HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական լոլիկի ներկրման հարցին արմատական լուծում տալու համար նախարարը դիմել է ՀԿ-ների օգնությանը

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է նախարարությունը` հավելելով, որ խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

Պողոս Գևորգյանի խոսքով՝ այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն դիմելուց հետո ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:

Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը մշտապես գտնվել է պատկան մարմիների ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ, և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար:

Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում:

«Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաև դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter