HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապագա իրավաբաններն ու լրագրողներն անվճար ուսումնասիրում են հին, կասկածելի քրեական գործեր

Ամերիկյան 40 համալսարաններում ուսանողները անվճար ուսումնասիրում են քրեական գործեր՝ հնարավոր սխալներ ու նոր ապացույցներ գտնելու նպատակով (Հայաստանում դեռ նման նախադեպ չկա): Հին «ժառանգության» գործերի ուսումնասիրությամբ արտերկրում առաջին հերթին զբաղվում են իրավագիտության ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները: Նպատակը մեկն է՝ օգնել բանտերում հայտնված հնարավոր անմեղ դատապարտվածներին: Իտալիան բացառություն չէ: Պատահական չէ, որ «Անմեղության իտալական ծրագիրը» հիմնվել է Հռոմի պետական համալսարանում 2013-ին և շուտով դարձել «Անմեղության գլոբար ցանցի» անդամ:  

Կազմակերպության հիմնադիր, պրոֆեսոր Լուկա Լուպարիան և Սևիլյայի համալսարանի (Իսպանիա) ասպիրանտ Մարթինա Կագոզիին 14 պետությունների Անմեղության շարժման ներկայացուցիչներին այս տարվա նոյեմբերին հյուրընկալեցին Միլանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Լուկա Լուպարիան ինձ հետ զրույցում ասաց, որ աշխատում են ուսանողների հետ, կոնկրետ դեպքեր են ուսումնասիրում: Ուսանողները փնտրում են նոր հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան վերաբացել կասկածելի քրեական  գործերը: Ճիշտ է, դեռ ինչպես մենք՝ Հայաստանում, այնպես էլ նրանք՝ Իտալիայում, չունեն նախադեպ, երբ տարիներ անց «ավարտված» քրեական գործ վերաբացվի ու անձը ճանաչվի անմեղ, սակայն, ինչպես պրոֆեսոր Լուպարիան է ասում, 5 քրեական գործով ուսանողները վերաբացման հիմքեր են գտել: 

«Ես շատ եմ հանդիպումներ ունեցել ԱՄՆ-ում, եղել եմ Օհայոյի Անմեղության ծրագրում: Իհարկե, կան տարբերություններ պետությունների իրավական համակարգերի միջև, բայց պրոբլեմը նույնն է՝ անմեղ մարդիկ կան աշխարհի ցանկացած բանտում: Մարթինայի հետ մենք որոշեցինք եվրոպականացնել այս ծրագիրը, ԱՄՆ-ից բերել Եվրոպա: Ամերիկյան իրավական համակարգն այլ է, ուստի կարևոր է խոսել նույն լեզվով»,-ասաց քրեական դատավարության մասնագետ պրոֆեսորը:

Ըստ Մարթինա Կագոզիի՝ շատ կարևոր է նախապատրաստել դատական իշխանությանը, որպեսզի այն ընդունի իր իսկ սխալները: Այդ իսկ պատճառով նրանք շատ հաճախ կոնֆերանսներ, հանդիպումներ, սեմինարներ են կազմակերպում դատական իշխանության ու դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մարթինա Կագոզիին՝ձախից

Քրեական դատավարության պրոցեսն Իտալիայում տևում է միջինը 10 տարի՝ երեք ատյանները միասին: «Ու շատ հաճախ դատավորներն ասում են՝ 10 տարի դատ արեցինք, հիմա էլ ուզում եք գործի վերաբացո՞ւմ անենք: Մեր դատարաններում կա տեսակետ, որ դատական սխալներ, անմեղներ բանտերում թեև կան, այնուամենայնիվ, շատ հազվադեպ են, օրինակ՝ 100 տարին մեկ անգամ: Բայց այդպես չէ»,-ընդգծում է Լուկա Լուպարիան:

Իրեղեն ապացույցներն Իտալիայում պահպանվում են, սակայն, Մարթինա Կագոզիի խոսքով, հին գործերով դրանք շատ դժվար է գտնել: Իտալիայում կան անկախ փորձագիտական կենտրոններ, որտեղ, օրինակ, «Անմեղության իտալական ծրագիրը» կարող է ամսական 3 փորձաքննություն պատվիրել անվճար: Եվ այդ փորձաքննության եզրակացությունը իտալական դատարանը կընդունի որպես ապացույց: Իտալիայում գործում է քրեական արդարադատության մեջ գենետիկական տվյալների կիրառման մասին օրենքը: Ունեն մեղադրյալների ու կասկածյալների գենետիկական տվյալների բազա: Հայաստանում նման օրենք և բազա չկա, չեն պահպանվում նաև իրեղեն ապացույցները:

Իմանալով, որ որպես երկրորդ մասնագիտություն իրավագիտությունն եմ ընտրել, մասնագիտանում եմ քրեական իրավունքի ոլորտում, աշխատում եմ թեզի վրա մի թեմայով, որը Հայաստանում դեռ ուսումնասիրված չէ՝ «Դատական սխալներ. պատճառները, հետևանքները, ուղղման գործիքները», իտալացի մասնագետն ինձ նվիրեց իր խմբագրությամբ հրատարակված «Հասկանալով անօրինական դատապարտումը» ուսումնասիրությունը: 

Իմ հարցին, թե որն է եղել Իտալիայում դատական սխալի առումով ամենաաղմկահարույց գործը, պրոֆեսորը հիշատակեց Ամանդա Նոքսի պատմությունը: «Հետքն» անդրադարձել է այդ ողբերգական պատմությանը, որի վերջակետը դրվեց 2015-ին, երբ 28-ամյա Ամանդան և նրա ընկերը՝ Ռաֆաելե Սոլեսիտոն, Իտալիայի Վճռաբեկ դատարանի դատավճռով ապացույցների անբավարարության հիմքով վերջապես ճանաչվեցին անմեղ: Ամանդա Նոքսն ու իր ընկերը մոտ 8 տարի պայքարել են իրենց անմեղությունն ապացուցելու համար: Ողբերգական պատմությունը սկսվել էր 2007թ. նոյեմբերի 1-ին, երբ Հելոուինի տոնակատարության գիշերը Իտալիայի Պերուջե քաղաքում վարձած բնակարանում հայտնաբերվել էր բրիտանացի 21-ամյա ուսանող Մերեդատ Քերչերի դին՝ սեռական ու ֆիզիկական բռնության հետքերով: Սկզբում Նոքսը ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ 53 ժամ տևած հարցաքննությունից հետո, հետո հրաժարվել այդ ցուցմունքից՝ նշելով, որ դա իտալական ոստիկանության ճնշումների հետևանք է եղել:

2015-ի արդարացման դատավճռից դժգոհ էր մնացել տուժող Քերչերների ընտանիքը: Նրանք կարծում են, որ արդարադատությունը չի հաղթել: Մինչդեռ Ամանդա Նոքսի ու Ռաֆաելե Սոլեսիտոյի փաստաբանների կարծիքով՝ վերջապես արդարությունը հաղթեց: Ամերիկացի նախկին դատավորներից մեկն անգամ այս պատմությունը համեմատել էր վհուկների որսի հետ: Նա Ամանդային համարել էր իտալական արդարադատության զոհ: Ամանդա Նոքսը 4 տարի է անցկացրել իտալական բանտում, ապա գրել «Լսելի լինելու սպասումով» գիրքը՝ իր պատմության ու անմեղության ապացուցման ճանապարհի մասին: Գիրքը կարճ ժամանակում 4 մլն դոլարի օգուտ էր բերել: Նոքսի դատապարտման ու արդարացման մասին նկարահանվել են նաև երկու գեղարվեստական և մի քանի վավերագրական ու հետաքննական ֆիլմեր:

Նոքսի պատմությունը շատ նման է Հայաստանում քննված «Մատաղիսի» գործին, երբ երեք զինծառայողներին՝ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին մեղադրանք էին առաջադրել վերջինի ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա: Ի դեպ, որի տեսագրությունը մինչ օրս կա համացանցում, թեպետ 2012թ. երեքն էլ ճանաչվել էին անմեղ:

Սակայն թե՛ Իտալիայում Ամանդա Նոքսի, թե՛ Հայաստանում «Մատաղիսի» գործերը «ավարտված» քրեական գործեր չէին, այլ՝ պրոցեսի մեջ գտնվող: Այսինքն՝ դատավճիռները դեռ չէին մտել օրինական ուժի մեջ:

Ի՞նչը կարող է դրդել մարդկանց խոստովանել չկատարած հանցանքները, անգամ ծանրագույն հանցանքներ. արտերկրում վերաբացված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է՝ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները իրավապահների կողմից, սպառնալիքները, ընտանիքը կորցնելու վտանգը և այլ պատճառներ: Այնուամենայնիվ, փաստ է, որ ԱՄՆ-ում 250 արդարացվածների 35%-ը դատապարտված է եղել հենց ինքնախոստովանական ցուցմունքներով: Հայաստանում ինքնախոստովանությունը դեռ համարվում է ցուցմունքների «թագուհին»: Հաճախ անգամ մասնագետներից եմ լսում հետևյալը. «Բայց քաղաքացին խոստովանել է», ու այդքանով գործը համարում են ավարտված:

Դատական սխալների ուսումնասիրության փորձը ցույց է տալիս, որ դատարանը կարող է սխալվել և՛ անզգուշությամբ (ժամանակի գիտության տվյալների հիման վրա, ներքին համոզմունքով և այլն), և՛դիտավորությամբ (կոռուպցիա, կեղծ վկայություններ, փորձաքննության եզրակացության ու ապացույցների կեղծում և այլն): 

ԱՄՆ Միչիգանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում ուսանողների ու դասախոսների շնորհիվ հիմնվել է հին քրեական գործերի վերաբացման արդյունքում Արդարացվածների ազգային ռեգիստր: Արդարացվածների թիվը գրեթե ամեն շաբաթ ավելանում է: Հոդվածս գրելու պահին արդարացվածների թիվը 1932 է: Հայաստանում (նաև Իտալիայում) նման վիճակագրություն դեռ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter