HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՀԿ-ները անհանգստացած են Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի հայտարարությամբ

Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները խորապես անհանգստացած են վերջերս ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին տված հարցազրույցում արտահայտած այն մտքից, որ «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»:

ՀԿ-ները հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առնչությամբ բազմիցս նշել ենք մեր դիրքորոշումը, շեշտելով, որ մեզ առաջարկվող տարբերակը որակում ենք անարդար և մեր ժողովրդի ազգային-պետական շահերին հակասող։

Համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված ցանկացած փաստաթուղթ առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության չի կարող կենսագործվել, ինչպես դա բխում է ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմից, որը դրված է նաև հիմնախնդրի կարգավորման հիմքում:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը, իր կամքն արտահայտելով անկախության մասին հանրաքվեում, հաստատել է անկախ ապրելու իր վճռականությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերի և լուծարվող ԽՍՀՄ-ի օրենքների հիմքի վրա հռչակել է պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

Իրեն պարտադրած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ այն երկրամասից, որը իրեն է պատկանում թե փաստորեն, թե իրավաբանորեն, թե պատմականորեն: Այդ տարածքների կարգավիճակը ամրագրված է 2006 թվականին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»: ԼՂՀ անքակտելի մաս կազմող բոլոր տարածքներն ըստ վարչական ենթակայության բաշխված են «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն:

Մենք ողջունում ենք ԼՂՀ-ում խաղաղության ապահովմանն ուղղված միջնորդական ջանքերը, սակայն մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Արցախի ճակատագրին և շահերին առնչվող ցանկացած համաձայնություն, որ ձեռք կբերվի առանց ԼՂՀ լիարժեք եւ իրավահավասար մասնակցության, չի կարող ընդունվել մեր կողմից»:

Ստորագրել են՝ 

«Հայկի Սերունդ» ՀԿ

ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ՀԿ

«Առաջ Արցախ» ՀԿ

«Արցախակերտում» ՀԿ

«Միացյալ Հայաստան» ՀԿ

«Հանուն Արցախի» ՀԿ

«Մտքի ուժը»

«Հանուն հայրենիքի» ՀԿ

«Իրազեկ սերունդ» ՀԿ

«Արա Գեղեցիկ» ՀԿ

«Ազգային Արցախ» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter