HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերություններից չորսի շահույթը զգալի աճել է այս տարի

2015 թվականը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող 6 ընկերություններից 4-ը («Ռոսգոսստրախ Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Արմենիա Ինշուրանս») շահույթով էին փակել։ Ընդ որում՝ չորսի դեպքում էլ տարեկան կտրվածքով շահույթի նկատելի աճ էր գրանցվել։

Այս տարին ևս Հայաստանի ապահովագրական շուկայի համար, ընդհանուր առմամբ, բարենպաստ է. տարվա ինն ամիսները վեց ընկերություններն էլ շահույթով են ավարտել։ Ընկերություններն ու ոլորտի վիճակագրությունը ներկայացնող կառույցներն ամփոփել են առաջին երեք եռամսյակները։ Չնայած տարեկան ամբողջական պատկերը պարզ կդառնա չորրորդ եռամսյակից հետո, սակայն, ինչպես ցույց են տալիս առաջին ինն ամիսների տվյալները, ընկերություններից 4-ի համար այս տարին շատ ավելի շահութաբեր է, քան նախորդ տարին։

Ըստ մեր հաշվարկների՝ ընդհանուր առմամբ այս հունվար-սեպտեմբերին ապահովագրական 6 ընկերությունների զուտ շահույթը միասին կազմել է մոտ 3.9 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճ է արձանագրվել՝ 1.5 մլրդ դրամով կամ 63%-ով։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2015 թվականին ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2.5 մլրդ դրամ էր կազմել։ Ու, կարծես թե, այս տարվա տարեկան ցուցանիշը ռեկորդային է լինելու վերջին տարիների համար։ Դա արդեն պարզ կլինի եկող տարվա սկզբում։

Շահույթի ամենամեծ աճը գրանցել են «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն ու «Ինգո Արմենիա»-ն

Ապահովագրական ընկերությունների շարքում այս տարվա առաջին ինն ամիսներին ամենամեծ շահույթը գրանցել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, հաջորդում են «Ինգո Արմենիա»-ն ու «Նաիրի ինշուրանս»-ը (տես ինֆոգրաֆիկան):

Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շահույթի առավելի զգալի աճը ևս գրանցել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն (աճը կազմել է 683 մլն դրամ կամ 65%)։ «Ինգո Արմենիա»-ի շահույթն ավելացել է 392 մլն դրամով կամ 86%-ով, «Նաիրի ինշուրանս»-ինը՝ 176 մլն դրամով կամ 37%-ով։

Ինչպես երևում է, դրական տեղաշարժ են գրանցել նաև «Ռեսո»-ի գործերը։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին ինն ամիսները վնասով էր փակել, իսկ այս տարի 287 մլն դրամի շահույթ է ձևավորել։

Իսկ ահա երկու ընկերությունների համար, դատելով շահույթի մասին տվյալներից, նախորդ տարին ավելի հաջող էր։ «Արմենիա ինշուրանս»-ի շահույթը նվազել է 99 մլն դոլարով կամ 25%-ով, իսկ «Սիլ ինշուրանս»-ի շահույթը՝ 22 մլն դոլարով կամ 22%-ով։


Create column charts

Ապահովագրական շուկայում վնասների ու շահույթների ծավալները վրա որոշիչ ազդեցություն են ունենում քաղաքացիներից հավաքագրված ապահովագրավճարների ու քաղաքացիներին տրվող հատուցումների ծավալների փոփոխությունները։ Օրինակ՝ 2013 թվականին, երբ գործող ընկերություններից չորսը տարին վնասով փակեցին, դա բացատրվեց հիմնականում հատուցումների կտրուկ աճով և հավաքագրված վճարների ոչ բավարար մակարդակով։

Ընկերությունների այս տարվա հաշվետվություններից, սակայն, երևում է, որ  աճի կամ նվազման բացատրություններն այդպես միանշանակ չեն։

Օրինակ, այս տարվա առաջինն  ինն ամիսներին 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի հավաքագրած ապահովագրավճարների գծով զուտ հասույթը նվազել է, սակայն միաժամանակ ավելի մեծ տեմպերով նվազել են նաև զուտ հատուցումները։ Ընկերության շահույթի աճի վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել զուտ առևտրային եկամուտների աճը։ Իսկ, օրինակ, «Նաիրի Ինշուրանս»-ի և ապահովագրավճարներն են աճել, և հատուցումները, ընդ որում՝ վճարների աճը կրկնակի մեծ է, քան հատուցումներինը։

Իսկ եթե ցուցանիշներն ընդհանրացված դիտարկենք, ապա ըստ ԱՎԾ-ի ներկայացրած վիճակագրության ՝ այս տարվա առաջին ինն ամիսներին ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ հավաքագրել է 23.8 մլրդ դրամ ապահովագրավճար, հատուցել են 10 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 23.6 մլրդ դրամի և 9.6 մլրդ դրամի դիմաց։

Ընկերությունների կշիռը՝ ԱՊՊԱ ոլորտում

Գաղտնիք չէ, որ ապահովագրության հայաստանյան շուկայում գլխավոր «դերը» ԱՊՊԱ-ինն է (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)։ ԿԲ-ի և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները վկայում են, որ գործող  ապահովագրական պայմանագրերի ընդհանուր քանակի, հավաքագրված ապահովագրավճարների ու հատուցումների կազմում ԱՊՊԱ-ի մասնաբաժինը 50%-ից ավելին է։ Օրինակ, ԿԲ-ի՝ ազգային վիճածառայությանը տրամադրած տվյալների համաձայն 2015-ի վերջի դրությամբ Հայաստանի ապահովագրական ընկերությունները քաղաքացիներից հավաքագրել են ընդհանուր առմամբ 31.4 մլրդ դրամ ապահովագրավճար, որից ավելի քան 56%-ը՝ ԱՊՊԱ-ի գծով։ Համեմատության համար՝ գույքի ապահովագրումից ստացված վճարների կշիռը շուրջ 20%  է, անձնական ապահովագրության  վճարների կշիռը՝ 18%։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին տրված հատուցումներին, ապա տարեկան կտրվածքով դրանք կազմել են 13.6 մլրդ դրամ, որից 63%-ը՝ ԱՊՊԱ-ի գծով։

Այսօրվա դրությամբ ԱՊՊԱ ոլորտում, ըստ համախառն  ապահովագրավճարների և պայմանագրերի քանակի, խոշորագույն մասնակիցը շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն։ Իսկ ամենափոքր կշիռն ունի  «Արմենիա ինշուրանս»-ը։


Create pie charts

Ի դեպ, ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը Հայաստանի ֆինանսական համակարգում մեծ չէ։ Ըստ ԿԲ-ի, 2016թ. հունիսի վերջի տվյալներով, ֆինանսական համակարգի ակտիվների ընդամենը 1.1%-ն է բաժին հասել ապահովագրական շուկային: Համեմատության համար՝ Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 88.4%-ը, իսկ վարկային կազմակերպությունների մասնաբաժինը՝ 8.4% է։ Եվ չնայած ֆինանսական շուկայում ունեցած փոքր մասնաբաժնին, Հայաստանում քաղաքացիներն առօրյայում բավական հաճախ են առնչվում ապահովագրական շուկայի հետ։ Դրան նպաստեց հենց ԱՊՊԱ համակարգի ներդրումը Հայաստանում 2011 թվականից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter