HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մինչև փորձում էի խոսել, հայհոյեց ու դեմքիս հարվածներ հասցրեց»

Այսօր Աժ նիստի ընդմիջումներից մեկի ժամանակ` լրագրողների հետ հարց ու պատասխանից հետո, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին «հրավիրել է զրուցելու»: Այդ ժամանակ, ինչպես պատմում է Վահեն, պատգամավորը բռունցներով հարվածներ է հասցրել իրեն՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։

«Տեսա, որ լրագրողների հարցերին է պատասխանում, մոտեցա հարցեր տալու, որովհետև ինչպես շատ պատգամավորների դեպքում, այս դեպքում ևս, հետաքրքիր էր պարզելը, թե պատգամավորը քաղաքական ապագան ոնց է պատկերացնում։ Երբ մոտեցա Դաշնակցությունից էր խոսում, կուսակցության որդեգրած գաղափարախոսություններից։ Ես էլ հարցրի՝ պրն. Հակոբյան, մեկ բառով ո՞նց կձևակերպեք Դաշնակցության գաղափարախոսությունը ո՞րն է։ Նա էլ ինձ ուղղորդեց՝ գնամ գրքեր կարդամ»,-ասում է լրագրողը։

Այնուհետև, ասում է, փորձել է պատգամավորին բացատրել իր հարցի իմաստը, սակայն Հակոբյանը հակադարձել է, որ նա չի գիտակցի հարցի պատասխանը։ Լրագրողը, հասկանալով, որ պատգամավորը պատրաստակամ չէ պատասխանել իր հարցերին, չի շարունակել զրույցը։

Երբ Ռուբիկ Հակոբյանը անդրադարձել է ընդդիմությանը, լրագրողը պատգամավորից կրկին հետաքրքրվել է՝ թե ընդդիմադիր դաշտում ու՞մ է տեսնում և ո՞ր ընդդիմադիր ճյուղն է նրան առավել «հոգեհարազատ»։ Մակարյանի փոխանցմամբ՝  այստեղ պատգամավորը բարկացել է, ասելով, որ լրագրողի հարցերին չի պատասխանում, քանի որ միևնույնն է նա չի հասկանալու իր պատասխանը։

Լրագրողի դիտարկմամբ՝ պատգամավորը շարունակաբար փորձել է վեճ հրահրել` ասելով, որ լրագրողը «կուլտուրա» չունի, սակայն լրագրողը հակադարձել է, որ նա, ի տարբերություն պատգամավորի, «կուլտուրա» ունի, քանի որ իր պես ձեռքով-ոտքով և վիրավորելով չի խոսում:

«Հետո սկսեց տղայական ոճով խոսել, թե բա հլը արի ստեղ, բան ասեմ։ Բայց գործընկերներս արգելեցին։ Գնաց, բայց հետո էլի եկավ, չէր հանգստացել։ Նորից կանչեց՝ հլը արի, էդ ու՞մ ես դասեր տալիս։ Հետս կանգնած լրագրողներին ասեց, թե պետք է բան բացատրի, զրուցենք։ Քայլելով տարավ դեպի ԱԺ-ի նկուղային հատված,  որտեղ լույս և տեսախցիկներ չկային, հսկողությունից դուրս էր։ Հասկացա, որ ինչ որ մի բան էն չի։ Ասեց՝ դե հլը բացատրի։ Մինչ փորձում էի խոսել, հայհոյեց ու դեմքիս հարվածներ հասցրեց»,-ասում է լրագրողը։

Ձայներն ու հայհոյանքները լսելով` մարդիկ են եկել և Հակոբյանը հեռացել է, լրագրողի խոսքով, սպառնալով, որ «եթե բան ունես ասելու, կգաս, կտենաս քո հարցերը ստեղից դուրս էլ կլուծեմ»։

Դեպքի առթիվ լրագրողը չի պատրաստվում դիմել ոստիկանություն կամ ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր աչքի առջև ունենալով պատգամավորիներ անպատիժ մնալու նախորդ փորձերը։

Դեպքի վերաբերյալ նաև քիչ առաջ հաղորդագրություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հայտնելով, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: 
«Հուսով ենք բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter