HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

80-ամյա Քնարիկ Մուրադյանի գործով վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչի որոշումը

Դեկտեմբերի 2-ին Քնարիկ և Լուսիկ Մուրադյանների դեմ սիրիահայ Մուշեղ Վարթաբեդեանի կողմից բերված քաղաքացիական հայցով բողոքը լսելուց հետո Վճռաբեկ դատարանը բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և գործը կրկին ուղարկեց վերաքննության։

«Հետքն» արդեն գրել է Մուրադյան քույրերի դեմ բերված այս հայցի մասին, որով հայցվորը դատարանից պահանջում էր Մուրադյաններից հօգուտ իրեն բռնագանձել  2,925,680 դրամ (8000 դոլար ), ինչը բառացիորեն նշանակում էր երկու զառամյալ կանանց թողնել անօթևան:

Դատարանի դահլիճում 80-ամյա Քնարիկը հարցական հայացքով, կարկամած նայում է զարմուհուն՝ Նունիկին: Վերջինս փորձում է հուսադրել նրան. «Քնարիկ ջան, մենք էլ էինք այսպես ուզում, չէ՞: Սա նշանակում է, որ մենք դեռ կարող ենք հույս ունենալ որ արդարությունը կվերականգնվի, - ասում է Քնարիկի բարեկամուհին ու նրանից թաքուն հայտնում իր մտավախությունը, - Ես չհասկացա, թե ինչ եղավ հիմա: Ասել, որ մենք բավարարված էինք նախորդ դատական ակտով, չի կարելի, բայց մյուս կողմից դրանով դատարանը գոնե որոշակի առաջընթաց գրանցել էր»:

Վճռաբեկ դատարանը գործը քննել է Մուշեղ Վարթաբեդեանի կողմից ներկայացված բողոքի համաձայն, որով վերջինս բողոքարկում էր վերաքննիչ դատարանի կողմից իր հայցադիմումի մասնակի բավարարումը: Մուրադյան քույրերը նույնպես բողոքարկել էին վճիռը, բայց նրանց բողոքը վարույթ չէր ընդունվել: 

Ավելի վաղ՝ գործի քննության ժամանակ դատարանի առջև կանգնած փոքրամարմին կինն ասես ավելի էր փոքրացել. հուզմունքից կծկված՝ նա փորձում էր ներկայացնել իր համար էական հանգամանքերը. քույրս այս ապրումներից մահացավ, դատավորները մեզ ստրուկի պես էին վերաբերվում, ես դպրոցական աշակերտի պես ամեն ամիս պարտաճանաչ մուծել եմ, բայց դատարանը այս ամենը հաշվի չառավ, նույնիսկ վկաներին չցանկացան լսել …

Նախագահող դատավորը անհաղորդ ու ձանրացած, բայց զուսպ տոնով զգուշացնում է՝ խոսել ըստ էության: Տիկին Քնարիկը նեղացած երեխայի պես կախում է աչքերը, հետո փորձում ինչ-որ բան կմկմալ:

-Տիկին, - ասում է նախագահող դատավորը, - դուք որևէ ասելիք ունե՞ք: Դուք պատասխան չեք ուղարկել, և դատարանը ցանկանում է հնարավորություն տալ՝ ձեր դիրքորոշումը ներկայացնելու դատարանի առջև, միայն թե պիտի խոսեք ըստ էության: Ի՞նչ եք ցանկանում ասել. ասե՛ք կարճ և ըստ էության: 

- Ես, ես արդարություն եմ պահանջում, - կարճ դադարից հետո ասաց ծեր կինն ու հեկեկաց:

Բողոքաբեր Մուշեղ Վարթաբեդեանն իր հերթին  փորձում էր դատարանին համոզել՝ տուրք չտալ կնոջ լացուկոծին, որն օգտագործվում է բացառապես դատարանի գթասրտությունը շարժելու նպատակով: Սակայն դատարանը նրան ևս զգուշացրեց՝ խոսել ըստ էության և զերծ մնալ կողմի վերաբերյալ որակումներ հնչեցնելուց:

Այս գործը երկու անգամ լսել են վերաքննիչ ու առաջին ատյանի դատարանները: Վերջին  երկու դատական ակտերով փոփոխվել էր Շենգավիթի առաջին ատյանի դատավորներ Ի. Բարսեղյանի  և Ա. Կուբանյանի կողմից կայացված վճիռները, և Վարթաբեդեանի հայցը բավարարվել էր մասնակի: Դատարանը ճանաչել էր Մուրադյանների կողմից 3500 դոլար վճարված լինելու հանագամանքը և գտել, որ այժմ կանայք հայցվորին պետք է վերդարձնեն 1.620.000 դրամ (կամ 4500 դոլարը): Սակայն Քնարիկ Մուրադյանը նույնպես բավարարված չէր այս որոշմամբ, նա շարունակում է պնդել, որ ինքն ու քույրը, ստորագրելով 8000-ի դիմաց, փոխառությամբ վերցրել են ոչ թե 8000, այլ 5000 դոլար (որից փաստացիորեն ստացել են ընդհամենը 4100-ը), իսկ 3000-ը Վարթաբեդեանը պահել է որպես տոկոսավճար:

Գործն առաջինը քննած Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը, ով վերջերս կասկածվում էր կաշառակերության մեջ, ամբողջությամբ բավարարել էր Մ. Վարթաբեդյանի հայցը՝ հօգուտ վերջինիս բռնագանձելով 2,740,300 դրամ և անտեսելով գործում առկա բազմաթիվ էական հանգամանքներ, որոնց մի մասին ավելի ուշ անդրադարձել էր վերաքննիչ դատարանը:  

Վճռաբեկ դատարանի դահլիճից դուրս գալուց ու մի փոքր հանգաստանալուց հետո Քնարիկ Մուրադյանը պատմեց, որ արդարադատության համակարգից հիասթափված է, բայց ամենածանր փորձառությունն ունեցել է այն ժամանակ, երբ դատն ավարտվելուց հետո  գնացել էր Իշխան Բարսեղյանի գրասենյակից ստացականի բնօրինակը վերցնելու: Դատարանի աշխատակցուհիներից մեկը, գործի համարը լսելով, բացականչում է՝ օ՜հ, դա բոլորիս քաջ հայտնի գործ է: Նա ծեր կնոջից փոքր-ինչ հեռու էր կանգնած և, մտածելով, որ ծերության պատճառով Քնարիկի լսողությունը թույլ էր, քթի տակ ասել է՝ ինչպե՜ս չգիտեմ ձեր գործը, լավ են մաքրել ձեր ձայնագրությունները:  Այդ լսելով՝ տիկին Քնարիկի ինքնազացողությունը վատացել է, և կինը շատ հոգատար է գտնվել նրա հանդեպ:

Հենց այս հանգամանքն էր տիկին Քնարիկը փորձում ներկայացնել վճռաբեկ դատարանին, բայց հուզմունքի պատճառով չկարողացավ:

Դատարանի դահլիճում Մուշեղ Վարթաբեդեանը հրաժարվեց թույլատրել դատական նիստի տեսանկարահանումը. դրա ավարտից հետո նույնպես խուսափեց լրագրողներին որևէ մեկնաբանություն տալուց, չթույլատրեց իրեն լուսանկարել:

- Ես ուզում եմ, որ այս մարդուն ուրիշներն էլ ճանաչեն. մեր խաբված լինելու մասին մարդիկ պիտի իմանան, - ասում է Քնարիկը, - քույրս զոհ գնաց այս գործին: Ես էլ ծեր կին եմ ու չգիտեմ, թե այս ապրումների արդյունքում որքան կդիմանամ: Եվ եթե ինձ չհաջողվի վերականգնել արդարությունը, ապա թող գոնե մխիթարվեմ՝ իմանալով, որ ես ու քույրս կլինենք այս մարդու վերջին զոհերը:  

Քնարիկ Մուրադյանի զարմուհին՝ Նունիկ Ավետիսյանը, «Հետքին» հայտնեց, որ դեպքի կապակցությամբ ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել և հիմա քննություն է ընթանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter