HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրաշարժից վթարային դարձած Կապսի դպրոցում 27 տարի է սպասում են հիմնանորոգման

Երկաթե հսկայական համաձուլվածքները 27-րդ տարին է՝ «ոտքի վրա» են պահում Շիրակի մարզի Կապս գյուղի միջնակարգ դպրոցը: 1980թ. շահագործման հանձնված շենքը 88-ի երկրաշարժին դարձել էր վթարային: Գերմանացի շինարարները ամրացման որոշ աշխատանքներ էին իրականացրել՝ դրսից եւ ներսից ժամանակավորապես կայունացնելով երկհարկանի շինությունը: «Դա արվել է ժամանակավոր, բայց ոչ 27 տարվա համար,-ասում է Կապսի դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը,-ուղղակի ինչպես Գյումրու վթարային շատ շենքեր, որ մասնակի ամրացման հաշվին իրենց գոյությունն են մի կերպ պահպանում, այնպես էլ մեր դպրոցը՝ դեռ դիմանում է»:

Սեյսմիկ ծառայությունից 4 տարի առաջ կրկին եկել, ուսումնասիրել են ու հայտնել, որ կառույցը 3-րդ կարգի վթարային է: Դպրոցում անցած տարիներին ոչ մի տեսակի հիմնանորոգում չի կատարվել: Տնօրեն Նելիի Խոջումյանը 2-րդ տարին է՝ ղեկավարում է դպրոցը, ասում է, որ անցած տարի դիմել էին «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը՝ տանիքի նորոգման եւ պատուհանները նորով փոխարինելու համար, սակայն ուսումնասիրություններից հետո կազմակերպությունը ստիպված է եղել մերժել:

«Մերժեցին ոչ թե նրա համար, որ չուզեցին անել, այլ պարզապես անհնար էր՝ գումարների վատնում կլիներ,-բացատրում է Նելլի Խոջումյանը,-շենքի պատերն էն վիճակում են, որ ձեռք տալ հնարավոր չէ, գործ անել հնարավոր չէ: Մեզ ասացին, որ սկսեն աշխատանքները՝ հնարավոր է պատերը փլվեն»:

 Դասասենյակները երկրաշարից հետո մինչեւ օրս ջեռուցվում են սոլյարայուղի վառարաններով: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Աշխատում են դասարաններում ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմությունը, թեեւ շենքի հյուսիսային հատվածներում 16 աստիճանը չի գերազանցում: Արեւային օրերին դասասենյակներում ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 24 աստիճան:

«Ինչքան էլ տաքացնենք, պատերի ճեղքերից ու պատուհաններից փչող ցուրտը թույլ չի տալիս ավելի բարձր ջերմաստիճան ապահովել,-ասում է Նելլի Խոջումյանը,-բայց 18 աստիճանն անպայման պահում ենք: Երեխաները տանից հատուկ կարված բարձեր են բերում, որ սառը նստարաններին չնստեն: Ես ինքս ամեն առավոտ, հատկապես ցածր դասարանների երեխաներին ստուգում եմ, թե որքանով են տաք հագնված: Ծնողներին հորդորում եմ միշտ տաք հագցնել, հիմնական հագուստի տակից թեկուզ մի հնամաշ բլուզ ավել, որ երեխաները չհիվանդանան»:

Տարիներ շարունակ նման եղանակով դպրոցի ջեռուցումը կազմակերպելը փոխել է նաեւ երեխաների հոգեբանությունը: «Սոլյարայուղը մեր երեխեքի համար համարժեք է սեւ ոսկուն: Անգամ դեպքեր են լինում, որ հատկացված չափաբաժինը դատարկում են տարայի  մեջ ու թաքցնում,-պատմում է դպրոցի տնօրենը,-ասենք՝ տեսել են, որ կողքի դասարանում մարդ չկա, գնացել են ֆիզկուլտուրայի, էդ դասարանի սոլյարայուղը դատարկել, պահել են իրենց համար: Իհարկե, հայտնաբերել ենք, դիտողություն ենք արել, ասել ենք, որ չի կարելի: Բացատրում են, թե՝ ընկեր Խոջումյան, պահել ենք նեղ օրվա համար»:

Կապսի դպրոցը նախատեսված է 300 աշակերտի համար: Ներկայում դպրոց է հաճախում 67 երեխա: Դպրոցը չունի նախակրթարան, գյուղում չի գործում նաեւ մանկապարտեզ: Դպրոցի տնօրենն ասում է, որ շատ կուզենար նախակրթարան ունենալ, սակայն շենքային նման պայմաններում դա անհնար է:

«Չգործող կոյուղի, խցանված սանհանգույցներ, շարժվող միջնապատեր, հատակի մանրատախտակը հազիվ ենք կարողանում պահպանել, էն էլ՝ տեղ-տեղ, անսարք էլեկտրալարեր, պարզ է, որ նման պայմաններում մեզ չէին թույլատրի նախակրթարան բացել,-նկատում է Նելլի Խոջումյանը,-անցած տարի կարողացել եմ էնպես անել, որ գոնե զուգարանները գործեն, թե չէ երեխաները կամ տուն էին վազում դրա համար, կամ էլ մոտակա խանութ էին գնում»:

Անձրեւների ժամանակ կաթում են բոլոր դասասենյակները: Տանիքի որոշ խիստ վնասված հատվածներ նախորդ տարի վերանորոգվել է տնօրենի ամուսնու անձնական ներդրումների շնորհիվ: Դպրոցի բյուջեն 33 մլն դրամ է, որից 900 հազար դրամ է հատկացվում շենքի պահպանության եւ այլ ծախսերի համար: Նելլի Խոջումյանն ասում է` այս տարի ընդամենը 29 հազար դրամի գնում են արել: Դպրոցական սեղան-աթոռները եւս թարմացման կարիք ունեն՝ օգտագործում են 2003-ին դուրս գրված գույքը:

«Գետքի դպրոցի տնօրենից խնդրել եմ, որ մեզ տրամադրեն իրենց դպրոցի հին ապակիները, իրենք նորն են տեղադրել ու հինը, որ վնասված չէ՝ տալու են մեզ: Ես ինքս անձամբ իմ գրպանից 60 հազար դրամ տվել ապակի եմ գնել, որ պոլիէթիլենային թաղանթով պատուհաններ ունեինք, գոնե դրանք փոխեինք: Հիմա հասել եմ նրան, որ բոլոր պատուհանները երկփեղկ ապակի ունենան»:

Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցի խնդրին տեղյակ են եղել մարզը ղեկավարած բոլոր մարզպետները՝ եկել են, նայել, խոստացել ընդգրկել դպրոցների նորոգման կամ կառուցման որեւէ ծրագրում ու հեռացել: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւս խոստացել է այցելել դպրոց եւ ծանոթանալ իրավիճակին: Նելլի Խոջումյանն ասում է, որ անցած տարի քաղաքաշինության նախարարությունից երբ հանձնաժողով է եկել ու ծանոթացել խնդրին՝ հիմնանորոգման տարբերակը բացառել են եւ նշել, որ նոր դպրոցի կառուցումն ավելի արդյունավետ է:

«Մեզ այս երկհարկանի շենքը պետք չէ, եթե հաշվի առնենք, որ երեխաների թիվը նվազել է ու ավելանալու դեպքում էլ 100-ը դժվար գերազանցի,-ասում է դպրոցի տնօրենը,-մենք տարածք ունենք, կարող են մի հարկանի ֆունկցիոնալ դպրոց կառուցել, ավելի ուրախ կլինենք: Հիմա խոստացել են 2017թ. ծրագիր մտցնել, բայց էս ամեն ինչը բանավոր խոսակցության մակարդակով է ու չգիտեմ՝ իրականում կլինի՞, թե՞ չէ»:

Մեկնաբանություններ (5)

Վարուժ
Այ քեզ բան,ինչպե՞ս եք աշխատում նման պայմաններում հարգելի կոլեգաներ
Մաքսիմ
Սոլյարայուղով վառարաններերը իրենք իրենցով շատ վտանգավոր են մարդու առողջության համար, միևնույն ժամանակ ձմռան սեզոնի հետ կապված մենք մեր սեփական փորձից գիտենք որ ինչքան էլ որ վառելիք վառես ընդամենը հինգ րոպե է պետք որ ջերմաստիճանի կտրուկ անկում տեղի ունենա, հետաքրքիր է ինչպես են դիմանում այս դպրոց հաճախող երեխաներն ու կոլեկտիվը, միայն ծուխն ու մուխը բավարար է որպեսի մթագնի մարդու ուղեղը որ մնաց թե ինչ որ բան յուրացնի:
Հասմիկ
սրտանց խղճում եմ այս դպրոցում սովորող աշակերտներին ինչպես նաև ուսուցչական կազմին, իսկ տնօրենի մասին խոսքեր չկան...
Ֆենյա
Նայում ենք ու չենք պատկերացնում, որ իրականում այսպիսի դպրոցներ գոյություն ունեն և տարիներ շարունակ մնացել են աննկատ պետական կառավարման մարմինների կողմից:
Azatui
Ցավով ենք նայում այն փաստին, որ արդի ժամանակներում ,երբ որ խոսում ենք երեխաների իրավունքներից, հավասարության սկզբունքով, այսպիսի դպրոցներում կազմակերպվում են ուսումնադաստիարակչական աշխատանքներ: Հանդիսանալով այս դպրոցի ուսուցիչ, խորին հարգանքս տնօրենի նկատմամբ, որ կարողանում է կազմակերպել աշխատանքներ այնպես, որ դպրոցն իր աշխատանքների որակով չի զիջում հանրապետության ոչ մի լավագույն դպրոցի: Ցանկալի կլիներ ,որ համապատասխան մարմինները ուշադրության կենտրոնում պահեին դպրոցի խնդիրը, և գոնե 2017-2018 ուստարում .Կապսի միջն. դպրոցի երեխաները հաճախեին արդեն ժամանակի պահանջներին համապատասխան դպրոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter