HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասլոյան եղբայրները հաղթել են տեխնոլոգիական կենտրոնի օնլայն խաղերի պատրաստման մրցույթում

Գայանե Սարգսյան

12-ամյա Նարեկն ու 15-ամյա Վահեն հաղթող են ճանաչվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից անցկացված  KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթում:

Ասլոյան եղբայրները նախ մրցակցել են Լոռու մարզի տարբեր համայնքներից մրցույթին մասնակցող շուրջ 100 դպրոցականների հետ: Հոկտեմբերի 29-ին անցկացված մրցույթի առաջին փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 22 դպրոցական: Դեկտեմբերի 3-ին աշակերտները ներկայացրել են իրենց պատրաստած խաղերը: Արդյունքում լավագույնն է ճանաչվել վանաձորցի Ասլոյան եղբայրների աշխատանքը, ինչի համար նրանք արժանացել են մրցանակի՝ դյուրակիր համակարգչի տեսքով:

Եղբայրները ծրագրավորման հիմունքներին ծանոթացել են տեխնոլոգիական կենտրոնի ամառային դպրոցի  շրջանակներում անցկացվող դասընթացների ընթացքում: Հենց այդ ընթացքում էլ նախապես բժշկի մասնագիտությունն ընտրած Վահեն միտքը փոխել է ու որոշել՝ անպայման ծրագրավորող է դառնալու:

«Առաջ ես միայն բժշկությամբ էի հետաքրքրվում: Ամառային արձակուրդներին, երբ տեխնոլոգիական կենտրոնում ամառային դպրոցը բացվեց, ծնողներս խորհուրդ տվեցին գնալ ու մասնակցել: Սկզբում չէի ուզում, բայց երբ գնացի, դուրս շատ եկավ»,- պատմում է Վահեն:

«Վահեն մանկուց տարված էր համակարգչով, ոչ միայն տարբեր խաղեր էր խաղում, այլև 11 տարեկանում մի քանի խաղերի ադմինիստրատոր էր: Զգում էի, որ ծրագրավորումն իրենն է: Շատ ուրախացա, որ նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող դասընթացների ընթացքում նա ևս հասկացավ դա»,- ասում է  մայրը՝ Մանանա Մանանյանը:

Հոկտեմբերին, երբ տեխնոլոգիական կենտրոնում դպրոցականների համար անցկացված  KODU խաղերի ծրագրավորման դասընթացի ավարտին հայտարարվել է մրցույթի մասին, եղբայրները որոշել են՝ միասին կմասնակցեն մրցույթին:

«Մենք կարողացանք հաղթել մեր ուժերը միավորելու ու համատեղ աշխատելու շնորհիվ»,- ասում է Նարեկը:

Հաղթանակի հասնելու համար եղբայրները 7 օրվա ընթացքում ստեղծել են խաղը, ապա շուրջ երկու շաբաթ փորձարկել ու կատարելագործել այն:

«Հույս ունեինք, որ կհաղթենք, որովհետև շատ էինք աշխատել, փորձել էինք օրիգինալ բան մտածել, մաքսիմալ լավ գրաֆիկական դիզայն ստանալ»,- նշում է Վահեն:

Հարցին՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ո՞ր կազմակերպությունում կցանկանար վաղն աշխատել, Վահեն պատասխանում է՝ կուզեի իմ սեփական կազմակերպությունն ստեղծել։

«Այսօր շատ մարդիկ կան, որ բարձրագույն կրթություն ունեն, բայց աշխատանք չունեն, չեն կարողանում գտնել: Ծրագրավորողի մասնագիտությունը քեզ թույլ է տալիս մշտապես ու նաև բարձր վարձատրվող աշխատանք ունենալ: Մեր դպրոցներում ամենակարևորը ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստումն է, որովհետև մարզի շատ դպրոցներում ինֆորմատիկայի մակարդակը շատ ցածր է: Նաև պետք է համապատասխան կաբինետներ ստեղծվեն»,- ասում է Վահեն:

Ծրագրավորողի իր կարիերան Վահեն ցանկանում է շարունակել Վանաձորում, եթե միայն առաջիկայում մարզն իսկապես առաջընթաց գրանցի այդ ոլորտում:

Տղաների պատրաստած խաղին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

https://www.youtube.com/watch?v=aWUQQXdcg7I&t=22s

https://www.youtube.com/watch?v=HrpsBYYtYsE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter