HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դվին» հյուրանոցի սեփականատեր, ՀՀ պատվավոր հյուպատոսի ներդրումները Ֆինլանդիայում կասկածներ են առաջացրել

Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի և նրա ռուս գործընկերոջ ներդրումները Ֆինլանդիայում կասկածի տեղիք են տվել: Ֆիննական հեռարձակողների ընկերությունը (Finnish Broadcasting Company, YLE) սկսել է հետաքրքրվել, թե ինչու է հայ գործարարը որոշել ներդրում անել մի գործարանում, որը վնասով է աշխատել եւ սնանկ ճանաչվել:

Ֆիննական հեռարձակող ընկերության մեր գործընկերները պարզել են, որ այս գործարանի գործարքների կապակցությամբ և սեփականատերերի միջև վեճերը դատական տարբեր ատյաններում են՝ Հելսինկիի և Ամստերդամի դատարաններում: Բացի այդ, չեն բացառում, որ հայ-ռուսական ներդրումը Ֆինլանդիայի փոքրիկ Յուանկոսկի քաղաքում կապ ունի ռուսական Առաջին հանրապետական բանկից (Первый Республиканский Банк) յուրացված փողերի հետ. բանկ, որի լիցենզիան ՌԴ ԿԲ-ն 2014-ի մայիսին հետ է կանչել: Բանկի վերջնական սեփականատեր, հայազգի Գագիկ Բալայանը և բանկի ֆինանսական գծով փոխտնօրեն Սերգեյ Հայրապետյանը քրեական հետապնդման են ենթարկվում Ռուսաստանում: Նրանց մեղադրում են խոշոր չափի միջոցների յուրացման մեջ: Հենց այդ մեղադրանքներից մեկում էլ նշվում է, որ բանկն այդ գործարքներում օգտագործել է Արտակ Թովմասյանին պատկանող ընկերությանը:

Ով է Արտակ Թովմասյանը

Արտակ Թովմասյանը ծնվել և մինչ օրս էլ գրանցված է Երևանում՝ որպես ՀՀ քաղաքացի: Երևանի ավտոմեքենաների «Երազ» գործարանում աշխատել է որպես դարբին: 1990թ. ավարտել է Երևանի ժողտնտեսական ինստիտուտը, 1993-ին` Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը: Զբաղվել է ձեռներեցությամբ: 2002-ից դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում` Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոսն է: 2005-ից ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի խորհրդականն է: Գիտության, մշակույթի եւ սպորտի «Սոզվեզդիյե» ազգային զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահն է:

Արտակ Թովմասյանը սերտ կապեր ունի հայաստանյան իշխանությունների հետ: Անցյալ տարվա ապրիլին Վովա Գասպարյանը նրան համագործակցության ամրապնդման համար մեդալով է պարգևատրել: Իսկ այս տարվա սեպտեմբերին Արտակ Թովմասյանի հոբելյանական 50-ամյակին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը: 

Բացի պատվավոր հյուպատոս լինելուց, Արտակ Թովմասյանը տարբեր բիզնես ոլորտներում է գործունեություն ծավալում: Նրա հայաստանյան ամենամեծ ներդրումը Դվին հյուրանոցն է, որի վերակառուցման նախագիծը կառավարությունն արդեն հաստատել է և «Հետքն» արդեն անդրադարձել է:

Ֆիննական ներդրումների մշուշոտ ապագան

Յուանկոսկին Ֆինլանդիայի կենտրոնում գտնվող 5000 բնակչություն ունեցող մի փոքրիկ քաղաք է: Երբ 2008թ. քաղաքի ամենամեծ` ստվարաթուղթ արտադրող գործարանը, որը կոչվում էր Stromsdal, սնանկացավ, քաղաքի տնտեսության և բնակիչների համար 227 աշխատատեղի կորուստն էական ազդեցություն ունեցավ:

Ֆինլանդիայի էկոնոմիկայի նախարարությունը և Յուանկոսկու քաղաքապետարանը խորհրդատվական ընկերություն վարձեցին, որը պիտի նոր ներդրող գտներ գործարանի համար: Փնտրտուքը տևեց երկու տարի, կային մի քանի թեկնածուներ, և վերջապես հայտնվեց ուկրաինական ծագում ունեցող գործարար Վալերի Սամորիզը, որը ներկայացնում էր հոլանդական Pehami B.V. ընկերությունը։ Վ․ Սամորիզը պատրաստակամություն հայտնեց վերագործարկել գործարանը: Նա, սակայն, նախկինում ստվարաթղթե գործարան աշխատեցնելու որևէ փորձ չի ունեցել: Յուանկոսկու քաղաքապետարանը հասկացել է, թե գործարարը ներդնելու է սեփական միջոցները: Այդ մասին քաղաքապետը հայտնել է մեր գործընկեր ֆիննական լրատվամիջոցին: Սակայն, նոր ներդրող Վալերի Սամորիզը և նրա հոլանդական Pehami B.V․ ընկերությունը միայն 6 մլն եվրո են ունեցել: Մնացածը պետք է ներդներ «Ֆինվերան», որը Ֆինլանդիայի կառավարության հիմնադրած պետական ընկերություն է և ընկերություններին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։ Վերջինս տրամադրել է 6,25 մլն եվրո վարկ, սակայն նախագիծն իրագործելու համար ավելին էր անհրաժեշտ:

Առևտրային բանկերը մերժել են վարկ տրամադրել սնանկացած գործարանի ոչ փորձառու սեփականատիրոջը։ Քաղաքապետարանն է որոշել օգնել նորահայտ գործարարին: Յուանկոսկու քաղաքապետարանը երաշխավոր է հանդես եկել Վալերի Սամորիզի համար, և բանկը համաձայնել է տրամադրել 6,25 մլն եվրո: Գործարանը գործարկելը 18,5 մլն եվրո է արժեցել: Այն աշխատել է 2,5 տարի, որի ընթացքում 22 մլն եվրոյի կորուստ է ունեցել: 2013-ին գործարանը պաշտոնապես դիմել է պարտքի վերակազմավորման գործընթաց իրականացնելու հայտով: 2014-ին ընկերության հայտը Հյուսիսային Սավոյի շրջանային դատարանն ընդունել է: Ընկերությանը պարտքի 90%-ից ավելին ներվել է: Արդյունքում, ինչպես հայտնում է Ֆիննական հեռարձակող ընկերությունը, Յուանկոսկու հարկատուները և Ֆինլանդիայի կառավարությունը կորցրել են 10 մլն եվրո:

Այս տարվա հունիսին խաղի կանոնները փոխվել են: Յուանկոսկի է ժամանել ներդրողների նոր խումբ: Նրանք հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել հոլանդական Pehami B.V.-ին Ամստերդամի դատարանի որոշմամբ և ազատել են Վալերի Սամորիզին:

Նորեկները ներկայացել են որպես կիպրոսյան Milini Holding-ի սեփականատերեր: Համաձայն Milini Holding-ի իրավաբան Ալեքսանդրա Սկոբլիայի՝ Milini Holding-ը հոլանդական Pehami B.V –ի իրական ներդրողն է և մինչ օրս Pehami-ում ներդրել է 11 մլն եվրո: Հիշեցնենք, որ սեփականատերերի միջև վեճերը դեռ չեն ավարտվել Հելսինկիի և Ամստերդամի դատարաններում:

Ամստերդամի դատարանի որոշմամբ հաստատվել է, որ Milini Holdings-ը ֆինանսավորել է Յուանկոսկու գործարանի գործարկումը 6 մլն փոխարկելի վարկով, և այդ բաժնեմասն այժմ փոխարկվել է:

«Հետքի», Ֆիննական հեռարձակողների ընկերության և OCCRP-ի մեր գործընկերների հետ պարզեցինք, որ Կիպրոսում գրանցված Milini Holdings-ի բաժնետերեր են Ալ. Տելեպնյովը և Բելիզում գրանցված Threepwood Investments-ը: Իրավաբան Սկոբիան մեր ֆինն գործընկերոջ հետ զրույցում հաստատել է, որ Threepwood-ը Արտակ Թովմասյանի ընկերությունն է:

Milini Holdings ընկերությունը 2014-ին 5 մլն եվրո է ստացել Բելիզում գրանցված Threepwood Investments ընկերությունից: Կիպրոսյան ռեգիստրում երևում է 2,5 մլն եվրոյի փոխառություն (11/6/2014), սակայն իրավաբան Սկոբլիան իր պատասխաններից մեկում նշել է 5 մլն եվրոյի մասին:

Գագիկ Բալայանը` ձախից: Լուսանկարը` http://kommersant.ru-ից

ՌԴ մամուլը, ինչպես նաև Մոսկվայի արբիտրաժի դատարանն այս տարվա օգոստոսին կայացրած որոշման մեջ նշում է, որ գործարքները կնքվել են «ՊՌԲ» ԲԲԸ և Threepwood Investments ընկերության միջև, որպես նախապատվությամբ կատարված գործարքներ, որոնց իրականացման դեպքում ընկերությունը կարող էր բանկի այլ պարտատերերի նկատմամբ ստանալ բավարարման նախապատվություն: Արբիտրաժային դատարանների որոշումներով, նշված գործարքները փոխադարձ հաշվարկների մասով ճանաչվել են անվավեր, միևնույն ժամանակ վերականգնվել էր բանկի պարտավորությունը Threepwood Investments ընկերության նկատմամբ: 

«Գագիկ Բալայանն ու Արտակ Թովմասյանը մանկության ընկերներ են»,- նշվում է վճռում:

Այս մեղադրանքները Արտակ Թովմասյանը հերքում է: «Հետքի» հետ հարցազրույցում նա նշում է, որ Գագիկ Բալայանի հետ մանկության ընկերներ չեն, ճանաչում է նրան 18-19 տարի:

«Մենք մեր` այդ պահին ազատ միջոցները դրեցինք բանկում, որտեղ ընթացիկ հաշիվներ ունեինք: Երբ նկատեցինք, որ բանկը չի կարող սպասարկել մեր գումարների փոխանցման հայտերը, իսկ դա տևեց համարյա երկու ամիս, ակտիվորեն սկսեցինք նրանց հետ բանակցություններ վարել մեր ողջ գումարի վճարման մասին, քանի որ գումարի փոխանցման մի մասի համար էինք պահանջ ներկայացրել, իսկ նրանք անընդհատ ձգձգում էին` այսօր-վաղը, իսկ երբ սկսեցինք պարզաբանումներ պահանջել, պարզվեց, որ բանկում հարցեր կան: Ինչպես յուրաքանչյուր բաժնետեր և կապիտալի սեփականատեր, սկսեցինք փնտրել ուղիներ, թե որով կարող ենք դուրս բերել մեր միջոցները: Բալայանի հետ գումարների վերադարձի մասին քննարկում եղավ: Մթնոլորտի առողջացման և բանկի ֆինանսական իրավիճակի համար նրանք առաջարկեցին մեզ վերցնել բանկի վարկային պորտֆելը»,- ասում է Արտակ Թովմասյանը

Արտակ Թովմասյանի հետ հարցազրույցի հայերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ:

Խորհրդակցելով ֆինանսիստների հետ` որոշել են վերցնել մի մասը` հետագայում մնացածը ձևակերպելու մտադրությամբ: Ըստ Ա. Թովմասյանի՝ վարկային պորտֆելի տվյալ մասի ձևակերպումից երեք շաբաթ հետո բանկից լիցենզիան վերցրել են:

«Իսկ ինչպես են սովորաբար Ռուսաստանում նման գործերը տարվում: Բոլոր գործարքները, որոնք կնքվել են լիցենզիաները հետ կանչելուց կես տարի առաջ, չեղյալ են հայտարարվում: Որովհետև դրանից հետո մտնում է Ներդրումների ապահովագրության գործակալությունը (АСВ), և նրանք են սկսում կառավարել ամեն ինչ: Մեր ընկերությունը հայտնվեց այդպիսի իրավիճակում: Դիմել ենք դատարան, մեկ դատ շահեցինք, հետո վերաքննիչը որոշել է փոխանցումը չեղյալ հայտարարել: Մենք համաձայնեցինք և դարձանք պարտատեր»,- շարունակում է գործարարը

Իոսիֆ Կոբզոնը Դվին հյուրանոցի իր մասնաբաժնից հրաժարվո՞ւմ է

Գործարար Արտակ Թովմասյանը, ինչպես տեսնում ենք, օֆշորային ընկերություններով աշխատելու մեծ փորձ ունի: Հիշեցնենք` Դվինի վերակառուցումն իրականացնում է Կիպրոսում գրանցված «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը, որի հետևում երկու օֆշորային այլ ընկերություններ են` Բելիզում գրանցված BERFARQ INVESTMENTS LIMITED-ը և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված JADIS SERVICES INC.-ը:

Այս ընկերություններից մեկը՝ BERFARQ INVESTMENTS LIMITED-ը, Արտակ Թովմասյանը խոստովանում է, որ իրենն է: Իսկ երկրորդի հետևում ՌԴ երգիչ Իոսիֆ Կոբզոնն է: Արտակ Թովմասյանը, սակայն, ասում է, որ Կոբզոնը նախագծից դուրս գալու գործընթաց է սկսել: Երգիչը առողջական խնդիրներ ունի:

Բացի Դվինից, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական ռեգիստրի տվյալների, Արտակ Թովմասյանը նաև 50% բաժնեմաս ունի գովազդային «Վեստդիա Մեդիա» ՍՊԸ-ում. ՌԴ-ում գրանցված համանուն ընկերության հետ է կիսում հայաստանյան ընկերության բաժնեմասը: Սակայն այս ոլորտում, ըստ գործարարի, բիզնեսի տեսակետից առաջխաղացումներն էական չեն, և այժմ լճացած վիճակ է:

Արտակ Թովմասյանի` այս նյութում արծարծված բիզնես գործունեությունն ու գործընկերները

Ուկրաինայի նախկին իշխանության անկումն ազդել է հյուպատոսի բիզնեսի վրա

Ուկրաինայի նախկին նախագահի պաշտոնազրկմամբ անկում է ապրել նաև Արտակ Թովմասյանի բիզնես գործունեությունն Ուկրաինայում: Արտակ Թովմասյանի կապերը նախկին նախագահ Յանուկովիչի և նրան նախորդող իշխանությունների հետ նույնպես սերտ էին: Գործարար-պատվավոր հյուպատոսը 2004-ին պարգևատրվել է Ուկրաինայի նախագահի կողմից: Բացի դրանից` Ուկրաինայի տրանսպորտի նախարարի խորհրդական է եղել:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օքսաննա Ելմանովայի հետ հիմնադրել է FIM Capital ընկերությունը, որը զբաղվել է ակտիվների կառավարմամբ: Ընկերության գործունեությունը, սակայն, պասիվացել է մայդանյան դեպքերից հետո, իսկ պատգամավոր Ելմանովան այլևս խորհրդարանում չէ, նրա հարազատները լքել են երկիրը, չնայած Արտակ Թովմասյանը պնդում է, որ ինքը` Ելմանովան, չի հեռացել Ուկրաինայից, իսկ ուկրաինական ներդրումներն, իսկապես, նվազել են:

Գործարար Թովմասյանը կենսավառելիք արտադրելու նախագիծ է սկսել Ռուսաստանում, որի արտադրանքի մի մասն ուղղվելու է Յուանկոսկու գործարանն աշխատեցնելուն: Արտակ Թովմասյանը համոզված է, որ ճիշտ կառավարման պարագայում Յուանկոսկու գործարանը ոչ միայն կվերակենդանանա, այլև շահույթ կստանա, իսկ 5-6  տարի հետո իրենք, հնարավոր է, վաճառեն ֆիննական ակտիվները և հեռանան Ֆինլանդիայից:

Առաջին լուսանկարում` Յուանկոսկու ստվարաթղթի գործարանն ու Արտակ Թովմասյանը: 
Հարցազրույցի տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter