HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Beat it». պարտության ու հաղթանակի սահմանին

Մայքլ Ջեքսոնի ժառանգության սկզբնական և ֆենոմենալ հաջողությունների մեծ բաժինը վերագրվում է այն փաստին, որ այս ամենը խաչաձևվում էր սպիտակ հանդիսատեսի շրջանում ունեցած հաջողության: Իհարկե, նրանից առաջ շատ ու շատ սև արտիստներ էին հաղթահարել այդ սահմանն ու հայտնվել բոլոր տեսակի խտրականություններից դուրս գտնվող լսարանում, սակայն Ջեքսոնի առավելությունը նրանում էր, որ նա այդ սահմանը բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի: Դա 80-ականների սկիզբն էր: Նա առաջին սևամորթ արտիստն էր, ով կանոնավոր  հեռարձակման հնարավորություն ձեռք բերեց երաժիշտների համար կարևոր, երբեմն՝ այդպես էլ անհասանելի մի դաշտում՝ «MTV»-ում: Սա նրա հանրահայտ «Thriller»-ի շրջանն էր, որով նա մուտք գործեց համաշխարհային լսարան՝ սկիզբ դնելով աստղային մի կուռք-կերպարի, որով պայմանորվելու էր նոր սերնդի ու նոր տիպի երաժշտության ընթացքը:

«Beat it». փողոցային կյանքի մասին պատմող այս երգը, որը ևս հայտնի «Billie Jean», «Thriller», «The Girl Is Mine» սինգլների հետ ներգարավվել էր ալբոմի կազմում, առանցքային նշանակություն ունեցավ ապագա գերաստղի կյանքում: Այն ավելի ու ավելի ընդարձակեց երգչի՝ առանց այդ էլ արդեն մեծ լսարանը: Սակայն, ազնվության համար պետք է նշենք, որ այս առումով հաջողության մի մասը պատկանում է Էդդի Վան Հալենին՝ երգում հնչող նրա կիթառի սոլոյին:

Այս երգը երկու «Grammy մրցանակ շնորհեց Ջեքսոնին, հետո ևս երկուսը՝ «American Music Awards»-ից: Կարճ տեսահոլովակը, որը ևս նորություն էր երաժշտական աշխարհում, ունկնդիրների հետաքրքրությունը բևեռեց ողջ ալբոմին, թեպետ, այսպես ասած, պատմական «Billie Jean»-ն արդեն իր գործն արել էր: «Thriller»-ը դարձավ աշխարհի ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը, «Beat It»-ը՝ ոսկե, ապա՝ պլատինե կոչմանն արժանացած երգ, իսկ Ջեքսոնը երաժշտական կուռք, ում հետագայում արքա տիտղոսը պիտի շնորհեին իր ստեղծագործական կյանքով փոփ մշակույթում նոր տարածքներ բացելու համար:

«Ես ուզում էի այնպիսի մի երգ գրել, որը ինքս էլ կուզենայի գնել, եթե ինչ-որ ռոք երգ փնտրելիս լինեի,- ասում էր Ջեքսոնը,- այս սկզբունքով եմ մոտեցել երգին և ուզում էի որ բոլորը՝ երեխաները, աշակերտները, ինչպես նաև քոլեջի ուսանողներն էլ իսկապես վայելեին այն»:

Երգի գաղափարն իրականում նրան առաջարկեց երգչի պրոդյուսեր Քուինսի Ջոնսը: Նա ուզում էր ռոքնռոլյան ոգով կամ դրան մոտ մի գործ ունենալ «Thriller» ալբոմում և քանի որ շատ էր հավանում ամերիկյան «Knack» խմբի շատ հայտնի «My Sharona» երգը (1979թ. է թողարկվել սինգլը և մեծ հաջողությունների հասել «Billboard»-ի սանդղակում), Մայքլին առաջարկեց նման մի բան ստեղծել: Սակայն երգիչն առանձնապես տպավորված չէր «My Sharona»-ով, ուստի որոշեց գրել մի բան, որն ինչպես ինքն է նկարագրել, և՛ երաժշտական առումով ասելիք կունենար, և՛ լսելի կդառնար ցանկացած ոճ նախընտրող ունկնդրի համար: «Rollingstone» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» շարքում 344-րդ տեղը զբաղեցնող «Beat It»-ի ծանուցման մեջ մեջբերված է Ջեքսոնի մեկ այլ մեկնաբանություն, որն, իհարկե, մոտ է նախորդին: «Ես ուզեցի գրել այնպիսի մի երգ, որն ինքս էլ կցանկանայի գնել,- ասել է Ջեքսոնը,- բայց միևնույն ժամանակ դա պետք է լիներ ռոք երաժշտության մի այլ ձև, որ բոլորովին տարբեր լիներ իմ լսած երգերից»:

Արդյունքում ծնվեց պարային և բաբախուն ռիթմերով մի երգ, որը նոր որակ ու երաժշտական տպավորիչ մեկնաբանություն ստացավ Էդդի Վան Հալենի կիթառի սավառնող, զգացումները սրող սոլոյի միջոցով: Ասում են, երբ տաղանդավոր կիթառահարը ստուդիա է մտել ձայնագրության, Ք. Ջոնսն ասել է նրան. «Ես չեմ պատրաստվում ուղղություն տալ քեզ և սովորեցնել, թե ինչ պիտի նվագես. քո այստեղ գտնվելու պատճառը քո կատարման արդյունքն է»: Կիթառահարին, իր հերթին, այստեղ էր բերել պրոդյուսերի համբավը: Չգիտեմ՝ որքանով է հավաստի, բայց ասում են, որ այդ «պատմական» սոլոյի հեղինակը համաձայնել էր նվագել անվճար, և միակ հոնորարը կարելի է համարել գարեջրի այն մի քանի շիշը, որն աշխատանքի ընթացքում նրան հյուրասիրեց Ք. Ջոնսը: Վան Հալենը ավելի ուշ խոստովանել է, որ Ջեքսոնի հետ համագործակցությունը եղել է իր կարիերայի ամենակարևոր էջերից մեկը, իսկ «Beat It»-ը ամենասիրելի գործը:

«Beat It»-ը թողարկվեց 1983թ. փետրվարին և անմիջապես, նույն ալբոմի նախորդ սինգլների նման («Billie Jean», «The Girl Is Mine»), հաջողությունների նոր հաղթարշավ մեկնարկեց: «Epic Records» ընկերության գործերը  «Thriller»-ի շնորհիվ, մեղմ ասած, փայլուն էին:

Մայքլ Ջեքսոնի «Beat It»-ը համարվում է «Black Rock»-ի հիմնադիրը: Էդդի Վան Հալենը ստացավ «Լավագույն կիթառի սոլո» մրցանակ և փոփ երաժշտության պատմության էջերում մնաց այսպիսին՝ գլխավորապես այդ երգի ճանաչմամբ: Երգի հանդեպ հանրության հետքրքրությունն է՛լ ավելի մեծացավ, երբ նկարահանվեց տեսահոլովակը: Ե՛վ երգը, և՛ տեսահոլովակը հավասարապես մեծ ազդեցություն են թողել փոփ մշակույթում:

«Beat It»-ի տեսահոլովակը, կոմերցիոն աննկարագրելի հաջողություններից բացի, մեծ ազդեցություն ունեցավ նաև Ջեքսոնի հետագա գործունեության համար. այսուհետ նա փոփ կուռք էր դառնալու՝ համաշխարհային մասշտաբով: Առաջին անգամ լեգենդար արտիստը փողոցի կյանքն ու բարքերը, «լավ» տղաների օրենքներով և դրանցից բխող անկառավարելի խնդիրներով, դուրս բերեց մութ անկյուններից և բարձրաձայն խոսեց դրանց մասին: Դառնալով հենց այդ երիտասարդների կուռքը՝ նա փորձեց նրանց ցույց տալ պարտության և քաջության սահմանը նոր, ավելի ճիշտ՝ բոլորովին տարբեր մեկնաբանությամբ: Չմոռանանք նշել, որ «Thriller» ալբոմի առանձնահատկությունը նաև տեսահոլովակներում խորեոգրաֆիկ ներկայացումներով է պայմանավորված. սա ևս նոր մոտեցում էր, ջեքսոնյան ձեռագիր, երաժշտության պատմության մեջ թողած խորը հետագիծ. որին մինչ օրս շարունակում են հետևել երգիչները:

Ջեքսոնը տեսահոլովակի ռեժիսոր Բոբ Ջիրալդիին խնդրեց նկարահանումներն իրականացնել փողոցային իրական հեղինակությունների մասնակցությամբ: Նա ռեալիզմի կողմնակից էր: Այդպես էլ եղավ: Մեծանալով այնպիսի մի թաղամասում, ուր գրեթե ամեն օր նա ականատես էր լինում սևամորթ երիտասարդների փողոցային վեճերին, ավազակային մանր ու մեծ պատմությունների, նա լավ գիտեր, թե ինչպես կարելի էր լեզու գտնել նրանց հետ:

Երկու մրցակիցներ՝ «Bloods»  և «Crips» մականուններով հանցավոր խմբերի ներկայացուցիչներ որոշեցին ընդգրկել: Արդյունքում նկարահանման աշխատանքներին 30 պրոֆեսիոնալ պարողից բացի մասնակցում էր մոտ 80 անդամ՝ այս երկու հայտնի հանցախմբից: Ջերալդիի պատմելով՝ Մայքլն ինքն է բանակցություններ վարել տղաների հետ և անձամբ համոզել նրանց մասնակցել տեսահոլովակի նկարահանմանը: Երիտասարդ աստղը միևնույն ժամանակ հավատում էր, որ երկու օր աշխատելով միմյանց հետ՝ հնարավոր է թշնամի խմբերը հաշտվեին:

Ըստ սցենարի՝ գանգստերների երկու հակառակորդների միջև պայքար է սկսվում, որին հետևում, ապա մասնակցում են  խմբերը: Ջեքսոնի կերպարն այստեղ հանդես է գալիս հաշտարարի դերով: Նա կարողանում է կանխել արյունոտ ավարտը և խաղաղության լեզվով հասկացնել նրանց, որ հաղթանակն ու քաջությունը, պարտությունն ու ուժը, ոչ միշտ են նույն սահմանում գտնվում:

Ռեժիսոր Ջերալդին հիշում է, որ այդ տղաների մոտ ամենաշատը պարելը չէր ստացվում: Բացի այդ, փողոցային կռիվների ու բիրտ մեթոդների սովոր այս մարդիկ հայտնվել էին մի վայրում, որտեղ տարօրինակ արտաքինով և երբեմն ծիծաղելի շարժուձևով ջահելներ էին պարում, ուստի նրանցից յուրաքանչյուրն ակամայից հայտնվել էր անսովոր վիճակում: «Ես հիշում եմ «Bloods»-ի  և «Crips» -ի տղաների դեմքի արտահայտությունը այն պահին, երբ նրանք լսեցին այդ երաժշտությունը և սկսեցին ակնապիշ հետևել պարողների կատարմանը: Հենց սրանք սկսեցին պարել, նրանց  դեմքերը կարծես ասում էին. «Գիտե՞ք ինչ, մեր բոլոր պատերազմներով ու վենդետաներով հանդերձ՝ էստեղ զիլ մթնոլորտ է»: Հենց այդ մթնոլորտն էլ օգնեց ամեն ինչ բարեհաջող ավարտին հասցնել, թեպետ ընթացքում միմյանց հետ թշնամի այդ երկու խմբերը մի քանի անգամ բախվելու լուրջ փորձեր արեցին:

Ջեքսոնի գրպանին 100 հազար դոլար արժեցած (այդ տարիների համար բավականին պատկառելի գումար) այս տեսահոլովակն իրոք աննկարագրելի արդյունքներ ունեցավ: Ուժի դեմ և խաղաղության կողմնակից իր առաքելությունը արձագանքեց շատ հեռուներ, շրջանցեց անգամ Սպիտակ Տան դարպասներն ու հայտնվեց նախագահ Ռոնալդ Ռեյգանի ուշադրության կենտրոնում: Նա փոփ աստղի «խաղաղապահ» երգում դաստիարակչական և օրինակելի բան տեսավ:

Տեսահոլովակը ևս բազմաթիվ մրցանակների արժանացավ: Այն ավարտվում է թշնամի ավազակախմբերի համատեղ պարով, որտեղ կենտրոնական կերպարը դեռևս 25-ամյա Մայքլն էր: Այս պարը դարձավ նրա այցեքարտային մուտքը դեպի մի աշխարհ, որտեղ այս արտիստն ընդմիշտ հիշեցնելու է իր դերն ու ներդրումը նոր երաժշտության կյանքում: Այսուհետև նա լուսնի քայլքով բարձրանալու էր փառքի գագաթը, նա՝ ապագա գերաստղը, փոփ արքան ու պարզապես Մայքլ Ջեքսոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter