HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ռուսաստանը զրկո՞ւմ է Հայաստանին «Իսկանդեր»-ն օգտագործելու հեռանկարից

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում կայցած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել են  «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:

Նոյեմբերի 14-ին ռուսական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այս համաձայնագիրը ստորագրելու ՌԴ կառավարության առաջարկին: Սա նշանակում է, որ չնայած համաձայնագրի դետալները բանակցվել են ավելի վաղ, սակայն ինքնին զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու նախաձեռնողը եղել է Մոսկվան: Հայտնի է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար հուլիսին Երևանում է եղել ՌԴ Պաշտպանության նախարարության մի պատվիրակություն: Ըստ ռուսական lenta.ru տեղեկատվական ռեսուրսի՝ համաձայնագրով խմբավորումը ստեղծվում է «կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու» նպատակով։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի: Այն ավտոմատ կերպով համարվում է երկարաձգված, եթե կողմերից մեկն այն դադարեցնելու նախաձեռնություն չի ցուցաբերի:

Ինչ է զորքերի միացյալ խմբավորումը

Սակայն թե կոնկրետ ի՞նչ է այն նախատեսում, ո՞ր ուժերն են ընդգրկվում միացյալ խմբավորման մեջ, ինչպե՞ս է իրականացվելու միացյալ խմբավորման կառավարումը, պաշտոնական մակարդակով չի հրապարակվում: Սակայն այս տարվա օգոստոսին «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի  միացյալ խմբավորման մեջ ներգրավվում են մի կողմից ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսը, որն ապահովում է Նախիջևանի հետ սահմանների անվտանգությունը, մյուս կողմից՝ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան: Խմբավորման հրամանատարը Ռուսաստանի նախագահի համաձայնությամբ նշանակվում է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի՝ այսինքն այս պահին նախագահի, իսկ 2018թ. ապրիլից հետո Կառավարության կողմից: Խմբավորումը սովորական պայմաններում ենթարկվելու է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին: Սակայն ինչպես է այն կառավարվելու պատերազմական իրավիճակում, չի կոնկրետացվում: Ըստ ռուսական վերոնշյալ պաշտոնաթերթի՝ այդ ընթացքում խմբավորումը կենթարկվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

Իրավապայմանագրային հիմքով երկու երկրների ԶՈՒ միացյալ խմբավորում, պարզվում է՝ ստեղծված է եղել դեռ 2000-ականների սկզբներին: Այս տարվա օգոստոսին տեղեկություն տարածվեց, որ խմբավորումը զորավարժություններ է անցկացրել «Ալագյազ» զորավարժարանում: Մինչ այս համաձայանգիրը հայ-ռուսական զինված ուժերի խմբավորման առկայության փաստն օրեր առաջ հաստատեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Ակնհայտ է, որ եթե դրանով հանդերձ կողմերը գնում են նոր համաձայնագրի ստորագրմանը, այն էլ նման երկար բանակցություններից հետո, նշանակում է սկզբունքային նոր լուծումներ են ամրագրվում, և խմբավորումը, առաջադրված խնդիրների առումով, ձեռք է բերում նոր ռազմաքաղաքական նշանակություն:

Սա  առնվազն տարօրինակ է: Իրականում հարավկովկասյան տարածաշրջանում երկու երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ միացյալ խմբավորում ստեղծելու անհրաժեշտություն չպետք է լիներ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն ռազմական առանցքային բաղադրիչ ընդգրկող ստրատեգիական գործընկերության պայմանագիր: Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը տարեցտարի ընդլայնվում է: Առանձին պայմանագրով Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանների անվտանգության ապահովումը դրված է ռուսական սահմանապահ ուժերի վրա: Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հանդիսանում են ռազմաքաղաքական միևնույն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և ունեն փոխադարձ պարտավորություններ ռազմական օժանդակություն ցուցաբերել միմյանց՝ եթե կազմակերպության անդամ կողմերից որևէ մեկի նկատմամբ արտաքին ագրեսիա է իրականացվել: Իսկ այս տարվա հունիսին Հայաստանը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության հարավկովկասյան հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Այսինքն ռազմական համագործակցության ոլորտում ացնած 25 տարիների ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի ստեղծված իրավապայմանագրային բազան, առավել քան բավարար պայմաններ պետք է ապահովեր Հայաստանի անվտանգության, և այս տարածաշրջանում Ռուսաստանի ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար: Եվ իսկապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ են կողմերը գնում նոր և մեղմ ասած չափազանց կասկածելի լուծումներով նման խմբավորման ստեղծմանը, որքանո՞վ է առհասարակ այս համաձայանգիրը բխում Հայաստանի և հատկապես Արցախի շահերից:

Հայկական անիտասեական շահերը

Այն տեղեկությունը, որ միացյալ խմբավորման մեջ կարող են ընդգրկվել ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսը և ռուսական ռազմաբազան, տեսականորեն թույլ հույսեր է առաջացնում, որ փորձ է արվում ռուսական ռազմական կոնտիգենտը, զինտեխնիկան ներգրավել Նախիջևանի հետ սահմանների պաշտպանությանը: Սա մարտավարական երկու կարևոր խնդիր կարող էր լուծել: Առաջին՝ Արցախում ռազմական նոր, ավելի մասշտաբային գործողությունների վերսկսման և այնտեղ ռեզերվային ուժեր տեղափոխելու անհրաժեշտություն առաջանալիս Նախիջևանից թիկունքը պահելու համար ռեսուրս հատկացնելու առումով մտահոգությունն ավելի քիչ կլիներ:  Երկրորդ՝ Նախիջևանի քթի տակ ռուսական զինուժի ներգրավմամբ խմբավորման առկայությունը կարող է քաղաքական աումով զսպող գործոն լինել Ադրբեջանի համար՝ Հայաստանի դեմ այդ ուղությունից երկրորդ ճակատ բացելու պլաններ ունենալու պարագայում: Իսկ որ Ադրբեջանը պատրաստվում է դրան, վկայում է ինչպես  Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումն ու ժամանակակից զինտեխնկայով հագեցումը, ինտենսիվորեն մասշտաբային զորավարժությունների անցկացումը և  2016թ. առաջին կեսին սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը հաճախակի խախտելով հայկական դիրքապահ ուժերի զգոնությունն ստուգելով: Պետք է նշել, որ երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տեսական կանխավարկածների հետ, որովհետև մինչ այս Ռուսական կողմը երբևէ չի ցուցաբերել որևէ ձևաչափով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշվելու, Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները կատարելու անգամ թեթև պատրաստակամություն: Բայցևայնպես, ոչ մի կռվան այս պահին չկա պնդելու, որ հենց այս խնդիրն է դրվում նման խմբավորման ստեղծմամբ:

Որքան մշուշոտ են այս խմբավորման ստեղծումից հայկական կողմի օգուտները կամ շահերը (հուսանք, որ դրանք թեև գաղտնի, բայց կան), նույնքան շոշափելի են Մոսկվայի հետապնդած նպատակները:

Ռուսական իրատեսական շահերը

Օգոստոսին, այսինքն հենց այն ժամանակ, երբ Հայաստանի հետ ընթանում էին միացյալ խմբավորման վերաֆորմատավորման շուրջ բանակցությունները, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատեց, որ Կալինինգրադի մարզում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ է տեղակայում: Դրան Արևմուտքը պատասխանեց Վրաստանում իր ներկայության ապահովման և կազմակերպությանը Վրաստանի ինտեգրումն էլ ավելի խորացնելու գործընթացներն արագացնելով: Նոյեմբերի 10-20-ին Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնավարժական կենտրոնում անցկացվեցին «ՆԱՏՕ-Վրաստան-2016» հրամանատարա-շտաբային զորավարժություններ:

Հայաստանում զորքերի միացյալ խմբավորման ստեղծմամբ Մոսկվան հետապնդում է մի կողմից Վրաստանի «նատօականացումը» զսպելու, մյուս կողմից դրա անկարողության դեպքում իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակ: Ահա թե ինչու է խմբավորման ստեղծման համաձայնագրում շեշտվում կովկասյան տարածաշրջանում «երկու երկրների անվտանգությունն ապահովելու» նպատակ: Եթե իսկապես միացյալ խմբավորումն ստեղծելու նպատակը կամ նպատակներից մեկը սա է, ապա տեղի է ունենում Հայաստանը Ռուսաստան-ՆԱՏՕ խորացող հակամարտության մեջ ներքաշելու, այդ դիմակայությունում Հայաստանի մանևրելու դաշտը սահմանափակելու վտանգավոր գործընթաց:

Երկրորդ՝ սեպտեմբերին բացահայտվեց, որ Հայաստանը տիրապետում է ռուսական «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրների, որը, ի թիվս նոր ձեռք բերված զինտեխնիկայի, ցուցադրվեց Հանրապետության 25-ամյակին նվիրված զորահանդեսում: Ընդ որում՝ նկատի ունենալով, որ այդ համալիրների ձեռբերումը նախատեսված չէր ՌԴ-ի հետ կնքված 220 մլն դոլարի վարկային համաձայնագրով, պարզ է դառնում, որ համալիրները Հայաստանում են գտնվում ավելի վաղուց, ըստ ամենայնի՝ 2013թ-ից: Թե՛ պաշտոնական Մոսկվան և թե՛ Երևանը հաստատել են, որ դրանք իսկապես գտնվում են Հայաստանի ԶՈՒ բալանսում, այլ ոչ թե ռուսական 102-րդ ռազմակայանի: Ինքնին ԼՂ-ի պայթյունավտանգ հակամարտության մեջ գտնվող երկրի տրամադրության տակ նման զինատեսակի լինելու հանգամանքը ամբողջությամբ փոխում է տարածաշրջանային անվտանգության ստրատեգիական քարտեզը և որ էլ ավելի էական է՝ ստեղծում Ռուսաստանի վերահսկողությունից դուրս դրա գործադրման իրական վտանգ: Դրա սպառնալիքը ՌԴ-ն զգաց հատկապես ապրիլյան պատերազմի պարագայում, երբ Ադրբեջանը, գործի դնելով «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգը, ինքնստինքյան սադրում էր հայկական կողմին համարժեք և գուցե նաև անհամարժեք պատասխանի: Ամենևին չի բացառվում, որ եթե պատերազմը նման արյունալի սցենարով շարունակվեր ևս որոշ ժամանակ, հայկական կողմը կարող էր ստիպված լինել նաև նմանատիպ հեռահար և ստրատեգիական զինատեսակներ կիրառել: Համենայնդեպս դրանից հետո ՀՀ նախագահն առնվազն երկու անգամ սպառնացել է, որ նոր մասշտաբային ռազմական սադրանքի դեպքում հայկական կողմը ավերիչ հարված կհասցնի հակառակորդին: Նման բան Ռուսաստանը թույլ տալ չի կարող: Եթե մինչև Հայաստանում «Իսկանդեր Է»-ի առկայության քողազերծումը Ռուսաստանը կարող էր ներքին խողովակներով ստիպել Հայաստանին ձեռնպահ մնալ դրա գործարկումից, ապա սեպտեմբերի 21-ին դրա քողազերծումից հետո դա այլևս իրատեսական չէ, քանի որ մեծանում է անհրաժեշտության դեպքում այն գործադրելու՝ իշխանության նկատմամբ հանրային անհաղթահարելի ճնշման հնարավորությունը: Սա գործնականում Հայաստանը Ռուսաստանի համար դարձնելու էր անվերահսկելի: Առավել քան պարզ է, որ Մոսկվան պետք է փորձեր գտնել իրավական մեխանիզմներ դա թույլ չտալու և հայկական կողմի ձեռքերը շղթայելու համար: Միացյալ խմբավորման ստեղծումը կարող է լուծել այդ խնդիրը, եթե նկատի ունենանք այն կարծես թե հաստատվող պայմանը, որ պատերազմական իրավիճակում միացյալ խմբավորման կառավարումն իրականացվելու է  ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի՝ ասել է թե ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից: Այդպես է թե ոչ,  կախված է նրանից, թե արդյո՞ք ստրատեգիական նշանակության այդ զինատեսակները ևս ընդգրկվելու են զորքերի միացյալ խմբավորման մեջ:

Միացյալ խմբավորման վտանգները

Խմբավորման ստեղծման հետ կապված վտանգները պայմանավորված են երկու կարևոր իրողությամբ: Առաջին՝ փաստացի ստեղծվում է ոչ թե համատեղ, այլ միավորված խմբավորում, որը էականորեն սահմանափակում է հայկական կողմի ինքնուրույնության մակարդակը գոնե այն զորամիավորումների կտրվածքով, որն ընդգրկվելու է խմբավորման մեջ: Որքան մեծ լինի զորամիավորման շրջանակը, այնքան, բնականաբար, փոքրանում է Հայաստանի սուվերեն իրավունքը սեփական բանակի կառավարման առումով, հակառակ համեմատականով նույնքան մեծանում է Ռուսաստանից հայկական զինված ուժերի կախվածությունը: Սրանով այս խմբավորման ձևավորումը սկզբունքորեն տարբերվում է այս տարվա ամռանը հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի ձևավորումից, քանի որ վերջինս ձևավորվեց համատեղության, այլ ոչ թե միավորման միասնականացման սկզբունքով: Անկախ սրանից, իհարկե, թե ցամաքային և թե ռազմաօդային  ուժերի համակարգերում տեղի ունեցող ծուլման այս պրոցեսները չափազանց խոսուն են:

Երկրորդ մտահոգիչ գործոնը պատերազմական իրավիճակներում խմբավորման ներգրավման, մասնակցության, կառավարման հետ կապված որոշումները ռուսական կողմին պատվիրակելն է: Եթե անգամ սա չի նշանակում, որ ռուսական կողմը ստանում է այդ խմբավորման մեջ մտնող հայկական զորամիավորումները անհրաժեշտության դեպքում օգտագործելու իրավունքից Հայաստանին զրկելու իրավունք, ամեն դեպքում օպերատիվ որոշումների կայացման մեխանիզմը բարդանում է, քանի որ բաղկացած է լինելու փաստացի մի քանի փուլից՝ Մոսկվայի մասնակցությամբ: Իսկ նման հարցերում երկրորդ կողմի ներգրավումը, այն էլ այնպիսի անկանխատեսելի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է, չի կարող շրջանցել քաղաքական գործոնները: Թե ի՞նչ է սա նշանակում պատերազմական և ԼՂ հակամարտության ներկայիս նախապատերազմական վիճակում, թերևս չարժե մեկնաբանել:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Նախ սկսենք նրանից, որ ցանկացած բանակ կամ զորամիավորում պետք է ղեկավարվի մեկ կետից, առավել ևս այն երկիի կողմից ում պարկանում է։ համատեղ բանակ կամ երկակի կառավարում հասկացությունները անհեթեթություն են ։ Պատկերացրեք, ձեր ընտանիքը կամ նրա որոշ անդամներ ղեկավարվեն Ձեր և հարևանի կողմից համատեղ։ Առավել անհեթեթ է այն, երբ ասում են ,որ խաղաղ պայմաններում զորամիավորումը ենթարկվելու է հայկական կողմին, իսկ պատերազմական իրավիճակում ՝ ռուսական։ Միթե պարզ չէ, ցանկացած բանակ կոչված է պատերազմելու՝ երկիրը պաշտպանելու համար։ Այստեղից օրինաչափորեն բխում է մեկ եզրակացություն՝ խաղաղ պայմաններում հրամանատարությունը հանձնվում ՀՀ ,որպեսզի հնարավոր լինի զորախումբն օգտագործել ներքին թշնամու՝ սեփական ժողովրդի դեմ։ Այս անորոշության, օրստօրե նեխող ճահիճից ազատվելու համար առաջին հերթն պետք դուրս գալ տարբեր անվանումների տակ քողարկվող մոսկովյան օբշչակներից և արագացված տեմպերով ինտեգրվել Եվրոպական քաղաքակիրթ հանրությանը։ Պետք է անհապաղ վերանայվի մեր ՝ հայկական բանակաշինության և պաշտպանական դոկրինան։ Իրական ազգային բանակ ունենալու համար առաջնահերթ պետք է մշակել և հաստատել զինվորական ծառայության բոլոր կանոնադրությունները։ Այժմ գործող կանոնները ոչինչով չեն տարբերվում ռուսական բանակում գործողներից, որոնք և հանդիսանում են ոչկանոնադրական հարաբերությունների, հանցագործությունների հիմնական պատճառը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter