HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայաստանի 8 համայնքներ ճանաչվեցին «Լավագույն գործելակերպի» հաղթողներ

Դեկտեմբերի 5-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական կառույցների եւ կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին պարգեւատրեց Հայաստանի 8 համայնքների ղեկավարներին, որոնց ներկայացրած աշխատանքային փորձը գնահատող հանձնաժողովը համարել էր լավագույնը եւ ընդօրինակելին: ԵԽ-ն այս ընտրությամբ նպատակ ունի օգնել բարձրացնելու կառավարման չափանիշները, ծառայությունների մատուցումը եւ տեղական մակարդակում քաղաքացիների մասնակցությունը: Ընտրված լավագույն գործելակերպերը հետագայում կտրածվեն այլ համայնքներում, որոնք կկարողանան ընդօրինակել, հարմարեցնել եւ կիրառել նույն փորձը:

Ընտրող հանձնաժողովն ամիսներ առաջ ամփոփելով համայնքներից ստացված հայտերը, «Լավագույն գործելակերպի» հավաստագրի արժանացրեց`

Շիրակի մարզի Բասեն համայնքին` վերականգնվող էներգիայի եւ գյուղատնտեսության վարման նոր տեխնոլոգիաները կիրառելու համար: Բասենում կառուցել են արեւային ջրատաքացուցիչ, արեւային օդատաքացուցիչ, համայնքային ջերմատուն, մրգերի եւ բույսերի արեւային չորանոց, կալիֆոռնիական որդերի մինի ֆերմա, կենսաբանական թափոններից պատրատվող կենսավառելիքով ջեռուցում են համայնքային մանկապարտեզը եւ համայնքային երկու ջերմոցները:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործազրկությունը մեղմելու, միգրացիան կանխելու համար երիտասարդ կանանց համար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն են ստեղծել: Ծրագրի շրջանակում գործել է 7 խումբ` 21 ենթախմբով` սեղանի ձեւավորում (ֆուրշեթ, ուտեստների պատրաստում), խմորեղնի պատրաստում, ֆլորիստ-դիզայն, շյուղագործություն եւ հելունագործություն, կար ու ձեւ, վարսահարդարում, դիմահարդարում եւ մատնահարդարում: Այսպիսով, համայնքի միգրանտ եւ խոցելի խմբերի ընտանիքների մոտ 220 կանայք եւ աղջիկներ որոշակի ժամանակահատվածում` 3-6 ամիս արհեստներ են ուսանել:

Համայնքապետարանը նրանց հնարավորություն է ընձեռել իրենց հմտությունների ու կարողությունների սահմաններում ստեղծել արտադրանք` շուկայում վաճառելու կամ փոխանակելու համար, եւ այդ կերպ բարելավել ընտանիքների սոցիալական պայմանները:

Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակիչները զբոսաշրջիկների համար քաղաքն առավել գրավիչ դարձնելու առաջնահերթ նախապայմաններից մեկը քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ու մաքրությունն են համարում եւ, ընդհանրապես, քաղաքի մաքրությունը: Երիտասարդների նախաձեռնությամբ եւ համայնքապետարանի աջակցությամբ Սանահինի պատմական կամրջի տարածքում մաքրման աշխատանքներ են կատարել, "G2IA" ֆրանսիական կազմակերպության  միջոցներով կամրջի տարածքում կառուցվել են տաղավարներ, անցկացվել է «Մեկ օր մշակութային Ալավերդիում» փառատոնը, որին տարածաշրջանի բնակչությունից բացի մասնակցել են բազմաթիվ հյուրեր ու զբոսաշրջիկներ:

Քաղաքապետարանի աշխատակազմից եւ ավագանու անդամներից կազմված հանձնաժողով է ստեղծվել, որը շաբաթական երկու անգամ այցելում է տարբեր թաղամասեր, ծանոթանում է խնդիրներին: Յուրաքանչյուր այցից հետո խնդիրները դասակարգվում են ըստ լուծման առաջնահերթության: Ըստ առաջնահերթության՝ ընտրվել եւ նորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Ալավերդու բարեկարգման ու մաքրման միամսյակի շրջանակներում, քաղաքից 135 բեռնատար աղբ է տեղափոխվել, բակերից ու քաղաքի այլ հատվածներից հեռացվել են խոտանված ավտոմեքենաները, քաղաքի կենտրոնական հատվածի 14 աղբարկղերի շուրջ եռակողմ պատնեշ է կառուցվել: Բնակիչների ու ավտոմեքենանների համար վտանգ ներկայացնող ծառերի հաշվառում է  իրականացվել, համաձայն որի՝ քաղաքում խորը էտման ենթակա 325 ծառ է հաշվառվել: Խիստ վտանգավոր ծառերի մի մասը՝ 30 ծառ, կտրվել եւ որպես վառելափայտ բաշխվել է  քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության եւ Վանաձորի զբաղվածության կենտրոնի հետ համատեղ, 2014 թ.-ին հիմնել  են «Նեցուկ» հաշմանդամների հզորացման (ՀԶ) համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ), որը պետք է զբաղվեր այգիների ու պուրակների մաքրությամբ: Համատեղ իրականացված ծրագրով նախատեսված էր ստեղծել 21 աշխատատեղ: Ծրագիրը համաֆինանսավորող «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության պայմանն էր, որ աշխատատեղերի 70%-ը հատկացվի հաշմանդամություն ունեցող անձանց:

Համայնքապետարանը կազմակերպությանը տրամադրել է համապատասխան տարածք, շինություն եւ գույք՝ իր գործունեությունն իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում, կազմակերպության նյութատեխնիկական պայմանների ապահովման նպատակով ձեռք է բերվել նոր տեխնիկա եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ: Վանաձորի զբաղվածության կենտրոնի հետ համագործակցության արդյունքում, համապատասխան հմտություններ ունեցող հաշմանդամները դասընթացի են մասնակցել, վերապատրաստվել են եւ անցել աշխատանքի:

Ծրագիրը մասնակիորեն լուծել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը, նպաստել է նրանց կենսամակարդակի բարձրացմանը, խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը, փոխել է հասարակության վերաբերմունքը նրանց կատարած աշխատանքների նկատմամբ: Վանաձորցիները հավաստում են, որ «Նեցուկ»-ի ստեղծումով զգալիորեն բարելավել է կոմունալ ոլորտում մատուցվող ծառայությունների որակը. փոխվել է քաղաքի արտաքին տեսքը, բարելավել է քաղաքի սանիտարական մաքրման եւ կանաչապատման որակը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեսակավորված աղբահանում է իրականացվում, կենցաղային աղբի համար նախատեսված արկղերի կողքին տեղադրված ցանցապատ տարաներում առանձնացվում են պլաստիկե շշերը: Կոմունալ ծառայության շենքի տարածքում արդեն 1,5 տարի պլաստիկ թափոնի մամլիչ է տեղադրվել, որով պլաստիկե շշերը սեղմում են ու պահեստավորում` ապագայում վերամշակելու հեռանկարով: Այդ պլաստիկը ոչ միայն աղբարկղերում էր հայտնվում, այլեւ քամու միջոցով տարածվում էր ամենուր` փողոցներում, բակերում, գետերում, կանաչապատ տարածքներում, հանգստի գոտիներում: Պլաստիկի քայքայման համար տասնյակ տարիներ է պահանջվում, հետեւանքները վտանգավոր են շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության համար: Դրանք հավաքողները քրքրում են աղբավայրը, քաղաքային աղբավայրում հրդեհի պատճառ են հանդիսանում:

Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանը իրենց գործունեությունը համայնքի 21·730 բնակիչներին հասանելի դարձնելու համար սոցցանցերում ստեղծել է կայքեր՝ համայնքի բնակիչների հետ երկխոսություն ապահովելու, ծառայություն մատուցող ՀՈԱԿ-ներին բնակչությանը հասանելի դարձնելու, համայնքապետարանի թափանցիկ գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ համայնքային կառավարմանը բնակչությանը մասնակից դարձնելու նպատակով:  

Երկկողմանի անիրազեկության հետեւանքով տարիների ընթացքում տեղական իշխանության եւ բնակչության միջեւ կապն իսպառ խզվել էր: Բնակչությունն անտեղյակ էր համայնքի ղեկավարի ու ավագանու կայացրած որոշումների եւ համայնքապետարանի մատուցած ծառայությունների մասին: Խորը անվստահության կար տեղական իշխանության նկատմամբ, որի հետեւանքով էլ համայնքային բյուջեն թերակատարվում էր:

Արդյունքում ավելացել են բյուջեի սեփական եկամուտները, բարձրացել է ՀՈԱԿ-ների մատուցած ծառայությունների որակը, խնայվել է խորհրդակցությունների, ժողովների վրա ծախսվող ժամանակը: Համայնքապետարանի որդեգրած նորարարական աշխատաոճը հնարավորություն է տվել քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանուն, ՀՈԱԿ-ների աշխատակիցներին, զգոն լինել իրենց աշխատանքում, հետեւողական, պարտաճանաչ եւ արհեստավարժ: Բնակչությունը լինելով տեղեկացված, հետեւողական, վերահսկում է ՏԻՄ-ի ու նրան ենթակա ՀՈԱԿ-ների կատարած աշխատանքը:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող ավազի, խճի, գիպսի, բազալտի հանքավայրերը շահագործվում են դեռեւս խորհրդային տարիներից: Բաց հանքավայրերի առաջացրած փոշին կեղտոտում է օդը` վտանգելով համայնքի մի քանի փողոցների բնակչության առողջությունը, վնասում է պտղատու այգիներին: Փարաքար համայնքն իր մեջ ընդգրկում է Փարաքար եւ Թաիրով գյուղերը, եւ այս բնակավայրերից 1280 մարդ հայտնվել է իրական վտանգի գոտում:

Հանքավայրերի պատճառած վնասներին դիմակայելու միակ ճանապարհը համայնքի կանաչապատ տարածքներն ավելացնելն են համարում: Համայնքապետարանի աշխատակազմն ու ավագանին որոշել են համայնքի կանաչապատումն սկսել Փարաքարի բարձունքում գտնվող Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքից: Հուշահամալիր այգին կառուցվել էր 1982 թ.-ին, սակայն տարիների ընթացքում հուշարձանի հարակից տարածքը վերածվել էր աղբավայրի, որտեղ բազմանում էին թափառող շները, կրծողներն ու այլ վնասատուներ` խաթարելով համայնքի էկոլոգիական վիճակը:

Համայնքի ղեկավարն ասում է, որ այգին այդ վիճակում էր հայտնվել հանրային գոտիների եւ շրջակա միջավայրի նկատմամբ բնակչության անտարբեր վերաբերմունքի պատճառով: Ուստի, բնակավայրի էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով համայնքի կարեւորագույն նպատակներից էր՝ ուսուցանել բնակիչներին` կարեւորել շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ գործողություններ ծավալել ավելի մաքուր  էկոլոգիա ունենալու համար: Աշխատանքերին ներգրավվել են նաեւ համայնքի ակտիվ բնակիչները գրեթե բոլոր տարիքային խմբերից' դպրոցականներ, նրանց ծնողները եւ այլք: Տարածքը մաքրել են աղբից, ծառատունկ են կատարել: Արդյունքում' բարելավվել է համայնքի էկոլոգիական եւ սանիտարական վիճակը, համայնքի հանրային օգտագործման կանաչ գոտին ավելացել է 4500 քմ բարեկարգ կանաչապատ տարածքով, հանքավայրերի փոշու վնասակար ազդեցությունը զգալիորեն նվազել է: Այգին դարձել է համայնքի բնակիչների եւ հյուրերի սիրված վայրը՝ մարդիկ հանգիստը սիրով են անցկացնում զովասուն եւ մաքուր զբոսայգում, կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ:

Տավուշի մարզի Չինչին համայնքի սոցիալ-տնտեսական վատ պայմաններին գումարվել է եւս մեկը. վերջին 25 տարիներին գյուղը մշտական գնդակոծության թիրախ է դարձել հարեւան հանրապետության կողմից, որն էլ նպաստել է արտագաղթին: Չինչինում բնակչության թիվը կարող էր շարունակ նվազել, եթե առնվազն երեխաների կրթության ու դաստիարակության համար համայնքը միջոցներ չնախաձեռներ: Չինչինի մանկապարտեզի հիմնանորոգումը ներառվում է Հայ օգնության ֆոնդի ծրագրում (ՀՕՖ):

Մանկապարտեզը 2015 թ.-ին հիմովին վերանորոգվել է: Համայնքն առաջին անգամ ունեցավ անհրաժեշտ ամեն ինչով հագեցած մանկապարտեզ: Արդյունքում՝  նախկին  7 երեխայի  փոխարեն այժմ  մանկապարտեղ  է  հաճախում  21  երեխա, ավելացել  են  նոր աշխատատեղեր:  Սրանով կանխվել է միգրացիան, եթե շատ ծնողներ երեխաների նախնական կրթության համար ստիպված էին լքել գյուղը, ապա հիմա այդ խնդիրը չկա: Արտագաղթելու հավակնող  ավելի  քան  մեկ տասնյակ  ընտանիք մանկապարտեզի  վերանորոգման  շնորհիվ  որոշել  է  մնալ  ու  աշխատել  հայրենի  գյուղում՝ հուսալով, որ  եթե այս  անլուծելի  թվացող  հարցը  լուծվել է, ապա կլուծվեն  նաեւ մյուս հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter