HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

PFA-ի հատուկ զեկույցը Հայաստանում 2015 թ. դեկտեմբերին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

6 Դեկտեմբեր 2016 թ.

2016 թ. դեկտեմբերի 6-ին լրացավ Հայաստանում 2015 թ. անցկացված Սահմանադրության փոփոխութունների վերաբերյալ հանրաքվեի տարեդարձը: Այդ օրը Հայաստանի քաղաքացիները գնացին ընտրատեղամասեր արտահայտելու իրենց կարծիքը սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, որոնք առաջարկվել էին գործադիր իշխանության կողմից՝ երկրի կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանայինի անցման նպատակով:

Քննադատների կողմից հանրաքվեն դիտվեց որպես Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու միջոց: Քանի որ երկու կեղծված ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա չի կարող առաջադրվել երրորդ անգամ, այս փոփոխությունները հնարավորություն են տալիս նրան դառնալ վարչապետ՝ առանց որևէ ժամկետի: Իր իսկ կողմից գլխավորած սահմանադրության փոփոխությունների հանդեպ այս թերահավատությունը հետևանք է Սարգսյանի և իր մերձավորների իշխանության ընթացքում աննախադեպ աստիճանի հասած համատարած կաշառակերության և տնտեսության ու զարգացման ոլորտներում վարած խիստ անհաջող քաղաքականության:

Policy Forum Armenia-ի «Հայաստանում 2015 թ. Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ» այսօր հրատարակած հատուկ զեկույցում բերված են ապացույցներ 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ համակարգված ընտրակեղծիքների վերաբերյալ: Մասնավորապես, այնտեղ ներկայացված է մանրամասն վիճակագրական վերլուծություն, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

 - հանրաքվեին մասնակցած ընտրողների պաշտոնական թիվն արհեստականորեն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը

- «Այո» և «Ոչ» քվեների վիճակագրական բաշխումը բոլորովին բնականոն չի: Այո քվեների բաշխումը ավելի շեղված է, քան 2008 թ. ի վեր գրանցված որևիցե իշխանամետ քվեի վիճակագրական բաշխում

- քվեարկության մասնակիցների ուռճացված թիվը միշտ ի նպաստ «Այո» քվեի է

- արհեստականորեն ուռճացված քվեարկողների քանակը կապված է գործոնների հետ, որոնք առնչվում են ընտրակեղծարարության հետ

- գոյություն ունի շոշափելի և վիճակագրորեն զգալի «դիտորդի գործոն», որը խոսում է ընտրակեղծիքի առկայության մասին

- գոյություն ունի հարաբերակցություն անվավեր քվեաթերթիկների մասնաբաժնի և «Ոչ» (ընդդիմադիր) քվեների միջև

Միջազգային և տեղական դիտորդների ու ականատեսների դիտարկումները և սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումները հաստատում են այս արդյունքները, որոնք են՝ Հանրաքվեի ընթացքում համատարած ընտրակեղծիքն ու ընտրախախտումները:  Ակնհայտ է, որ հանրաքվեի ընթացքը խեղված է եղել, և արդյունքները չեն արտահայտում Հայաստանի քաղաքացիների կամքը:

Ինչպես նշել է Policy Forum Armenia-ի գործադիր խորհրդի անդամ՝ գիտությունների դոկտոր Զավեն Քալաջյանը, «Հիմնվելով մեր զեկույցում բերված արդյունքների վրա, Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից առաջադրված Սահմանադրության փոփոխությունները ամենայն հավանականությամբ հավանության չեն արժանացել հայաստանցի ընտրողների կողմից: Մեր վերլուծության արդյունքները համահունչ են Հայաստանում վերջին տարիներին կայացած քվեարկությունների դեպքերի հետ, երբ իշխող ռեժիմը փոփոխել էր արդյունքները ի նպաստ իրեն:»

Զեկույցը ծառայում է որպես հիշեցում, թե ինչ աստիճանի ու որքան զարգացած են Հայաստանում ընտրակեղծիքի մեխանիզմները:  Այն նաև զգուշացնում է, որ շատ ավելի հզոր դիտորդական և քվեների վերահաշվարկման ջանքեր են պահանջվում իշխող վարչախմբի ընտրակեղծիքի մեքենայի ու կանխորոշված արդյունքների վրա որևէ կերպ ազդելու համար: Մինչ Հայաստանը ներկայանում է որպես ընտրական ժողովրդավարություն, վերջին քառորդ դարի իրադարձությունները ապացում են, որ կառավարման փոփոխություններ մտցնելու ընդունված քաղաքական մեխանիզմները Հայաստանում չեն գործում: Ընտրությունները պարզապես դարձել են գործիք ավտորիտար իշխանությունների համար՝ լեգիտիմացնելու իրենց իշխանությունը: Այս առումով՝ Policy Forum Armenia-ն ողջունում է ԱՄՆ դեսպանատան կողմից վերջերս Երևանում արված հայտարարությունը, ըստ որի Հայաստանում ընտրակեղծիքի առկայությունը «քաղաքական կամքի հարց է»:

Ապրիլյան քառօրյա պատերազմը և հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Սարգսյանի վարչախմբի և Հայաստանի ժողովրդի միջև հանրային պայմանագիրը խզված է: Մինչ բնակչությունը դիմանում էր ծանր սոցիալական պայմաններին և մարդու իրավունքների ոտնահարումներին՝ Արցախում խաղաղության և որոշ տնտեսական առաջընթացի ստանալու դիմաց, Սարգսյանի վարչախումբն այլևս անկարող է կատարել իր կողմի պարտավորությունները: Վերիհիշյալ դեպքերը նաև ցույց տվեցին, որ Հայաստանում կան քաղաքական ու քաղաքացիական ուժեր, որոնք ամեն ինչ կանեն թույլ չտալու, որ Հայաստանը հայտնվի  բռնապետության ճիրաններում ու Ռուսաստանի բաձարձակ տիրապետության տակ:

Նոր սահմանադրությունից առավել Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի առաջնորդներ՝ կրթված, արժանապատիվ մղումներով և տեսլականով, ովքեր կարող են առկա օրենքները գործի դնել ի նպաստ ժողովրդավարական կառավարման, որն անհրաժեշտ է մեր երկրի զարգածումը, բարգավաճումն ու անվտագությունն ապահովելու համար: Ներկա ստատուս քվոն այլևս չի գործում և անկասկած կբերի բողոքի նոր ալիքների և ցնցումների:  

Policy Forum Armenia-ն շահույթ չհետապնդող անկախ վերլուծական կազմակերպություն է, որը նպատակ ունի երկխոսություն ծավալել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության հարցերի շուրջ, դրանով իսկ աջակցելով հանրային քաղաքականության ձևավորմանը Հայաստանում: Սույն Հատուկ զեկույցը և այլ զեկույցներ, ուղղված Հայաստանում և սփյուռքում կարևոր իրադարձությունների վերլուծությանը, զետեղված են կազմակերպության կայքում www.pf-armenia.org/reports

PFA գործադիր խորհուրդ, Վաշինգտոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter