HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի տնակային ավանի հրդեհից երկու օր հետո. «Անորոշության ու հուսահատության մեջ ենք»

Գայանե Սարգսյան

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրշին տնակային ավանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով անտուն մնացած 4 ընտանիքները գտնվում են անորոշ ու հուսահատ վիճակում: Բնակիչներն ահազանգում են՝ կեցության նվազագույն պայմաններ չեն ապահովվել, ստիպված են գիշերել ծանոթ-բարեկամների տներում:

24-ամյա Լուսինե Խաչատրյանը, ով մի քանի օր առաջ էր դուրս գրվել ծննդատնից, 7 օրական դստեր, 5-ամյա որդու ու ամուսնու հետ հրդեհից հետո տեղափոխվել է մի քանի մետր այն կողմ գտնվող սկեսրոջ տնակ: Այն, սակայն, չափազանց փոքր է 6 անձով տեղավորվելու համար:

«Մի կառավատ է էստեղ, մի դիվան: Չենք տեղավորվում: Տեգրս ստիպված թողնում, գնում է  ընկերոջ տանը քնում, որ մի կերպ տեղավորվենք»,- սում է  Լուսինեն:

Ընտանիքը կարողացել է այրվող տնակից հանել միայն փոքրիկի օրորոցը: Ընտանիքի անդամների խոսքով՝ քաղաքապետարանի կողմից դեռևս որևէ աջակցություն չի ցուցաբերվել:

«Մեզ տնակ էլ չեն տվել, ասել են՝ ազատ դոմիկ չկա, դուք գույք չունեք, ձեր գույքը լրիվ վառվել ա, դրա համար ձեզ տնակ չենք տվել»,- պատմում է  սկեսուրը՝ Սվետլանան ու փոխանցում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոստումը- քաղաքապետն ասեց տարեվերջ ա, ֆոնդ չունենք, բայց ես կաշխատեմ ձեզ օգնեմ»:

Փոքրիկին խնամելու համար երիտասարդ մայրիկը ոչինչ չունի: Այրվել է տնակի ողջ գույքը, հագուստը, փոքրիկի համար պատրաստված իրերն ու հիգիենայի պարագաները: Երիտասարդ ընտանիքի եկամտի միակ աղբյուրը 23 000 դրամ ընտանեկան նպաստն է:

Սուսաննա Կիրակոսյանի տնակը մասամբ է տուժել. տանիքից տարածվող հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել:  Հրդեհի վտանգից զգուշանալով թաղամասի տղամարդիկ տնակից դուրս են նետել ողջ գույքը, որը վնասվել ու ջարդվել է:

«Բոցը կրիշովը գնում էր, ասում էին՝ էսա կկպնի, կկպնի: Թափով լրիվ դուրս են լցրել: Սառնարանը, հեռուստացույցը, պահարանները, ամեն ինչը դուրս են շպրտել: Չի վառվել, փոխարենը ջարդվել է»,- պատմում է Սուսաննան:

Քաղաքապետարանից ընտանիքին հորդորել են՝ մի տեղ գիշերեք, դրսում չմնաք:

«Ինձ ասել են էդ օրը մեկի տանը մնա, էնքանն ա գիշերը դրսում չմնաք: Հորս տանն ենք մնում երկու օր ա:  Հիմա չգիտեմ ինչ են անելու, դեռ լուր չունենք: Վերջնական չգիտեմ ինձ ինչ են ասում, որ վարձով տուն ճարեմ: Սպասում ենք պատասխանի: Կռիշը վառված ա, փլվումա: Ստեղ բնակվել հնարավոր չի»,- ասում է Սուսաննան:

Սիրուն Ծատուրյանի ու Արմինե Ծատուրյանի ընտանիքներին քաղաքապետարանը հատկացրել է տնակային ավանում գտնվող դատարկ տնակներից: Բնակիչները սակայն, դժգոհում են՝ այդ տնակներում հնարավոր չէ ապրել:

«Ասում են՝ ապահովել ենք իրանց, եթե սա ա ապահովելը… Ջուր չկա, դուռ չկա, հլա էս կեղտին, էս մրին, պատերը թաց: Հետո՞ ինչ բանվոր դասակարգ ենք, մերը երեխա չի՞: Թոռնիկներս մեկը 5 ամսական ա, մյուսները 3 ու 6 տարեկան են: Ստեղ 5 ամսականին կարա՞ս պահես: Բերեմ թոքաբորբ ընկնե՞ն: 6 տարի երեխա չեն ունեցել»,- դժգոհում է տիկին Սիրունը:

Նրա ընտանիքն առայժմ բնակվում է որդու ընկերոջ տանը:

«Ինչքա՞ն կարանք մնանք ուրիշի տանը: Երկու օր իրանց ուտելիքով: Ձմեռվա կարտոշկես, փակածներս, լրիվ վառվեց կորավ: Էսօր մնացել եք դռանը սոված»,- նեղսրտում է մեծ ընտանիքի մայրը:

Այս ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը տիկին Սիրունի 39 000 դրամ թոշակն ու   36 000 դրամ ընտանեկան նպաստն է:

«Անորոշության ու հուսահատության մեջ ենք, գիտենք, մի բան չեն անելու,- ասում է Արմինեն,- երկու ուսանող ունենք: Էս պահին ի վիճակի չենք որևէ ծախս անելու: Ուսման վարձ ենք տալու: 320 000 դրամ է վարձը»:

Արմինեի ընտանիքը ժամանակավորապես ապաստանել է բարեկամի տանը:

«Այս հատկացված տնակում ապրել հնարավոր չի, ամբողջը սարքելու է: Ասել են՝ կիսեք, երկու ընտանիքով ապրեք: Ինչքա՞ն փող ենք ներդնելու, որ սա տուն դառնա»,- դժգոհում է Արմինեն:

Հրաժեշտին բնակիչներից մեկը վախվորած ասում է՝ ասել են հանկարծ միկրաֆոնների դեմը վատ բան չխոսաք քաղաքապետարանից…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter