HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բորիս Մուրազի. «Ո´չ որևէ բան բացատրել են, ո´չ թույլ տվել զանգել Հայաստան»

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի հիմնադիր Բորիս Մուրազին դեկտեմբերի 2-ին հրավիրված էր Դիարբեքիրում գործող «Մեսոպոտոմոա» հիմնադրամի բացմանը, որին հաջորդող երկու օրերին պետք է մասնակցեր համաժողովի և ամսի 5-ին հետ վերադառնար Հայաստան։ Սակայն Ստամբուլով Դիարբեքիր մեկնելու ճանապարհին` Ստամբուլի օդանավակայանում, նրան արգելել են մուտք գործել Թուրքիա, երկու օր պահել օդանավակայանում, այնուհետև՝ հետ ուղարկել Հայաստան։

«Գնում էի հիմնադրամի բացման, որը պետք է նաև գործընկերային հարաբերություն ունենար մեր կազմակերպության հետ։ Այդ բացման պաշտոնական հրավերն էլ ունեի։ Ստամբուլում մոտենում եմ, որ վիզաս ստանամ, անցակետում հայտնում են, որ անձնագրի հետ կապված խնդիր կա։ Այդքան էլ լավ չհասկացա, թե ինչ է տեղի ունենում, քանի որ թարգմանիչ չտվեցին և խնդրեցին սպասել։ Այդ ընթացքում փորձեցի մտնել «Ֆեյսբուք», Թուրքիա հաճախ մեկնող ընկերներից ճշտել, թե ինչ կարող եմ անել, սակայն այդ պահին ինձ մոտեցան օդանավակայանի հատուկ ծառայության երեք աշխատակից, վերցրեցին հեռախոսս ու ինձ տարան»,- «Հետք»-ին պատմում է Բորիս Մուրազին։

Այնուհետ Բորիսին տեղափոխել են փակ սենյակ, որտեղ սկսել են հարցաքննել` պարզելու համար` ուր է գնում, ինչ նպատակով։ Պարզաբանել է, որ հրավիրված է հիմնադրամի բացմանը, որտեղից էլ պաշտոնական հրավեր ունի։ Րոպեներ անց այդ աշխատակիցները, առանց նրա թույլտվության, վերցրել են հեռախոսը, մտել նրա ֆեյսբուքյան էջ, կարդացել նրա նամակագրությունները և տեսնել, որ Բորիսը Թուրքիայի տարբեր շրջանակների հետ ունի կապեր, զրույցներ է ունեցել այս պահին ձերբակալված «Ժողովրդա-դեմոկրատական» կուսկացության անձանցից մի քանիսի հետ։

Դրանից հետո նրա ձեռքից վերցրել են բջջային հեռախոսն ու համակարգիչը և առանց բացատրության և որևէ բան հաղորդելու նրան երկու օր պահել են այդ սենյակում, որտեղ նաև պահված են եղել 30-ից ավելի այլազգիներ, հիմնականում` արաբներ, որոնց մի մասը կասկածվել է ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ, մի մասն էլ վիզային խնդիր է ունեցել։

Բորիսի փոխանցմամբ՝ այդ սենյակում պահվողներից միայն իր ձեռքից էին վերցրել հեռախոսն ու համակարգիչը, որի պատճառով չուներ կապի որևէ միջոց` հարազատների հետ կապ հաստատելու համար։ Իսկ մյուսները կարողացել են կապվել Թուրքիայում գտնվող իրենց երկրի հյուպատոսարանների հետ, որոնց միջոցով փորձել են հարցրեր ճշտել։

«Ո´չ որևէ բան բացատրել են, ո´չ թույլ տվել զանգել Հայաստան, որ տեղեկացնեի այդ իրավիճակի մասին, ո´չ թարգմանիչ են տրամադրել։ Չէին էլ ասում` երբ կթողնեն։ Անգամ անձնագիրս մոտս չէր, և միայն թռիչքից կես ժամ առաջ ինչ-որ մարդ եկավ, «վերցրեց» ինձ, բերեց, նստեցրեց ինքնաթիռ ու հետ ուղարկեց Հայաստան»,- նշում է նա։

ՀԿ-ի նախագահը ենթադրում է` օդանավակայանի աշխատակիցները նաև կարդացել են, որ ՀԿ-ի անվանման մեջ կա Սինջար տեղանունը, կասկածել, որ կարող է Իրաքի սահմանակից Սինջար քաղաքի զինյալների հետ որևէ կապ ունենա, և այդ օրերին փորձել են պարզել, սակայն ոչինչ չգտնելով` նրան հետ են ուղարկել Հայաստան։

Բորիսը կարծում է՝ քանի որ Հայաստանը դիվանագիտական հարեբերություններ չունի Թուրքիայի հետ, ՀՀ քաղաքացիներին պետք է պարզաբանվի, թե նման իրավիճակներում հայտնվելու դեպքում ում պետք է դիմել, քանի որ իր համար անհասկանալի էր՝ այդ ժամանակ ինչ պետք է անի։ Հետ վերադառնալու ճանապարհին նա օդանավականայի ազգությամբ հայ աշխատակցից տեղեկացել է, որ իր մասին հետաքրքվել է «Հրանտ Դինք» հիմնադրամը։

Դեռևս տեղյակ չէ, թե որքան ժամանակով են նրա մուտքը դեպի Թուրքիա արգելել։ Բացի այդ, նաև պատրաստվում է իր մոտից առգրավված համակարգիչը զննության ենթարկել, քանի որ կասկածում է, որ հետախուզության աշխատակիցները կարող էին դրանում հատուկ ծրագիր տեղադրել։

լուսանկարը` Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը եթե իրականու՛մ/ de facto գործող ԱԳ Նախարարություն ու ԱԳ նախարար ունենար,ապա գոնե մի հայտարարություն կաներ՝ այս դեպքի կապակցությամբ: Բայց բոլորս գիտենք,որ այսօր ՀՀ ԱԳ Նախարարությունը Ռուսաստա՛նի ԱԳ Նախարարության մի մասն է. վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter