ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

Ընտրական քրոնիկոն. լրատվամիջոցն ինչպե՞ս է պարտավորեցնելու լրագրողին ներկայանալ ոստիկանության բաժին



Ընտրակեղծիքների դեմ իշխանությունների անհանդուրժողականության առաջին ցուցիչը ընտրախախտներին պատասխանատվության ենթարկելն է: Այս տարվա սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին մի քանի մարզերում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձավ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներին: 

Ինչպե՞ս են լրագրողներին հրավիրել բաժին

 Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին «Հետքն» ակտիվ լուսաբանել է ՏԻՄ ընտրությունները: Հրապարակված լուրերից հետո քննչական մարմինները խմբագրություն են ուղարկել գրություններ, որոնցով տեղեկացրել են, թե նյութեր են նախապատրաստվում հրապարակումների կապակցությամբ: Միևնույն ժամանակ լուրի հեղինակին խնդրել են ներկայանալ ոստիկանության բաժին բացատրություն տալու: Խնդրելն այստեղ մեղմ է ասված, քանի որ գրություններով ակնհայտ է դարձել, որ «հրավիրողը», մեղմ ասած, չունի մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, ինչից էլ կարելի է ենթադրել, թե ինչպիսին կլինի նրա կատարած քննությունը:

Օրինակ՝ սեպտեմբերի 18-ին անդրադարձել էինք, որ «Հայթաղ գյուղում «կույրերի» թիվն ավելացել է»՝ նշելով, որ ժամը 15-ի դրությամբ գրանցամատյանում գրանցվել է  ընտրողին օգնող անձի 7 տվյալ, սակայն իրականում նրանց թիվը շատ ավելին է: Հանձնաժողովի անդամները սկզբում չէին գրանցում նրանց տվյալները՝ այդ կերպ ցույց տալով փոքր թիվ: Ընդ որում, «օգնության» կարիք ունեն նաև ակնհայտ առողջները:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնից սեպտեմբերի 20-ին խմբագրությունը ստացել է գրություն, որով «Hetq.am ինտերնետային կայքին» «խնդրվում է պարտավորեցնել վերոնշյալ հոդվածի հեղինակին հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հրապարակման շորւջ բացատրություն տալու նպատակով…»: 

Վերոնշյալ հոդվածի հեղինակը այս տողերի հեղինակն է և չի ներկայացել ոստիկանության բաժին մի պարզ պատճառով, որ «Hetq.am ինտերնետային կայքը» մարդկային լեզու չունի և չի կարողացել ինձ հասկացնել, առավել ևս՝ պարտավորեցնել, որ ներկայանամ ոստիկանության բաժին: Իսկ եթե բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մկրտչյանը նկատի է ունեցել խմբագրության ղեկավարությանը, ապա, ելնելով մասնագիտությունից, պետք է քաջ գիտակցեր, որ խմբագիրը, տնօրենը չունեն իրավական լծակներ լրագրողին պարտավորեցնելու ներկայանալ ոստիկանության բաժին: 

Բաժնի պետ Մկրտչյանը նույն օրը ուղարկել է նմանատիպ ևս երկու գրություն, բայց արդեն «Արաքս համայնքի ընտրատարածքում կուտակումներ կան»  և «Ջրառատ գյուղում ոստիկաններն ակտիվ են. թեկնածուներից մեկը փոխոստիկանապետի ազգականն է» հոդվածների վերաբերյալ: Այս դեպքում ևս լրագրողները չեն ներկայացել ոստիկանության բաժին՝ նույն պատճառով:

Կասկածից վեր էր, որ վերը նշված հրապարակումների վերաբերյալ կայացվելու է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այդպես էլ եղել է:

 

Հարուցված քրեական գործերի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ տրամադրել է ՏԻՄ ընտրությունների վերաբեյալ նախապատրաստված նյութերի, հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

Սեպտեմբերի 18-ին նախապատրաստված նյութերի շրջանակում հարուցվել է 2 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում: Այն վերաբերում է մեկից  ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում՝ մարդուն  առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետեր)

Վերջինը վերաբերում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016թ. սեպտեմբերի 16-ին Ա. Կարապետյանի և Ա. Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առևանգելու և բռնություն գործադրեու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքին: 

Իսկ հոկտեմբերի 2-ին հարուցվել է 6 քրեական գործ, որից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, բոլորն էլ՝ մեկից  ավելի  անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար: 3-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ 149-րդ հոդվածի 1-ին մասով և Ուրիշի զգալի չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքով (185-րդ հոդվածի 1-ին մաս), սպառնալիքով ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքով (154.2-րդ հոդվածի 2-րդ մաս) և պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով: 

Նշենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերից մեկը վերաբերում է հոկտեմբերի 2-ին` Վանաձորի ավագանու ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Արարատնյուզ» էլեկտրոնային թերթի լրագրող Շողիկ Գալստյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքին:  

Նշված քրեական գործերից  5-ով դեռևս իրականացվում է նախաքննություն, 2 գործ, որոնք քննվել են քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կարճվել է, 1-ը, որը վերաբերում էր անձի առևանգմանը և ընտրական իրավունքին միջամտելուն և քննվում է գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում, հարուցված  քրեական գործից անջատվել է և  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

Ոստիկանությունը տեղեկացնում է

 Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունը ստացել է 144 հաղորդագրություն, որից 9-ը՝ Տավուշի, 11-ը՝ Արարատի, 16-ը՝ Արմավիրի, 19-ը՝ Սյունիքի և 89-ը՝ Արագածոտնի մարզերում: Հիշյալ 144 ահազանգերից 19-ը վերաբերել է ԶԼՄ ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 30-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 35-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ ընտրակաշառք բաժանելուն, 5-ը՝ ընտրատեղամասից քվեաթերթիկը դուրս հանելուն, 2-ը՝ կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելուն, 8-ը՝ մարմնական վնասվածք պատճառելուն  կամ խուլիգանական արարք կատարելուն, 3-ը՝ ընտրացուցակների անճշտությանը, 5-ը՝ հանձնաժողովի անդամի կողմից ընտրախախտում կատարելուն և 30-ը՝ այլ խախտումներին:

144 ահազանգերից 46-ով նախապատրաստվել են նյութեր (Տավուշ-2, Արարատ-2, Արմավիր-13, Արագածոտն-29,) որից 30-ը հետագա ընթացքը որոշելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, 16 նյութերով ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումները մերժելու մասին, իսկ 98-ը եզրակացությամբ թողնվել է անհետևանք՝ չհիմնավորվելու պատճառաբանությամբ:

Իսկ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ստացվել է 260 հաղորդագրություն, որից 16-ը՝ Վայոց ձորի, 21-ը՝ Գեղարքունիքի, 26-ը՝ Սյունիքի,  52-ը՝ Կոտայքի, 64-ը՝ Լոռու և 81-ը՝ Շիրակի, մարզերում:

260 ահազանգերից 17-ը վերաբերել է ԶԼՄ ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 37-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 39-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 25-ը՝ ընտրակաշառք բաժանելուն, 12-ը՝ ընտրատեղամասից քվեաթերթիկը դուրս հանելուն, 11-ը՝ մարմնական վնասվածք պատճառելուն կամ խուլիգանական արարք կատարելուն, 9-ը՝ ընտրացուցակների անճշտությանը, 11-ը՝ հանձնաժողովի անդամի կողմից ընտրախախտում կատարելուն  և 99-ը՝ այլ խախտումներին:

260 ահազանգերից 69-ով նախապատրաստվել են նյութեր (Գեղարքունիք-8, Լոռի-8, Կոտայք-10, Շիրակ-43), որից 55-ը հետագա ընթացքը որոշելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, 2-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 12 նյութերով ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումները մերժելու մասին, իսկ 191-ը՝ եզրակացությամբ թողնվել է անհետևանք՝ չհիմնավորվելու պատճառաբանությամբ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ