HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ինգա Զարաֆյանը եւ Արթուր Գրիգորյանը վարկաբեկող տեսանյութի կապակցությամբ դիմել են ոստիկանությանը

Օրեր առաջ Ֆեյսբուքում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով, «Իմացե՛ք ճշմարտությունը հասարակական կազմակերպությունների մասին» խորագրով տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, թե իբր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը եւ «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը գումարներ են ստանում որոշ հանքարդյունաբերող ընկերություններից:

«Կան փաստաթղթային ապացույցներ առ այն, որ («Էկոլուր») հասարակական կազմակերպությունը գումար էր ստանում որոշ հանքարդյունաբերական ընկերություններից կոռեկտ անդրադարձերի համար: Հաստատված է, որ «Էկոլուրը» տասնյակ միլիոններ է ստացել մի քանի տրանշների միջոցով, որոնցից ամենախոշորը կազմել է 81 միլիոն դրամ: Նման աշխատաոճի հեղինակն է «Էկոլուր» ՀԿ հիմնադիր, Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Նման գործելաոճում նրան օգնել են մի շարք շահագրգիռ անձինք, այդ թվում Արթուր Գրիգորյանը եւ այլ փոխկապակցված անձինք: Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այս կերպ Զարաֆյանը եւ իր ընկերները հարաբերություններ են կառուցել եւ կառուցում այնպիսի հանքարդյունաբերող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Գեոպրոմայնինգը», «Դանդի Փրեշս Մեթալզը», «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ այլն: Փաստորեն, «Էկոլուրի» գործողությունները հանդիսանում են շանտաժ և շորթում»: 

Ինգա Զարաֆյանը եւ Արթուր Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, պահանջելով սուտ մատնության համար քրեական գործ հարուցել: Նրանք երկուսն էլ պատրաստակամություն են հայտնել տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կնպաստի գործի քննությանը և հանցագործության բացահայտմանը:

Ինգա Զարաֆյանը վստահ է, որ տեսանյութի պատրաստումն ու տարածումը պատվեր է, թե ում կողմից՝ չի ցանկանում ենթադրություններ անել: Հարցին՝ պետական կառույցնե՞րը կարող են խառնված լինել գորին, թե մասնավոր ընկերություններ, «Էկոլուր» ՀԿ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ սա պետական կառույցներից եկած պատվեր է, որովհետեւ պետական ատյանների ձեռագիրն այլ է: Քանի որ մենք տեղեկատվական դաշտում ենք աշխատում, հնարավոր է՝ ոմանց ոտքն ենք տրորել: Չնայած մեզ պահում ենք շատ կոռեկտ, այնուամենայնիվ, ոմանք միգուցե նեղսրտել են: Բայց սլաքներ չեմ կարող ուղղել ոչ մեկի վրա: Ենթադրություններ չեմ ուզում անել: Իսկ որ սա պատվեր է՝ միանշանակ, քանի որ տեսանյութից ակնհայտ է՝ գումարներ են ծախսվել դրա վրա: Սա քարոզչության նման մի բան է, ինչը նշանակում է՝ դրա ետեւում մարդիկ են կանգնած»:

Ինգա Զարաֆյանի խոսքով՝ անհայտ անձանց կողմից վարկաբեկող ինֆորմացիայի տարածումը հարված է ոչ միայն «Էկոլուր»-ի եւ «ԷկոԻրավունք»-ի, այլեւ՝ ամբողջ հասարակական դաշտի համար:

Արթուր Գրիգորյանը նույնպես համոզված է, որ սա պատվեր է իր եւ Ինգա Զարաֆյանի դեմ, եւ որի ակունքները պետք է փնտրել է EITI նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող որոշ գործընթացներում: EITI-ն միջազգային նախաձեռնություն է, որտեղ քաղհասարակության, պետական կառավարման մարմինների եւ հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ են ընդգրկված: Սա բազմաշահառու խումբ է, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, եւ առանց քաղհասարակության համաձայն՝ պետական մարմինները եւ հանքարդյունաբերող ընկերությունները չեն կարող որոշումներ կայացնել:

Արթուր Գրիգորյանը եւ Ինգա Զարաֆյանը հանդիսանում են այս խմբի անդամ: Տեսանյութում թվարկված ընկերությունները՝ «Գեոպրոմայնինգը», «Դանդի Փրեշս Մեթալզը», «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը», նույնպես: «Կարծում եմ, որ այս տեսանյութի նպատակն է՝ մեզ վարկաբեկելու միջոցով՝ այդ խմբի ներքին գործընթացների  վրա ազդել: Ես եւ Ինգան խանգարում ենք որոշ մարդկանց՝ առաջ տանելու իրենց մտահղացումներն ու պլանները»,-ասաց «ԷկոԻրավունք» ՀԿ նախագահը: Հարցին՝ ո՞վ է շահագրգիռ կողմը, Արթուրը պատասխանեց. «Կան կասկածներ, որ սա ավելի շուտ որոշ ընկերությունների հետ առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների ձեռքի գործն է, քան կառավարական մարմինենրի»:

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Այդ տեսանյութը պատրաստողներին իրավապահ մարմինները պարտավոր են հայտնաբերել ու ստիպել, որ ներկայացնեն ապացույցներ։ Ապացույցներ չներկայացնելու դեպքում՝ պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter