ապառքները, որի մոտ 80%-ը նույնպես հավաքագրել են: Մեր այցելության օրը, ինչպես հայտնեց համայնքապետը, իր տեղակալը փոստում էր, քանի որ թոշակի օր էր, եւ ամենաիրատեսականը տեղում հարկերը գանձելն է:

Համայնքի փոքր բյուջեով` ընդամենը 9 մլն դոտացիա եւ 1 մլն 250 հազար դրամ սեփական եկամուտ, վերջին տարիներին կարողացել էին գյուղում իրականացված ծրագրերում որոշակի մասնակցություն ունենալ: «Սոցներդրումների հիմնադրամի ծրագրով անցած տարի վերանորոգվել է գյուղի ամբուլատորիան, որի համար 2 մլն դրամ ներդրում ենք կատարել համայնքի բյուջեից: Անասնապահական ռազմավարական ծրագրով սարում գոմ ենք կառուցել, որի համար 2,5 մլն դրամի ներդրում ենք կատարել:

Համայնքի բյուջեով նախանցած տարի վերանորոգել ենք խմելաջրի 1000 տոննանոց ջրամբարը, օտարված հողերի գումարով համայնքապետարանն ենք վերանորոգել: 2006 թ. պղնձամոլիբդենային կոմբինատի 12 մլն դրամ ներդրումով գյուղի մոտ 50%-ը կոյուղացրինք, մոտ 30%-ն էլ արդեն 3 տարի համայնքային բյուջեով ենք կատարում, եւ հիմա գյուղի 80%-ը կոյուղի ունի»,- թվարկում է Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Տաթեւ գյուղական համայնքի 2009-12 թթ. քառամյա ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներից` խմելաջրի ներքին ցանցի, դպրոցի, մշակույթի տան, ոռոգման ցանցի վերանորոգում, գյուղամիջյան ճանապարհների նորոգում, ոչ մեկը դեռեւս լուծում չի ստացել: Մեր այցելության օրը համայնքապետարանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչներին էին սպասում, որոնց հետ 5 ամիս առաջ համայնքի ժողովում գյուղի հիմնախնդիրներն էին քննարկել եւ հույս ունեին, որ դրանցից մեկը կարող են համատեղ լուծել:

Ինչպես ներկայացրեց համայնքապետը, ճոպանուղին համայնքի կյանքում ինչ-որ բան փոխել է, բարեկարգ տներում ամռանը 5-6 ընտանիք հյուրանոցային ծառայություն էր մատուցում, մյուսները, թեկուզ քիչ քանակությամբ, բայց ինչ-որ բան էին վաճառում: Ազգային մրցունակության հիմնադրամի հետ շուկա կառուցելու հարցն են քննարկել, սակայն դեռ լուծում չի տրվել:

«Ամառվա ընթացքում շատերն էին ցանկանում գիշերելու տեղ ունենալ այստեղ, բայց ժողովուրդը դրան դեռեւս պատրաստ չի, ես հիմնադրամին առաջարկել եմ փոքր տոկոսադրույքով վարկեր տրամադրել ժողովրդին, որպեսզի կարողանան վերանորոգել եւ կահավորել տները»,- հայտնեց Մ. Սիմոնյանը:

Տաթեւում եւ շրջակա գյուղերում փոփոխություններն այնքան մեծ չեն, որ բնակչությունը չդժգոհեր: Տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներից առաջնայինները քանի դեռ լուծում չեն ստացել, բնակչությունն, իհարկե, գոհունակություն չի կարող արտահայտել:

Սակայն տեղական ինքնակառավարման ոլորտում վերջին 3 տարիներին կատարված մեծածավալ աշխատանքի արդյունքը ինչ-որ չափով նկատելի է մեր այցելած համայնքներից Տաթեւում ու Տանձատափում` վերանորոգված համայնքապետարաններ, համակարգչային տեխնիկա, հարկերի հավաքագրման էականորեն բարելավված ցուցանիշներ, ներդրում համայնքային ծրագրերում, զարգացման ծրագրերի մշակում եւ այլն:

Սվարանցը, սակայն, դուրս է մնացել այս բոլորից, վերջին 20 տարիներին գյուղում բարեկարգված միակ կառույցը համագյուղացի բարերարների միջոցներով վերակառուցված Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին է: Չնայած շրջակա գյուղերում առկա որոշակի դրական տեղաշարժին, այստեղ շարունակում է հոռետեսությունը իշխել:

Սվարանցիների մտքում դեռեւս գյուղը լքելն է: Կամ էլ իրենց կյանքի բարելավումը կապում են երկաթի հանքավայրի շահագործման հետ, որը կյանքի կոչելու դեպքում կոչնչանա շրջակա գյուղերի բնակչության մեջ արթնացած հույսը, որ գյուղում բնակվելով էլ հնարավոր է ընտանիքի կենցաղն ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter