Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ասլանյանը 10 ամսում նոտարական գործունեությունից 15,4 մլն դրամի եկամուտ է ստացել



Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի` պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ասլանյանը հայտարարագրում գրառել է 1 հողամաս եւ 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Վանաձորի քաղաքապետը հայտարարագրել է նաեւ «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենա:

«Եկամուտներ» բաժնում Մամիկոն Ասլանյանը հայտարարագրելէ 15 մլն 450 հազար դրամ, որը ձեւակերպված է որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ: «Հետք»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետը պարզաբանեց, որ խոսքը նոտարական գործունեությունից ստացված եկամտի մասին է, որը հարկվող գործունեություն է եւ նույնպես համարվում է ձեռնարկատիրական: Հարցին՝ այլ բիզնես չունե՞ք, Ասլանյանը բացասական պատասխան տվեց: Ի դեպ, 15 մլն 450 հազար դրամը Ասլանյանի՝ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտն է:

Վանաձորի քաղաքապետը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 15 մլն դրամի չափով դրամական միջոցներ:

Ասլանյանը ծնվել է Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում, գերազանցությամբ ավարտել Կիրովականի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: Ըստ պաշտոնական կենսագրության՝ 1988-1990թթ. աշխատել է Կիրովական քաղաքի պատանի բնասերների փորձակայանում՝որպես բանվոր: 1990-1991թթ. աշխատել է Կիրովականի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ որպես լաբորանտ: 1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել իրավաբան-իրավագետի որակավորում:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ, պահեստազորի սպա է: Դասավանդել է Վանաձորի «ՄխիթարԳոշ» համալսարանում: 1999թ. աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես իրավաբան: 1999-2007թթ. աշխատել է Սպիտակ քաղաքի նոտարական գրասենյակում՝ որպես նոտար: 2007-2016թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար:

2012-2014թթ. եղել է ՀՀ նոտարական պալատի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ: Մի շարք մասնագիտական հոդվածների եւ հրապարակումների հեղինակ է: 

Լուսանկարը՝ vanadzor.am կայքի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ