HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովում

Դեկտեմբերի 5-ին Վիեննա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում մասնակցեց Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ԱԷՄԳ 140 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ 

Ելույթ ունենալով բարձրաստիճան հանդիպմանը` նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խաղում է համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում: 
Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Հատկանշական է, որ 2015թ.-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին և հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականցվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը:
Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են, ինչպես արդեն իսկ իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ և գալիք քայլերին:
Մենք ակտիվ ներգրավված ենք նաև միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի Կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն էլ ավելի ամրապնդելու համար:
Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի Կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: Մասնավորապես, ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել:
Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան անհարգալի վերաբերմունք դրսևորելով ԱԷՄԳ-ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ՝ փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին ՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
Անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ԱԷՄԳ երաշխիքների համաձայնագրին և լրացուցիչ արձանագրությանը։
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին» :

Միջազգային համաժողովի արդյունքներով ընդունվեց եզրափակիչ հռչակագիր, որում համաժողովի մասնակից երկրները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջուկային անվտանգության ամրապնդմանը, միջուկային չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter