Շաբաթ, 22 սեպտեմբերի

Չընտրված համայնքապետերի լիազորությունները դադարեցվում են վաղաժամկետ հրաժարականներ պարտադրելով



Կառավարությունը հոկտեմբերի 27-ին «Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ եւ Կամարիս համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» որոշում ընդունեց: «Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքների ղեկավարների կողմից հրաժարականներ ներկայացնելու հանգամանքով ...: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին արդեն իսկ ընտրվել են այդ համայնքների նոր ղեկավարներ՝ համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Գառնի, Գեղարդ, Գողթ եւ Կամարիս համայնքներում արտահերթ ընտրություններ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասվում է որոշման մեջ:

Նշված համայնքներում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման ընտրություններ, որի արդյունքներով գործող համայնքապետերը չեն ընտրվել: Նորընտիր համայնքի ղեկավարը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, «իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը»: Իսկ այդ օրվան, ինչպես պարզվեց, նրանք երկար պետք է սպասեին` 40 օր, գուցե ավելի: Կառավարության հիշյալ որոշումն, ըստ էության, նպատակ ուներ, կրճատելու այդ ժամկետը:

Որոշումն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 28-ին, իսկ Կոտայքի մարզպետը համայնքների նոր ղեկավարներին համայնքի ավագանուն եւ աշխատակազմին ներկայացրեց նոյեմբերի 7-ին:  

Գառնի համայնքի նոր ղեկավար Ահարոն Սահակյանն այդ օրը նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` իր ձեւակերպումով «հիմք ընդունելով ՀՀ կառավարության 27-ի N 1104-Ա եւ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի 04 նոյեմբերի 2016 թ. N 260-Ա որոշումները»: Համայնքի ղեկավարի պաշտոնը նա ստանձնել է դրանից մեկ շաբաթ հետո` նոյեմբերի 14-ին:

Ստացվում է, որ կառավարության եւ մարզպետի անհատական ակտերը գերադաս են Ընտրական օրենսգրքին: Ժողովրդի քվեով ընտրված համայնքապետը դեռեւս համայնքի ղեկավար չէ, այլ՝ հրամաններով նշանակված ժամանակավոր պաշտոնակատար:

Կառավարությունը նույնատիպ որոշում կայացրեց նաեւ նոյեմբերի 3-ին՝ դարձյալ վաղաժամկետ դադարեցրեց Արմավիրի մարզի Արաքս, Բաղրամյան, Ամասիա համայնքների ղեկավարների լիազորությունները: Դա արվեց դարձյալ շատ «անմեղ» մի ձեւակերպումով. «ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքների ղեկավարների կողմից հրաժարականներ ներկայացնելու հանգամանքով ...: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին արդեն իսկ ընտրվել են այդ համայնքների նոր ղեկավարներ՝ համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Արաքս (Էջմիածնի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Ամասիա համայնքներում արտահերթ ընտրություններ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»:

Ընդգծենք, որ խոսքը վերաբերում է այն համայնքներին, որտեղ այս տարվա սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարների ընտրություններ էին կայացել, եւ ընտրության արդյունքներով նոր համայնքների ղեկավարներ էին ընտրվել: Սեպտեմբերի18-ին ընտրված համայնքի ղեկավարը նոյեմբեր ամսվա կեսին, այսինքն՝ ընտրվելուց 55 օր հետո դեռեւս չէր ստանձնել իր լիազորությունները:

ՏԻՄ օրենքը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 7 հիմք է նախատեսում, որից մեկը հրաժարականն է: Այս ձեւակերպումով կառավարությունը փորձեց իրավական հիմք ստեղծել նախորդներից ազատվելու եւ նորերին պաշտոնավարումն ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար: Բայց մի՞թե արհեստական հրաժարականներ կազմակերպելն է հարցի լուծումը:

Մեր դիտարկմանը, որ այս հարցն օրենսդրորեն կարգավորված չէ եւ այն մի քանի խնդիր է առաջացնում, տեղական ինքնակառավարման ոլորտի պաշտոնյաները փորձում են առարկել: Նրանք հիշատակում են սահմանադրական պահանջը, ըստ որի` համայնքի ղեկավարն ընտրվում է 4 տարով եւ իրավունք ունի պաշտոնավարելու մինչեւ իր լիազորությունների վերջին օրը: Այդ դեպքում՝ ինչո՞ւ է կառավարությունն արհեստական պաշտոնանկություններ կազմակերպելով միջամտում նրանց սահմադրական իրավունքի իրացմանը` հարկադրում է վաղաժամ վայր դնել լիազորությունները: Չէ՞ որ դրանով պետական մարմինը միջամտում է հանրային իշխանության գործունեությանը:

Իհարկե, իշխանազանցությունից խուսափելու համար շատ կարեւոր է քվեարկության օրը ճիշտ որոշելը, որն «Ընտրական օրենսգրքով» վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հիշյալ օրենսգրքի 120 հոդվածով նախատեսվում է. «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»:

Ի՞նչ սկզբունք է կիրառում ԿԸՀ-ն քվեարկության օրերն ընտրելիս, ինչո՞ւ է դրանով չընտրված համայնքապետերին առնվազն 40 օր, հաճախ շատ ավելի երկար պաշտոնավարելու հնարավորություն տրվում: ԿԸՀ-ն իրավակա՞ն հիմնավորումներով է քվեարկության օրերը որոշում, թե՞ քաղաքական:

Մեր կարծիքով` իրավական կոնտեքստում այս հարցը կարգավորված չէ, իսկ դրա բացասական հետեւանքներն անչափելի են: Բացի նրանից, որ գործադիր իշխանությունը երբեմն դիմում է իշխանազանցության, բազմաթիվ հրապարակումներով ցույց ենք տվել, թե ինչպես են չընտրված համայնքների ղեկավարներն այդ 40 օրը ծառայեցնում համայնքային ունեցվածքը կողոպտելուն` անշարժ եւ շարժական գույք, դրամական միջոցների յուրացում եւ այլն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ