HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակի քաղաքապետարանի բացերը. Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել նաև Սպիտակում

Գայանե Սարգսյան

2016թ.-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգում է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնքում, որի ընթացքում ուսումնասիրվել են համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործումը, բյուջեի մուտքերի ապահովումը, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարումը և օգտագործումը:

Վերահսկողության իրականացման ընթացքում պարզվել է, որ համայնքը մեծ չափով ապառքներ է կուտակել հողի ու գույքի հարկի գծով:

Հողի հարկի չվճարած ապառքները և տույժերը միասին կազմել են 2 մլն 900 հզր դրամ, որից շուրջ 2 մլն-ը` ֆիզիկական, մնացածը իրավաբանական անձանց պարտքն է:

Գույքահարկի չվճարված ապառքները և տույժերը կազմել են 10 մլն 631 հզր դրամ, որից 8 մլն 862 հզր դրամը` ֆիզիկական, իսկ 1 մլն 768 հզր-ը իրավաբանական անձանց մասով է:

Չնայած նշվածին, համայնքն ապահովել է հարկային եկամուտների բարձր կատարողական: Վերահսկիչ պալատը, սակայն, գտել է, որ «համայնքի 2015թ. բյուջեի հարկային եկամուտների բարձր կատարողականը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից տարեկան բյուջեների ոչ լիարժեք պլանավորմամբ (ապառքների մասով) և իրական ապառքների գումարները նախատեսված պլաններում չներառմամբ»:

Պոտենցիալ տեղական տուրք վճարողների տվյալների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ինչպես Վանաձորում, այնպես էլ Սպիտակում համայնքի տարածքում բիզնես գործունեություն ծավալող օբյեկտների մեծ մասն աշխատում է առանց համապատասխան թույլտվության, ինչի հետևանքով համայնքային բյուջե համապատասխան մուտքեր չեն ապահովվել:

Հաշվառված ոգելից  խմիչք վաճառող թվով 52 օբյեկտներից թույլտվություն չեն ունեցել 22-ը, ծխախոտ վաճառող 47 օբյեկտներից` 19 -ը, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվող 7 կազմակերպություններից` 2-ը, տեխնիկական հեղուկներ վաճառող 9 օբյեկտներից` 5-ը, հեղուկ վառելիքի վաճառքով զբաղվող 6 օբյեկտներից՝ 4-ը, սեղմված բնական և հեղուկացված գազերի վաճառքով զբաղվող 5 օբյեկտներից՝ 3-ը:

Համայնքի տարածքում կազմակերպությունների և անհատների կողմից տեղադրված արտաքին գովազդի 313,8 քմ վահանակներից ստուգման պահին թույլտվություն է եղել ընդամենը 43,8 քմ-ի համար: 270 քմ-ի համար տեղադրման թույլտվություն չի եղել: Այս մասով համայնքի բյուջե վճարվելիք գումարը կազմել է 1մլն 44 հզր դրամ:  

Ժամը 24:00-ից հետո գործող թվով 10 կազմակերպություններից և ոչ մեկը 2016թ-ին չեն ունեցել կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու թույլտվություն: Պարտքը համայնքի բյուջեին կազմել է 1 մլն դրամ:

Վերը նշված խախտումներն ի մի բերելով` Վերահսկիչ պալատն արձանագրել է. «Համայնքում հաշվառումից դուրս մնացած և առանց թույլտվության աշխատող տեղական տուրք վճարողների և արտաքին գովազդի 270 քմ վահանակների գովազդատուների կողմից համայնքի բյուջե չվճարված տեղական տուրքի ընդհանուր գումարը կազմել է 3 մլն 500 հզր դրամ»: Ստուգման ընթացքում համայնքային բյուջե է վճարվել 532 հզր դրամ:

Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ հողի վարձավճարների գծով ապառքը տույժերի հետ միասին կազմել է 3 մլն 258 հզր, իսկ գույքի վարձավճարների գծով՝ 480 հզր դրամ:

2015թ-ի ընթացքում աղբահանության վճարների գծով ապառքը կազմել է 4 մլն 852 հզր դրամ:

Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել նաև համայնքային ենթակայության 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Թիվ 2 մանկապարտեզում հայտնաբերվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին թիվ 29-Ն հրամանին հակասող, ավել պահված հաստիքներ (մանկավարժ-խմբավարի՝ 1, խոհարարի՝ 1, հավաքարարի՝ 0,5, սոցիոլոգ-մանկավարժի 0,5 դրույք):

Ուսումնասիրվել են մանկապարտեզների կողմից գնման ընթացակարգերով ձեռք բերված սննդամթերքների գները, ինչի արդյունքում պարզվել է, որ ինչպես Վանաձորում, այնպես էլ Սպիտակում միևնույն ժամանակաշրջանում նույն սննդամթերքը և գյուղմթերքը միևնույն մատակարարի կողմից մանկապարտեզներին մատակարարվել է տարբեր գներով:

լուսանկարը` spitak.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter