HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ՝ Իջևանի քաղաքապետարանում ու մանկապարտեզներում

Գայանե Սարգսյան

Այս տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել Տավուշի մարզի Իջևան համայնքում, ուսումնասիրելով համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, բյուջեի մուտքերի ապահովման, համայնքային սեփականության կառավարման և օգտագործման մեխանիզմները: Որպես ուսումնասիրության ժամկետ` սահմանվել է 2015թ.-ն ամբողջությամբ և 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսները:

Հողի հարկի գծով հաշվետու ժամանակաշրջանում համայնքային բյուջե չվճարված գումարը՝ պարտքն ու տույժը միասին, կազմել է ավելի քան 28 մլն դրամ, գույքահարկի գծով չվճարած ապառքը և տույժը՝ 202մլն 698 հզր դրամ:

Վերահսկիչ պալատն իր հաշվետվության մեջ հրապարակել է առավել խոշոր՝ 500.000 դրամից ավել գույքահարկի գծով պարտք ունեցող կազմակերպությունների ցանկը: Դրանք են «Դավիթ» ՍՊԸ-ն, «Իջևանի Բուատ», «Իջևանի ՃՇՇ», «Ջրաշող», Քարարտ» ՓԲԸ-ները և Իջևանի բժշկական կենտրոնը: Այս տարվա ապրիլի դրությամբ` միայն նշված 7 կազմակերպությունների պարտքը համայնքապետարանին կազմել է 8մլն 680 հզր դրամ:

Ինչպես Լոռու մարզի Վանաձոր ու Սպիտակ համայնքներում, Իջևանում ևս Վերահսկիչ պալատը հայտնաբերել է համայնքի տարածքում առանց թույլտվության ու տեղական տուրք վճարելու գործող բազմաթիվ օբյեկտներ:

Հաշվառված ոգելից խմիչք վաճառող թվով 90 օբյեկտներից վաճառքի թույլտվություն չեն ունեցել 41-ը, ծխախոտ վաճառող թվով 41 օբյեկտից՝ 26-ը, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվող 14 կազմակերպությունից՝ 14-ը, տեխնիկական հեղուկներ վաճառող 9 օբյեկտից՝ 9-ը, հեղուկ վառելիք, սեղմված բնական  և հեղուկացված գազերի վաճառքով զբաղվող 8 օբյեկտից՝ 7-ը (1-ը ստուգման պահին փակ է եղել), թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ վաճառքով զբաղվող 6 օբյեկտից՝ 6-ը:

Համայնքի տարածքում տեղադրված արտաքին գովազդի 308 քմ. վահանակներից տեղադրման թույլտվություն չի եղել  299 քմ-ի համար:

Համայնքի վարչական տարածքում գործող մարդատար տաքսի ծառայություն մատուցող 30 ավտոմեքենաների սեփականատերերի կողմից համայնքի բյուջեին  պարտքը ստուգման պահին  կազմել է 300.000 դրամ:

Ընդհանուր առմամբ,  առանց թույլտվության աշխատող տեղական տուրք վճարողների կողմից համայնքի բյուջե չի վճարվել ընդհանուր 3մլն 306 հզր դրամ:

Աղբահանության գծով չվճարված գումարը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 14մլն 769 հզր դրամ:

Վերահսկիչ պալատն ստուգում է իրականացրել համայնքի ենթակայությամբ գործող թվով 3  մանկապարտեզներում: Իջևանի մանկապարտեզներից երկուսը՝ թիվ 1-ը և 8-ը, եղել են գերծանրաբեռնված: Ընդհանուր առմամբ մանկապարտեզներում տարիֆիկացիայով հաստատված ու փաստացի հաճախող երեխաների թվի տարբերությունը եղել է 65:

Մանկապարտեզներում առկա են եղել հաստիքներ, որոնք նախատեսված չեն ՀՀ  կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի,խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին թիվ 29-Ն հրամանով:

Պարզվում է, Իջևանի մանկապարտեզներում առանձնահատուկ մոտեցում ունեն ֆրանսերենի մանկավարժների ու նկարիչների նկատմամբ:Բոլոր մանկապարտեզներում առկա են այս հաստիքները: Ավելին, թիվ 1 մանկապարտեզը    ֆրանսերենի երկու մասնագետ է պահում:

Ընդհանուր առմամբ համայնքի 3 մանկապարտեզներում արձանագրվել է 17.25 ավել դրույք, ինչի հաշվին համայնքային բյուջեից հավելյալ գումարներ են տրամադրվել աշխատավարձի տեսքով:

Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ մանկապարտեզների կողմից շուկայական գների ուսումնասիրություն չի կատարվել, խախտելով ՀՀ կառավարության 2013թ. 168-Ն որոշման 35-րդ կետի պահանջը, նախատեսվելիք սննդամթերքի համար   նախահաշվային միավորներ չեն կազմվել և  3 մանկապարտեզներում էլ տարեկան գնումների պլանը կազմվել է փաստացի մրցույթի օրվանից և պայմանագիր կնքելուց հետո:

Վերահսկիչ պալատը չի կարողացել ստուգել մատակարարաված ապրանքների քանակն ու ժամկետները:  «Խախտելով ՀՀ կառավարության 2013թ. 168-Ն որոշման 95-րդ կետի պահանջը`  մանկապարտեզները գնված սննդամթերքը ընդունել են առանց հանձման-ընդունման արձանագրության, ինչը անհնար է դարձնում ստուգել մատակարարված ապրանքների քանակն ու ժամկետները»,- նշված է հաշվետվության մեջ:

Վերահսկիչ պալատը մանկապարտեզների մասով համայնքապետարանին առաջարկել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում հաստիքային միավորները և խմբերի խտությունը համապատասխանեցնել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. թիվ 29-Ն հրամանի պահանջներին, մանկապարտեզների կողմից գնված սննդամթերքն ընդունել ՀՀ կառավարության 2013թ. 168-Ն որոշման 95-րդ կետի պահանջներին համապատասխան, ինչպես նաև  Վերահսկիչ պալատին տրամադրել գրավոր տեղեկատվություն՝ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter