HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված՝ Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հայկական համայնքի հոգևոր դասի, կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ, շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ, ԱՄՆ գործադիր մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում աջակցություն են հայտնել Արցախի անկախությանը և զարգացման ընթացքին, ինչպես նաև դատապարտել են ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կգործադրեն տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:

Արցախի կառավարության մամլո ծառայությունը տրամադրել է Արայիկ Հարությունյանի ելույթն՝ ամբողջությամբ, որից ներկայացնում ենք մի հատված.
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառում անցկացնելը խորհրդանշական է, քանի որ մեր երկու պետությունների արժեքային հիմքերը համընկնում են: Ամերիկյան ժողովուրդը շուրջ երկուսուկես դար առաջ պայքարեց իր ազատության համար և այսօր կառուցել է իր երազած հայրենիքը, որտեղ հարգվում են բոլոր մարդկանց իրավունքներն ու ազատությունները, որտեղ բոլոր մարդիկ ունեն անվտանգության բավարար պայմաններ ապրելու և արարելու համար, որտեղ մեծ երազանքներ են ծնվում և կյանքի կոչվում...

25 տարվա բարձունքից կարող ենք փաստել, որ, այո՛, Արցախի Հանրապետությունը նույնպես նշանակալի հաջողություններ է գրանցել մարդու իրավունքների և ազատությունների հարգման ու երաշխավորման, ազատական տնտեսության և ժողովրդավարական քաղաքական համակարգի կառուցման ճանապարհին, սակայն մենք դեռ չենք հասել քաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացման ցանկալի մակարդակին, իսկ որ առավել կարևոր է՝ մեր ժողովուրդը մշտապես կանգնած է իր առաջնային պահանջմունքին՝ անվտանգությանը սպառնացող մարտահրավերների առջև: Պատճառը վաղուց գաղտնիք չէ՝ առնվազն մեզ համար. մեզ բաժին է հասել մի հարևան, որի իշխանությունները հերոսացնում են քնած ժամանակ հայ սպային կացնահարած և կենդանի զինծառայողին գլխատած մոլագարներին, որի իշխանությունները ողջ հայությանը թշնամի են հռչակել և ցանկացած հային սպանելը համարում են իրենց գերնպատակը, մի երկիր, որտեղ պետական մակարդակով և նույնիսկ մանկապարտեզներում ու դպրոցներում ֆաշիզմին բնորոշ ատելություն է սերմանվում իրենց հարևանի հանդեպ, և որտեղ վանդալիստական մեթոդներով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական պատմամշակութային բոլոր արժեքները:

Ադրբեջանի պես հարևանի հետ երկարատև առճակատման պայմաններում Արցախի բնակչությունը ավելի քան քսան տարի շարունակ ոչ միայն գոյատևում, այլև արարում և զարգացնում է իր հայրենիքը: Մեզ հաջողվել է նախորդ տարիներին էականորեն բարելավել Արցախի բնակչության կյանքի որակը: Այսպես, օրինակ, վերջին 20 տարվա ընթացքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է մոտավորապես 12 անգամ՝ 1995 թվականի շուրջ 250 դոլարից 2015 թվականին հասնելով շուրջ 3000 դոլարի: Ավելին, վերջին տարիներին գրանցված՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջինը շուրջ 10 տոկոս աճը բաղձալի տեմպ կարող է համարվել ցանկացած պետության համար:

Անկախության հռչակումից հետո մենք խորհրդային պլանային տնտեսությունից անցում կատարեցինք ազատական շուկայական հարաբերությունների, որը այնքան էլ հեշտ ճանապարհ չէ: Սակայն մենք կարողացանք տարիների ընթացքում ավերված տնտեսությունը վերականգնել և երաշխավորել տնտեսական ազատություններն ու մրցակցությունը: Ավելին, կիրառելով միջազգային փորձը և հենվելով ներքին առանձնահատկությունների վրա՝ այժմ Արցախը ունի տարածաշրջանում ամենարագ տեմպերով զարգացող և ներդրումների համար, երևի թե, ամենաբարենպաստ հարկային դաշտ ունեցող տնտեսությունը: Պատկերացրեք՝ նույնիսկ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին մենք արձանագրում էինք շուրջ 10 տոկոս տնտեսական աճ՝ հավակնոտ  ծրագրեր իրագործելով հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, սննդի ու տեքստիլ արդյունաբերությունում և հանքարդյունաբերությունում: Այդ քայլերի շնորհիվ՝ ի թիվս այլ շոշափելի հաջողությունների, Արցախը այժմ լրիվ ինքնաբավ է էլեկտրաէներգիայի սպառման հարցում և արդեն էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստանի Հանրապետություն: Ի դեպ, այդ ողջ էլեկտրաէներգիան մենք արտադրում ենք բացառապես վերականգնվող պաշարներից՝ առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին: Ինչպես տեսնում եք, Արցախի Հանրապետությունը ներդրում ունի տարածաշրջանի էկոլոգիայի պաշտպանության գործում, սակայն, այդ ամենով հանդերձ, մենք զրկված ենք միջազգային աջակցության հնարավորություններից: Չե՞ք կարծում, որ ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանությունը սահմաններ ու երկրի միջազգային կարգավիճակ չի ճանաչում:

Արցախի տնտեսության ու ավերված ենթակառուցվածքների վերականգնումը և հետագա զարգացումը հնարավոր են դարձել և՛ ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման, և՛ մայր Հայաստանի ու Սփյուռքի մշտական աջակցության ու ներդրումների շնորհիվ: Բացի դրանից, մենք պարբերաբար ներգրավում ենք նաև օտարերկրյա ներդրումներ, որոնք շոշափելի հաջողություններ են գրանցել Արցախում: Օրինակ, մեր կապի օպերատորի սեփականատերը լիբանանցի է, ով ամենախոշոր ներդրողներից մեկն է համարվում: Բազմաթիվ օտար ներդրողների շարքում ունենք նաև իտալական հագուստի բրենդային ընկերություններ: Մեկ այլ հետաքրքիր օրինակ է սև խավիարի արտադրությունը, որի մեջ մի օտարերկրացի գործարար խոշոր ներդրում է կատարել և շուտով սկսելու է Արցախից սև խավիար արտահանել: Շտապեմ հանգստացնել ձեզ, որ ի տարբերություն մեր հայտնի հարևանների՝ մենք չենք պատրաստվում սև խավիարն օգտագործել դիվանագիտության մեջ...

Այնուամենայնիվ, մեր տնտեսության զարգացումը առանց խոչընդոտների չէ, և առկա են օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք արգելակող գործոններ, որոնց հիմնական մասը պայմանավորված է Բաքվի քաղաքականությամբ: Ադրբեջանի բռնապետ ղեկավարությունը, մասնավորապես, շարունակում է Արցախի և Հայաստանի հանրապետությունների շրջափակումը, սպառնում է խոցել մեր նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները, հոխորտում է սկսել լայնածավալ պատերազմ մեր կայացող ժողովրդավարության դեմ, փորձում է խանգարել օտարերկրյա ընկերությունների ու ներդրողների գործունեությունը Արցախում, խոչընդոտներ է առաջացնում արցախյան ծագման ապրանքների արտահանման ու վաճառքի համար: Այս և մի շարք այլ խոչընդոտներ ու սահմանափակություններ ես կնմանեցնեի ամերիկյան ազատատենչ ժողովրդի հանդեպ ամերիկյան հեղափոխության տարիներին կիրառված պատժամիջոցներին և ճնշումներին: Ձեր նախահայրերի պատասխանը եղավ Բոստոնյան թեյախմությունը, անկախության պատերազմը և ժողովրդավարական պետության կառուցումը: Մենք նույնպես շարժվում ենք այդ ճանապարհով. պատերազմում պաշտպանեցինք մեր հայրենիքն ու իրավունքները, իսկ այժմ կառուցում ենք ժողովրդավարական ու բարեկեցիկ պետություն՝ չնայած ադրբեջանական ճնշումներին և սահմանափակություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter