HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ «լեզվի տակ ոսկոր չկա»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանից իրենց տարածքային հավակնություննների մասին: «Մենք այժմ չենք մտածում ռազմական ճանապարհով Մեղրիի, Գորիսի ու Երեւանի վերադարձի մասին: Մենք դա կիրականացնենք հետեւողական քաղաքականության միջոցով: Բոլոր օբյեկտիվ պատճառները ցույց են տալիս, որ այդ օրը կգա: Դրա համար յուրաքանչյուրս պետք է մոտեցնենք այդ օրը: Ինչպե՞ս պետք է դա անենք: Պետք է դառնանք ավելի ուժեղ»,-ասել է Ալիևը՝ ավելացնելով, թե միջազգային իրավունքը գոյություն չունի և հիմնական գործոնն ուժն է:

Այս միտքն Ալիևն աաջին անգամ չէ հնչեցնում: Նա գործնականում դա անում է ցանկացած պատեհ առիթով՝ սեփական հասարակությանը և հատկապես նոր սերնդին թունավորելով հայատյացությամբ և սնելով Հայաստանը փաստացի նվաճելու տեսլականով: Ալիևն ամեն ինչ անում է՝ հայերի և ադրբեջանցիների համակեցությունը պատմական հեռանկարում անհնարին դարձնելու համար և գործնականում հիմնավորում, թե ինչու ղարաբաղյան հիմնահարցը չի կարող լուծվել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Ինչպիսի կարգավորում էլ լինի, նույնիսկ եթե հայկական կողմը հիմա գնա լիակատար ամոթալի կապիտուլյացիայի, միևնույնն է՝ Ադրբեջանը կանգ չի առնելու և նորանոր տարածքային պահանջներ ներկայացնելով անդադար կամ պատերազմի սպառնալիք է ստեղծելու, կամ դիմելու է պատերազմի՝ հայ ադրբեջանական սահմանը միշտ պահելով որպես ռազմաճակատ:

Այս հայտարարությանը Երևանն արձագանքել է միայն ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ վերջինս նշում է. «Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար»:

Այնպիսի տպավորություն է, որ անգործության մեջ մեեղադրանքներից խուսափելու համար Շավարշ Քոչարյանին պատվիրակված է հերթապահ հայտարարություններով արձագանքել Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ անկախ նրանից՝ որքանով այդ պատասխանը կապ կունենա Հայաստանի, Արցախի և ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի վարած քաղաքականության հետ: Մասնավորապես, այնքան էլ պարզ չէ՝ ինչպե՞ս կարող է Երևանը միջազգային հանրությունից պահանջել ճանաչել Անցախի Հանրապետությունը, եթե Հայաստանն ինքը դա չի արել: Պարզ չէ՝ ինչպե՞ս պետք է Ադրբեջանը միջազգային պատասխանատվություն կրի Արցախի դեմ կատարած ռազմական ագրեսիայի համար, եթե հրադադարի կնքումից 12 տարի անց նույն հեշտությամբ կարող է Արցախի դեմ անհետևանք նոր ռազմական ագրեսիայի դիմել:

ՀՀ ԱԳՆ-ն խոսում է միջազգային  հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Ադրբոեջանին միջազգային իրավունքի շրջանակներում պատասխանատվությա ն ենթարկելու մասին՝ ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս ուղղությամբ բացարձակապես որևէ քայլ չձեռնարկելով: Ավելին՝ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ճիշտ հակառակ կոնցեպցիայի վրա: Ապրիլյան պատերազմից անցել է 7 ամիս, եւ չնայած հավաստիացումներին՝ որևէ քայլ դեռևս չի արվել այդ օրերին ադրբեջանական բանակի իրականացրած ռազմական հանցագործությունների համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական գործընթաց սկսելու ուղղությամբ: Շավարշ Քոչարյանը խոսում է ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Երևանը համաձայնում է անգամ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ կարգավիճակի հարցի հստակեցումն անորոշ ժամանակով հետաձգելու, այսինքն՝ օրակարգից առհասարակ հանելու հստակ պայմանը ներառող մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցել Ադրբեջանի հետ: Ո՞ր պետությունը, միջազգային ո՞ր կազմակերպությունը կարող է այդ դեպքում ճանաչել ԼՂՀ-ն...

Դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները պլանավորել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Տևական ժամանակ պաշտոնական Երևանը միանշանակ հայտարարում էր, թե նման հանդիպում չի նախատեսում՝ ըստ էության հրաժարվելով այդ հանդիպումից: Թվում էր, թե, ի վերջո, Երևանը որոշել է հրաժարվել բանակցություններից, շփման գծում հրադադարի ռեժիմի վերականգնմանն ուղղված՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների երկու հիմնական հանձնառություններից Ադրբեջանի հրաժարվելու պատճառով: Կարծես թե Երևանը վերադարձել էր Վիեննայի գագաթնաժողովից մինչև սանկտպետերբուրգյան հանդիպումը տևած կարճ ընթացքում որդեգրած նախապայմանային քաղաքականությանը՝ պնդելով, որ նպատակահարմար չի գտնելու մասնակցել որևէ բանակցության, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Դեկտեմբերի 1-ին, սակայն, արտգործնախարար Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ ճեպազրույցում անակնկալ հայտարեց, թե չի բացառում, որ Համբուրգում կհանդիպի Մամեդյարովին, թեև հանդիպումը դեռ հաստատված չէ: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ Երևանը տալիս կամ արդեն իսկ տվել է այդ հանդիպմանը մասնակցելու համաձայնությունը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Երևանը նման փոփոխականություն դրսևորում:

Օրերս Մամեդյարովը հայտարարել է, թե Համբուրգի հանդիպումը կարող է կայանալ 2+3 ձևաչափով, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կարող են մասնակցել նաև ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները: Համանախագահողների փոխարեն երեք երկրների արտգործնախարարների մասնակցությունը մեկ աստիճանով բարձրացնում է այդ հանդիպման մակարդակը: Եվ ստացվում է, որ հրաժարվելով հանդիպումից՝ Երևանը մերժում է ԱՄՆ-ի պետքարտուղարի, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությունը: Սա Հայաստանի վրա դիվանագիտական ճնշման գործադրում է՝ ցանկացած գնով նրան բանակցային սեղանի շուրջ «նստեցնելու» համար:

Մյուս կողմից՝ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է լարվածությունը արցախա-ադրբեջանական շփման գծի բոլոր ուղղություններով՝ ամենօրյա ռեժիով կիրառության մեջ դնելով ձեռքի ավտոմատ նռնականետեր և ականանետեր: Որքան մոտենում է Համբուրգի համաժողովը, այնքան ադրբեջանական զինուժի գործողությունները դառնում են սանձարձակ: Եվ տարօրինակ կերպով նույն ՄԽ համանախագահնող երկրները ցուցաբերում են կատարյալ անտարբերություն: Համանախագահների լուռ համաձայնության կամ թողտվության պայմաններում Բաքուն կրկին անցել է պատերազմի շանտաժի միջոցով հայկական կողմին խաղի կանոններ թելադրելու նախաապրիլյան իր մարտավարությանը: Տվյալ դեպքում Բաքվին խիստ անհրաժեշտ է Մամեդյարով-Նալբանդյան հանդիպման անցկացումը, որպեսզի վերջնականապես օրակարգից հանի Վիեննայում և մասամբ Սանկտ-Պետերբուրգում իր կրած դիվանագիտական պարտության հետևանք հանդիսացող հադադարի պահպանման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հանձնառությունները: Գնալով հանդիպմանը՝ Երևանը ոչ միայն փակելու է այդ գագաթնաժողովների և ապրիլյան պատերազմի թեման, այլև հասկանալի է դարձնելու, որ պատրաստ է Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ նստել ադրբեջանական ականանետերի, նռնականետերի, դիպուկահար հրազենային միջոցների ինտենսիվացող կրակոցների ներքո:

Եթե ընդամենը մեկ հանդիպման կտրվածքով Երևանն այսքան դյուրաճկուն է և զիջող, ինչպե՞ս կարող է առհասարակ միջազգային  հանրությունից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը կամ պատժել Ադրբեջանին ագրեսիայի համար: Իր նման վարքագծով Երևանը բացառում է թե՛ մեկը և թե՛ մյուսը: Բայց երբ, ինչպես ասում են, «լեզվի տակ ոսկոր չի լինում», և ամեն ինչ ուղղվում է սեփական հասարակության մոտ սկզբունքայնություն խաղալուն, կարելի է նաև սեփական կաբինետից նման սնամեջ պահանջներ ներկայացնել և Հայաստանը նվաճելու ալիևյան մուղամների ներքո գնալ Մամեդյարովի ձեռքը Համբուրգում սեղմելու: 

Լուսանկարը՝ «Ֆրանսպրես» գործակալության

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Հոդվածագիրն իրավացի է: Իլհամն ինչ ուզում ու երազում է բարձրաձայն ասում է: Մերոնք էլ ամաչելով - ալարելով անորոշ ու անհասցե բաներ են փնթփնթում, գողության մեջ բռնվածի նման: Պարզ չէ՞ որ դիմացինը գնալով ավելի է լկիտիանում: Թե՞ սպասում են որ թուրքի զահլեն կգնա ու կդադարի: Վերջապես, ՄԵՆՔ Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ: Ինչու՞ հստակ չի ձեւակերպվում ու բացեիբաց հայտարարվում: Ամաչու՞մ ենք, թե՞ գյուղական խորամանկություն ենք բանեցնում: Իսկ գուցե՞ այս վիճակը ձեռնտու է որոշներին: Ուրիշ բան չի մնում մտածելու այս դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter