HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմությունը գրում են ոչ թե հաղթողները, այլ գրել իմացողները

Վահագն Ստեփանյան

Ես հասկանում եմ, որ աշխարհի ամենահին ազգն ենք, որ քաղաքակրթության բնօրրանը Հայաստանն է, որ չինական գենոմի չորս տոկոսը հայկական է և մեր պատմությունն այնքան հարուստ է, որ դասագրքերում այն զետեղելը պարզապես անհնար է։

Սակայն թույլ տվեք մի փոքրիկ հարց. Արդյո՞ք դա հիմք է մեր ժողովրդի և մշակույթի գրեթե մեկ հազարամյակն (գիտեմ մի քիչ չափազանցնում եմ) անտեսելու և մեր երիտասարդությանը չներկայացնելու։ Թե՞ ինքներս մեզանից պատմություն ենք գողանում։

Ներողամտությունդ և համբերատարությունդ եմ հայցում սիրելի ընթերցող, բայց խոսք եմ տալիս, որ անպայման միտքս կպարզաբանեմ։

Տարիներ առաջ, մի առիթով սկսեցի զբաղվել Բագրատունյաց Հայաստանի պատմությամբ, ավելի կոնկրետ 10-րդ դարի վերջի որոշ իրադարձություններով։ Սկսեցի փորփրել, կարդալ ամենատարբեր հեղինակներ՝ սկսած հայկական, հունական ու արաբական աղբյուրներից մինչև 19-20-րդ դարերի արևմտաեվրոպական և հայ պատմաբանների աշխատություններ։ Պատկերացրեք բերկրանքս, երբ բացահայտեցի, թե ինչ հարուստ գրականություն կար նյութի շուրջ. վերլուծություններ պատմություններ և այլ։ Ու ձեր խոնարհ ծառան գլխով-ոտքով ընկղմվեց բերկրալի ընթերցանության մեջ, որը սակայն ավելի ուշ նվաստիս պիտի կանգնեցներ որոշ տհաճ հարցերի առջև։  Տհաճ որովհետև, ես դրանց պատասխանները կա՛մ չգտա, կա՛մ գտածներս հանգեցրին ինձ համար ոչ այնքան հաճելի եզրահանգումների։

Ընթերցանությունն ինձ աննկատ, բայց անդառնալի բերեց-հանգեցրեց, ի թիվս այլոց, նաև հայ-բյուզանդական (չեմ սիրում «բյուզանդական» տերմինը, բայց պիտի խոստովանեմ, որ այն շատ հարմար է) հարաբերություններին։

Մի անգամ ընկերներիցս մեկը կատակ արեց. «Գիտե՞ս որն է տարբերությունը ինժեների և տնտեսագետի միջև. տնտեսագետը իր հարցերի պատասխանը փնտրում է իր գիտելիքում, իսկ ինժեները գիտի, թե որտեղ դրա մասին կարդա»։ Դուք ամենևին պարտավոր չեք կիսել այս միտքը, առավել ևս, որ այն ուղղակի իմ հոգու հետ խաղալու համար արված կատակ էր։ Եվ ես, ազնիվ տնտեսագետս սկսեցի պրպտել հիշողությանս մեջ, վերհիշելու, թե ի՞նչ գիտեմ հայ- բյուզանդական հարաբերությունների և, որ ավելի կարևոր է, Արևելյան Հռոմեական կայսրության կազմում հայերի գոյության մասին... պարզվեց ոչինչ։ Չափազանցնում եմ՝ ասելով գրեթե ոչինչ : Գիտեի, որ Հայաստանը երկու անգամ բաժանվել է Հռոմի և Պարսկաստանի միջև, որ Մակեդոնական հարստության կայսրերը եղել են ծագումով հայ։ Եվ, չմոռանամ ամենակարևորը, հոռոմները մեզ զրկել էին անկախությունից և բնականաբար կեղեքում էին։ Միանգամից ասեմ, որ մինչ այդ պատմությամբ երբեք լուրջ չէի զբաղվել և իմացածս սահմանափակվում էր դպրոցական դասագրքերից հիշողություններով և որոշ հանրամատչելի հաղորդումներից կցկտուր տեղեկություններով։ Կային նաև պատմական վեպերից մնացած որոշ նույնպես կցկտուր հիշողություններ։ Որոշեցի գնալ ինժեների ճանապարհով և ի ուրախություն ինձ բացահայտեցի, որ ինձ հետաքրքրող թեմայի շուրջ հսկայական նյութ կա. սերունդների՝ լինի դա հայ, արևմտաևրոպական, ռուսական, խորհրդային պատմաբանների, հնագետների և պատմությանն ու պատմագիտությանը առնչվող ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հսկայածավալ աշխատանք։ Աշխատանք, որն ինձ թույլ տվեց բացահայտել Բյուզանդիայի և բյուզանդական հայերի հարստագույն պատմությունը։

Սակայն այն միտքը, որ ես մինչ այդ, ոչ միայն ոչինչ չգիտի այլ նաև գաղափար չունեի, ինձ հանգիստ չէր տալիս։ Առաջին մակերեսային վերլուծությունս, որով ես սկզբնական շրջանում բավարարվեցի, այն էր, որ դպրոցական եմ եղել խորհրդային տարիներին, իսկ ուսանող՝ անցումային 90-ականներին, և այդ ամենը դեռ չկար մեր դասագրքերում։ Միանգամից ճշտում անեմ, որ խոսքը ոչ թե լավ և խորքային իմացության մասին է, այլ պատմության համայնապատկերի, որը քիչ թե շատ, եթե չասենք լուսաբանում, այլ գոնե գաղափար է տալիս պատմության հիմնական ընթացքից ։

Վերջերս խիզախեցի և որոշեցի աչքի անցկացնել Հայոց պատմության գործող դասագրքերը։ Համաձայնեք, որ տեսականորեն հենց դպրոցն ու դասագիրքն են տալիս այն մեկնարկային տեղեկությունը և գիտելիքը, որի հիման վրա մենք հետո կարող ենք զբաղվել՝ ըստ մեր ցանկության։ Ազնվորեն ասած՝ դասագրքերը հարցեր առաջացրին, որոնցով և որոշ դիտարկումներով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Քավ լիցի, չեմ պատրաստվում ինչ-որ մեկին քննադատել կամ պիտակավորել, առավել ևս, որ պատմագիտությունը իմ պրոֆեսիոնալ ոլորտը չէ, և ես ոչ մի դեպքում չեմ կարող պրոֆեսիոնալ կարծիք հայտնելու հավակնություններ ունենալ։

Սակայն անցնեմ բուն խնդրիս։

Ինձ հետաքրքրող ժամանակարջանը տրված է 7-րդ դասարանի դասագրքում, որը կոչվում է «Հայոց պատմություն»։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ հայ կամ հայկական պետականության կամ ինքնիշխանության և ոչ էլ հայ ազգի պատմություն։ Եթե հավատանք Աճառյանին, Հայոց բառը նշանակում է կա՛մ հայերի, կա՛մ հայկական, այսինքն՝ հայերի պատմություն և կամ հայկական պատմություն։ Հերմենևտիկ սպեկուլյացիաների մեջ ընկնելու ցանկություն չունեմ, սակայն ունեմ մի փոքր հռետորական հարց. «Ի՞նչ և ինչպիսի՞ պատմության մասին է խոսքը. հայերի՞, թե՞ հայերի պատմության հայկական ազգային նառատիվի»։ Հարցս համարենք հռետորական և ելնենք այն հիպոթեզից, որ սա ընդամենը նախկին «Հայ ժողովրդի պատմության», անկասկած ավելի գեղեցիկ և արխայիկ ոճավորում է։ Պետք է խնդրեմ ներողամտորեն վերաբերվել, սահմանման այս մեղմ ասած սիրողական և ոչ ամբողջական փորձիս, սակայն այն ինձ անհրաժեշտ էր հասկանալու համար, թե ինչի մասին է դասագիրքը, և եզրահանգում եմ, որ այն հայերի, հայ ժողովրդի, հայկական էթնոսի գոյության պատմության մասին է։ Սա լուրջ ընտրություն է՝ խիստ հարգանքի արժանի, որն իր մեջ գաղափարախոսական և փիլիսոփայական լուրջ իմաստ է կրում, և ենթադրում եմ, որ դասագիրքն այն պետք է որ արտացոլի։

Վերադառնամ խնդրիս, ի՞նչ նյութ գտա դասագրքում հայ ժողովրդի գոյության մասին Հռոմեական կայսրության կազմում: Եթե չհաշվեմ Հայաստանի բաժանումները և Թեոդորոս Ռշտունու (նաև Արտավան Արշակունի) ապստամբությունը և Հուստինիանոսի Ռեֆորմների մասին մի քանի զարմանալի նախադասություններն ու Բարսեղ Ա-ի հայկական արքայատոհմ հիմնելու փաստը, ՈՉԻՆՉ։

Ինչո՞ւ։ Չգիտեմ։

Ես հասկանում եմ, որ պատմության դասավանդումը իր վրա քաղաքական, լուրջ ազդեցություն է կրում, հասկանում եմ նաև, որ ուժեղ է ռուսական՝  պատմությունը ներկայացնելու ոչ թե սոցիալական, այլ իշխանից-իշխան տրադիցիան, իսկ որ մեր ազգային տրադիցիայում շատ, նույնիսկ չափից մեծ է եկեղեցու դերը (չնայած անձամբ ես ամեն ինչ եկեղեցու ուսերին չէի դնի)։

Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով և մի պահ ենթադրելով, որ դասագրքում շարադրանքի ազգային գաղափարախոսական տոնայնությունը կարիք չկա փոխելու, այնուհանդերձ մեզ հետաքրքիր չէ՞ Կրետե կղզու գրավմանը մասնակցած հայկական զորամիավորումների պատմությունը, էպոսներում իրենց արժանի տեղը գտած, կայսրության արևելյան սահմաները պահող ապելատների և ակրիտների պատմությունը, որոնց խիզախության մասին լեգենդներ էին հյուսվում, և որոնք իրենց ապրուստը հաճախ ավազակությամբ էին հայթայթում, այնքան հաճախ, որ Նիկեփոր կայսրը հատուկ օրենք էր ընդունում։ Հետաքրքիր չէ՞ Թրակիայի և Մակեդոնիայի հայերի պատմությունը, Սիցիլա և Մաղրեբ արշաված հայկական զորքերի պատմությունը և այլ և այլն։ Կանգ առնեմ այստեղ, որովհետև կարելի է շարունակել առանց համրելու։

Արդյո՞ք հայ ժողովուրդի պատմության մի մաս չէ նաև Բյուզանդական կայսրության պատմությունը։ Կայսրություն, որի արիստոկրատիայի առնվազն 15 տոկոսը (Կաժդանի հաշվարկներով) հայկական ընտանիքներն էին, ես նույնիսկ չեմ խոսում բանակի մասին, որի համար կայսրության գրեթե 1000-ամյա պատմության ընթացքում հայկական և հայաբնակ թեմերը հիմնական զորագրման աղբյուրներից էին։

Արդյո՞ք հայ ժողովրդի պատմության մի մաս է նաև երկու գրեթե իրարամերժ արևելյան և արևմտյան, Պարսկաստանից և հին հռոմից ժառանգություն ստացած՝ մոդելների դիալեկտիկ գոյությունն ու պայքարը, որի, երբեմն բացառիկ դրամատիկ շատ իրադարձություններ տեղի են ունեցել հենց Կոստանդնուպոլսում։

Ասում ենք՝ իմաստավորել և հասկանալ հայ ժողովրդի պատմության և մշակույթի տեղն ու դերը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ։ Իսկ հետաքրքիր չէ՞ հայկական աղանդավորների միգրացիաների պատմությունը, որը և՛ ուղղակի, և՛ անուղղակի հետք է թողել և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Եվրոպայում։

Ես գիտակցված օրինակ բերեցի ընդամենը մեկ էպիզոդ, թեկուզ և հազարամյա՝ հասկանալու համար խնդիրների գոյությունը։ Հիմա նույնիսկ չեմ խոսում պատմության դասավանդման մոտեցման, փիլիսոփայության մասին, ըստ որի մարդը, հասարակությունն ու անհատը կդառնաին դասավանդման և վերլուծության հիմնական առանցքը։

Ասում ենք դաստիարակել քաղաքացի։ Բառացի մեջբերում եմ դասագրքից. Խոսելով Հուստինիանոսի ռեֆորմների մասին.

 «Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարակեց, որով, խախտելով միայն արական (հորիցորդու) գծով նախարարական կալվածքները Ժառանգելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին: Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին: Այդ ամենը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում»:

Թե ի՞նչ հետևություն պիտի անի 7-րդ դասարանցին այս վերջին ձևակերպումից։ Հետաքրքիր չէ՞։

Կրկնվում եմ, բայց նորից ասեմ, այս շրջանի և՛ մասնագետները, և՛ գրականությունն և վերլուծությունները շատ են։ Սակայն ինչ-ինչ պատճառներով մեր դասագրքերում տեղ չեն գտել։

Ինչուներիս պատասխանը չունեմ, ավելի ճիշտ, ունեմ ենթադրություններ, որոնցով դեռևս պատրաստ չեմ կիսվելու, սակայն եթե հարցերս ձեզ հետաքրքրեցին, դուք ինքներդ կարող եք փորձել պատասխաններ գտնել։

Լուսանկարում՝ Վարդ Սկլերոսի հռչակումը վասիլևս․ Մադրիդյան Սկիլիցես։

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Հեղինակ ջան, խնդրում եմ մի քանի աղբյուր գրի, որտեղից օգտվել ես:
Վահագն
Օրինակներ. Ասողիկ, Ուռհայեցի, Յահյա անտիոքցի, Կեկավմեն Շլումբերգեր, Կաժդան, Ադոնց, Բրեհեր..... և էլի շատ շատերը... ավելի ժամանակակից նույնպես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter