HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերության խոշոր ընկերությունների հարկերը

Հայաստանի խոշոր հարկատուների շարքում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից երեքն առաջատար դիրքեր են զբաղեցնում։ 

Այս տարվա առաջին ինն  ամիսների ընդհանուր տվյալներով՝ ՀՀ 1000 ամենախոշոր հարկատուների առաջին տասնյակում հանքարդյունաբերությունից մեկ ընկերություն կա, հաջորդող տասնյակում՝ երկու։ Խոշոր հարկատուների ցանկը տրամադրում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Այս հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը հանրապետության 6-րդ ամենախոշոր հարկատուն է։ Ինն ամսիներին ընդհանուր առմամբ վճարել է մոտ 10.8 մլրդ դրամ։

Այս ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն  «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն է։ Մոտ 7.5 մլրդ դրամով զբաղեցրել է 13-րդ տեղը։ Հայաստանում գործող «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն ու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին են պատկանում։ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը շահագործում է Սոթի հանքավայրն ու ղեկավարում Արարատի ոսկու կորզման գործարանը։

Առաջին 20-ում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Այն 17-րդ տեղում է։ Հունվար-սեպտեմբերին պետբյուջե վճարել է 5.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ ԶՊՄԿ-ն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով:

Ընդ որում,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  «Թեղուտ»-ն ու «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը զգալի ավելացրել են հարկերը (տես առաջին ինֆոգրաֆիկան)։ Արդյունքում «Թեղուտ»-ը նախորդ տարվա 18-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ հորիզոնական, իսկ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 27-ից 13-րդ։

Իսկ ԶՊՄԿ-ի դիրքերը շարունակում են թուլանալ։ Ընկերությունն ավելի քան 3.5 անգամ պակաս հարկ է վճարել այս տարվա հունվար-սեպտեմբերին, քան 2015-ի նույն ժամանակաշրջանում։ Արդյունքում 2-րդ հորիզոնակաից նահանջել է 17-րդ հորիզոնական։ Ըստ ընկերության տնօրինության՝ ԶՊՄԿ-ի գործերը վատացել են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկման հետևանքով։

Խոշորների ցանկում են նաև հանքարդյունաբերական ընկերություններին կից գործող ընկերություններ, օրինակ՝ «Մաքուր երկաթի գործարան»-ը, որտեղ վերամշակվում է  Քաջարանից ուղարկված մոլիբդենի խտանյութը։  «Մաքուր երկաթի գործարան»-ն ու ԶՊՄԿ-ն նույն՝ «Քրոնիմետ» ընկերությունների խմբում են։ Քանի որ խոշորների ցանկում չի նշվում, թե որ ընկերությունը որ ոլորտից է, որոշ ընկերությունների դեպքում դժվար է հստակ սահմանագծելը՝ հանքարդյունաբերությունի՞ց են, մշակող արդյունաբերությու՞նից, թե՞ մեկ այլ ոլորտից։

Այնուամենայնիվ, հստակ է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերի արդյունքներով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից ամենախոշոր հարկատուներն են «Թեղուտ»-ը, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Նրանց վճարած հարկերի ծավալը զգալի գերազանցում են ոլորտում գործող մյուս ընկերությունների հարկերին։


Create column charts

Այս ոլորտից կան նաև այլ ընկերություններ, որոնք ոչ ցածր դիրքեր են զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկում։ Ինն ամսում 1 մլրդ դրամից ավելի հարկեր են վճարել և խոշորների  առաջին 100-յակում ներառվել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը (նախկինում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան»), որը հայտնվել է 47-րդ հորիզոնականում և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը` 79-րդ տեղ։ Երկուսի դեպքում էլ հարկերի նվազում է գրանցվել։ 

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող մնացած ընկերություններից մի քանիսը ևս հայտնվել են խոշոր հարկատուների ցանկում։ Ընդհանուր առմամբ, այդ ընկերությունների թիվը, ներառյալ վերևում նշված  6-ը,  երկու տասնյակի չի հասնում։ 

Բացի վերևում նշվածները, ցանկում համեմատաբար բարձր դիրքեր են զբաղեցրել նաև «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը (101-րդ տեղ), «Սագամար»-ը (115-րդ տեղ),  «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»-ը (147-րդ տեղ), որն այս տարվա առաջին եռամսյակից է հայտնվել խոշորների ցանկում (հիմնադրվել է նախորդ տարվա կեսերին)։ Նրանց վճարած հարկերի չափը մոտ 600-900 մլն դրամի սահմաններում է։

Մնացածի վճարած հարկերի ծավալն հիմնականում 500 մլն դրամից ցածր է։ Նրանց շարքում էլ առանձնանում են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը (215-րդ տեղ), «Արմենիան քափըր փրոգրամ»-ը (241-րդ տեղ), «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ն (356-րդ տեղ) ու «Մեղրաձոր գոլդ»-ը (422-րդ տեղ)։


Create column charts

Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի տարեվերջին արձանագրված տվյալներով, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ձեռնարկությունների թիվը 72-ն է։ Սակայն դատելով աշխատողների քանակից՝ նրանցից խոշորների թիվը 10-ն, որոնք ունենք 100 և ավելի աշխատակիցներ։ Իսկ 23-ում աշխատում է միայն մինչև 5 մարդ։ Դրանք գերփոքր ընկերություններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter