HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակի ավագանին անդրադարձել է Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքներին

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո անդրադարձել է արձանագրված խախտումներին ու որոշում ընդունել «առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել համապատասխան միջոցներ արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ»:

Սպիտակի քաղաքապետարանն ավագանուն է ներկայացրել ստուգումներից հետո ձեռնարկած աշխատանքների արդյունքներն ըստ ոլորտների, որը ավագանին ընդունել է ի գիտություն և հաստատել:

Ընդունած որոշմամբ, ըստ էության, համայնքի ղեկավարն ու ավագանին արձանագրել են, որ մասնավորապես մանկապարտեզներում առկա խախտումների ու բացթողումների մասով ոչ բոլոր դեպքերում են համաձայն Վերահսկիչ պալատի մոտեցման հետ և հետևաբար, ոչ բոլոր դեպքերում են մտադիր համապատասխանեցնել դրանք նորմատիվներին:

Օրինակ, թիվ 2 մանկապարտեզում Վերահսկիչ պալատը հայտնաբերել էր ՀՀ  կրթության և գիտության նախարարի «ՀՀ պետական և համայնքային ՆՈՒՀ-երի օրինակելի հաստիքացուցակի, խմբերի խտության և նորմատիվները» հաստատելու մասին թիվ 29-Ն հրամանին հակասող, ավել պահված հաստիքներ (մանկավարժ-խմբավարի՝ 1, խոհարարի՝ 1, հավաքարարի՝ 0,5, սոցիոլոգ-մանկավարժի 0,5 դրույք):  Վերահսկիչ պալատը Սպիտակի քաղաքապետարանին առաջարկել էր հաստիքացուցակը համապատասխանեցնել ԿԳ նախարարի հրամանին:

Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանին հոկտեմբերի 17-ին ընդունած որոշմամբ տեղեկացնում են. «Մանկավարժ խմբավարի և սոցիոլոգ-մանկավարժի հաստիքները զբաղեցնող անձինք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և խնդրին կարող ենք անդրադառնալ միայն նրանց արձակուրդից վերադառնալուց հետո»:

Խոհարարի ավել հաստիքի կրճատման առաջարկին Սպիտակում համաձայն չեն: «6  խմբանոց մանկապարտեզի համար նախատեսված մեկ խոհարարի աշխատանքով հնարավոր չէ իրականացնել պատշաճ և որակյալ խոհարարական ծառայություն»,- նշված է ավագանու որոշման մեջ:

Հավաքարարի ավել հաստիքը ևս ավագանին մտադիր չէ կրճատել` այն հիմնավորելով մանկապարտեզի ոչ տիպային շենք ունենալով ու լրացուցիչ աշխատանքի ծավալով:

Ինչ վերաբերում է մանկապարտեզների խմբերում երեխաների քանակի նորմատիվային շեղումներին, ավագանին գտել է, որ խմբերի համալրումը չնչին շեղումներ ունի սահմանված նորմայի նկատմամբ և հույս հայտնել, որ հարցին լուծում կտրվի հաջորդ տարի՝ համայնքում նոր մանկապարտեզի կառուցմամբ:

Ուսումնասիրվել էր մանկապարտեզների կողմից գնման ընթացակարգերով ձեռք բերված սննդամթերքների գները, ինչի արդյունքում պարզվել էր, որ միևնույն ժամանակաշրջանում նույն  սննդամթերքը և գյուղմթերքը միևնույն մատակարարի կողմից մանկապարտեզներին մատակարարվել էր տարբեր գներով:

Ավագանու որոշմամբ ձեռք բերվող ապրանքների գները նույնացվել են՝ մատակարարների հետ համաձայնագրով կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելով:

Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո Սպիտակի քաղաքապետարանը ճշգրտումներ է արել հողի հարկի գծով իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակներում, ինչի արդյունքում հողի հարկի չվճարած ապառքներն ու տույժերը էականորեն նվազել են: Քաղաքապետարանը որպես հողի հարկի խոշոր ապառք ունեցողներ մատնանշել է երկու կազմակերպության և երկու ֆիզիկական անձի անուն: Կազմակերպություններից մեկը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն է՝ 312.000 դրամ ապառքով և տույժով, մյուսը՝ «Վանիկ Ասատրյան և ընկերներ» ՓԲԸ-ն՝ 162.300 դրամ ապառքով և տույժով: Առաջինի դեպքում քաղաքապետարանը տեղեկացնում է՝ պարտապանը սնանկ է ճանաչվել, քայլեր են ձեռնարկում պարտատերերի ցանկում ընդգրկվելու համար, երկրորդ դեպքում հարուցվել է գումարի գանձման վարչական վարույթ և հողի հարկի գումարի գանձման պահանջ է ներկայացվել:

Գույքահարկի գծով առավել խոշոր ապառք ունեցող 2  կազմակերպություններից մեկի դեպքում պարտապանը մարել է պարտքը, խնդրելով տույժի մասով կիրառել արտոնություն, մյուսի դեպքում հարուցվել է գումարի գանձման վարչական վարույթ:

Խոշոր պարտապան հանդիսացող 15 անհատներից 9-ի դեպքում քաղաքապետարանն արձանագրել է՝ երկրից բացակայում են: Մյուսները կատարել են մասնակի վճարումներ:

Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված համայնքի տարածքում առանց թույլտվության ու տեղական տուրքի վճարման տարաբնույթ բիզնես գործունեություն ծավալողների մի մասին քաղաքապետարանը վերջապես օրինական դաշտ է բերել:  

Առանց թույլտվության ոգելից խմիչք վաճառող 22 օբյեկտներից տեղական տուրքը վճարել և գործելու թույլտվություն է  ստացել 21-ը (վերջինի նկատմամբ ձեռնարկվում են միջոցներ տուրքի գումարը բռնագանձելու համար), ծխախոտ վաճառող 19 օբյեկտից` 19-ը, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն չունեցող 2 կազմակերպություններից` 1-ը (մյուսը վճարել է երկրորդ եռամսյակի համար և դադարեցրել գործունեությունը), տեխնիկական հեղուկներ վաճառող 9 օբյեկտից՝ 6-ը (3-ի նկատմամբ ձեռնարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ):

Հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն չունեցող 4 օբյեկտից 1-ը կատարել է  վճարումն ու ստացել թույլտվություն, 1-ը վճարումը կատարել է մասնակի, մյուս երկուսի նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Առանց թույլտվության գործող բնական և հեղուկացված գազի 3 օբյեկտներից չվճարած գումարը (175.000 ՀՀ դրամ) գանձելու համար քաղաքապետարանում դեռևս միջոցներ են ձեռնարկվում:

Համայնքի տարածքում գտնվող արտաքին գովազդի բոլոր վահանակների համար տրվել է թույլտվություն համապատասխան գումարը համայնքային բյուջե վճարելուց հետո:

Ինչ վերաբերում է ժամը 24:00-ից հետո համայնքում գործող թվով 10 կազմակերպություններին և նրանց պարտքի չափին՝ 1 մլն դրամ, քաղաքապետարանն արձանագրել է՝ կազմակերպությունների թիվը և պարտքի չափը ենթակա է պարզաբանման:
Հողի և գույքի վարձավճարների գանձման մասով աշխատանքները Սպիտակի քաղաքապետարանում ընթացքի մեջ են:

Ավագանու որոշմամբ՝ դեռևս ընթացքի մեջ գտնվող թերությունների վերացման մասին համայնքի ղեկավարը տեղեկատվություն կտրամադրի դրանք ավարտելուց հետո:

լուսանկարը` spitak.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter