HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ խորհուրդն ու Հայաստանը կբանակցեն օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ

Եվրոպական միության հանձնաժողովը և Հայաստանը մեկնարկում են Եվրոպական Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունը:

Արևելյան գործընկերության անդամ երկրների նախագահների 2015 թվականի Ռիգայի գագաթաժողովը կարևոր հանգրվան դարձավ Եվրոպական միության ու Հայաստանի միջև ավիացիոն ոլորտում հարաբերությունների զարգացման համար: Մասնավորապես, Ռիգայի հռչակագիրը ամրագրեց Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու եզրույթը:

ԵՄ խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է մանդատ, որը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա բանակցություններ սկսել Հայաստանի հետ ԵՄ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունում և կարևորում է Եվրամիության մակարդակով նախատեսվող համակողմանի ավիացիոն այս համաձայնագրի կնքումը: Նրա խոսքով՝ համաձայնագրի կնքումը թույլ կտա բաց և անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա: 

Բանակցությունների մեկնարկին հաջորդելու են օրենսդրական մի շարք բարեփոխումներ, որոնք միտված են ավիացիոն անվտանգության կանոնակարգման միասնական դաշտի ստեղծմանը և եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու թռիչքային անվտանգության չափորոշիչների կիրառմանը: Համաձայնագիրը միտված է նաև խթանել զբոսաշրջությունը, ընդլայնել առևտուրը և գործարար կապերը, ներգրավել օտարերկրյա ներդրումները և ամրացնել կողմերի միջև տնտեսական հարաբերությունները: 

ԵՄ-Հայաստան ավիացիոն համաձայնագիրը, որպես հորիզոնական համաձայնագիր, կփոխարինի ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ կնքված առանձին համաձայնագրերին: Արդյունքում Եվրոպական միության ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթեր իրականացնել դեպի Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter