HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արսինե Խանջյան. «Ժամանակն է գործնական մասնակցություն ունենալ հայաստանյան իրադարձություններին»

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը,անդրադառնալով սեպտեմբերի 21-ին իրենց հնչեցրած՝ Հայաստանում անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջին, ասում է՝ արդեն երկու ամիս է անցել այդ հայտարարությունից, սակայն նոր կառավարության ձևավորումը երկրում փոփոխություններ, տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հստակ ձևակերպումներ և խիստ պայմաներ դեռևս չի ներկայացրել։ Նա այս տեսակետը հայտնել է «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում: Ասուլիսին սկայպով միացել են նաեւ նախաձեռնության անդամներ, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը (Արսինե Խանջյանի ամուսինը) և System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Դերասանուհին շեշտեց, որ Սփյուռքում ապրող հայերի համար Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար, նրա խոսքով, միգուցե իրենք՝ որպես անհատներ, այդ պահին չեն կարողացել մեծ ներդրում ունենալ, սակայն միշտ ապրել են այդ «նորածին» երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային ասպարեզում, այլև որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավար պետություն։

Խանջյանը ցավով է հայտնում, որ պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում. Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության բացակայությունը, արտագաղթը մեծ մտահոգություն են առաջացրել նաև Սփուռքում։

Ասում է՝ Սփյուռքից և Հայաստան այցելելով տեսնում են, թե ինչպես է քաղաքացիների արդար պահանջը «խեղդվում», լռեցվում, ինչպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, ինչպես են մենաշնորհները խեղդում տնտեսական մրցակցությունը։

Խանջյանի դիտարկմամբ՝ Հայաստանի այս տարվա պատկերը ծանր էր և մտահոգիչ, որպես օրինակ նշում է ապրիլյան պատերազմը, որի արդյունքում պետք է վերագնահատվեր տեղի ունեցածը: Որպես «վերագնահում» որակում է հուլիսյան դեպքերը, երբ քաղաքացիների զայրույթը հանգեցրեց զինված գործողությունների։

Դերասանուհին այդ դեպքերը համարում է ակնհայտ ահազանգ, որը փաստում է՝ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից, և երկրում փոփոխությունների անհապաղ անհրաժեշտություն կա։

«Ինձ համար ոստիկանության հետ անմիջական առնչվելու և տիրող վախով լի մթնոլոտը տեսնելու փորձառությունը շատ կարևոր էր՝ հասկանալու, որ ժամանակն է գործնական մասնակցություն ունենալ հայաստանյան իրադարձություններին, օգտագործել Սփյուռքում ունեցած ռեսուրսը, կապերը և փորձը՝ սատար կանգնելու Հայաստանի ժողովրդի կողքին և բարձրաձայնելու արդարության նրանց պահանջը»։

Դերասանուհին որպես Հայաստանին աջակցություն և գործնական քայլ որոշ հայերի հետ նախաձեռնել է «I observe 2017» դիտորդական ծրագիրը, որը նպատակ ունի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հայաստան «բերել» Սփյուռքում ապրող հայերին և նրանց հնարավորություն տալ մասնակցել երկրի քաղաքական գործընթացներին, սեփական ներդումն ունենալ օրենքի երկիր կառուցելու գործում։ Նրա հաղորդմամբ՝ մի քանի կազմակերպված խումբ արդեն իսկ աշխատում է այս նախաձեռնության իրականացման համար։ 

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter