HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը «տեղյակ չէ», թե ով է Դսեղի կահույքի ֆաբրիկայի սեփականատերը

Խորհրդային տարիներին Դսեղի և հարևան գյուղերի բնակչության համար մոտ 250 աշխատատեղ ապահովող Դսեղի կահույքի ֆաբրիկան կառուցվել է Մոտկորի մոտ 16 հա անտառների հենքի վրա: Ֆաբրիկան 1990-ական թվականներին եղել է Վանաձորի կահույքի ֆաբրիկային մասնաճյուղ: Վերջինս 1995թ.-ին սեփականաշնորհվել և դարձել է «Կահույք» ԲԲԸ, որի նախագահը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դսեղի կահույքի ֆաբրիկան այսօր հայտնվել է լուծուրման  փուլում: Թալանվել են ֆաբրիկայի հիմնական միջոցները, այդ թվում նաև թանկարժեք սարքավորումներն ու մնացած գույքը: Հերթը հասել է ֆաբրիկայի մասնաշենքերը քանդելուն: «Մեր կահույքի ֆաբրիկայի մասին ինչ տենք ասիլ, դե գյուղացի մարդ ենք, էն ենք տեսել, որ կերան, տարան ֆաբրիկայի էլածը: Հիմա էնտեղ ոչ մի բան չկա: Կիրովականի կահույքի ֆաբրիկայի գլավնին քանդեց ֆաբրիկան: Նրա ազգը չգիտեմ ինչյան է: Էնա սովետի փլուզումից հետո կամաց սկսվեց ֆաբրիկայի քանդելը»,- պատմեց դսեղցի Զալիկո Ռամազյանը:

Զալիկո Ռամազյանը

«Ես գիտեմ, որ մեր գյուղի կահույքի ֆաբրիկան Շեկոյան Ռոբերտը աշխատացներ: Լսել եմ, որ ֆաբրիկայի սեփականատերը Վահրամ Բաղդասարյանն է: Այստեղ աշխատել եմ 1976 թվականին: Լուրջ ֆաբրիկա էր: Ես մահճակալների հավաքման արտադրամասում էի աշխատում, ամիսը մոտ 900 մահճակալ էինք հավաքում»,- պատմեց Ասքանազ Թումանյանը:

Ասքանազ Թումանյանը

Արուս Գաբրիելյանը 1985թ-ից մինչև 2000թ.-ը հաշվապահ է աշխատել Դսեղի կահույքի ֆաբրիկայում: «Երբ ես աշխատում էի, կահույքի ֆաբրիկան մինչև 220 աշխատող ուներ: Այդ ժամանակ  Ֆաբրիկայում արտադրվում էր 10-20 հազար հատ 4 տեսակ աթոռ, մանկական մահճակալներ, երեխաների քայլասահնակ ու նաև պարկետ: Թուրքիայից գալիս էին Դսեղի կահույքի ֆաբրիկայից պարկետ գնելու: Դա արդեն 1998թ.-ին էր»,- հիշեց հաշվապահը:  

«Վանաձորի կահույքի ձեռնարկություն» ԲԲԸ-ից, որպես Դսեղի կարի արտադրական միավորման  երկարամյա աշխատող, 2001թ.-ին Արուս Գաբրիելյանին տրվել է 5 հատ 25 հազար դրամ արժեքով հասարակ անվանական տեսակի բաժնետոմս: Բաժնետոմսի հավաստագիրը ստորագրված է «Վանաձորի կահույքի ձեռնարկություն» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Վահրամ Բաղդասարյանի  և  գլխավոր հաշվապահ Ս. Աքուլյանի կողմից:

Արուս Գաբրիելյանը

«Ավտոբուս բերին կահույքի ֆաբրիկայի մոտ  կանգնեցրին, մի 30 հոգի նստեցինք, գնացինք Վանաձորի շուկայի կողքի բանկը՝ 2001թ. դեկտեմբերի 13-ին սերտիֆիկատների գումար մուծեցինք: Ես բանկում 20 հազար դրամ սերտիֆակտների գումար մուծեցի, մի հատ էլ մինչ այդ ունեի: Հիմա ես մի 25 հազար դրամի բաժնետոմսեր ունեմ»,- պատմեց Արուսը:

Վերջինիս ասելով` այդ սերտիֆիկատները 2002թ.-ին Դսեղում իրեն և Դսեղի կահույքի ֆաբրիկայի մյուս 39 բաժնետերին հանձնել են Վահրամ Բաղդասարյանի աները և քարտուղարուհին: «Վ.Բաղդասարյանի աներոջ անունը չեմ հիշում, բայց քարտուղարուհու անունը Մարիետա էր»,- հիշեց Արուսը:

Սոցիալական ծանր վիճակում գտնվող Արուսը և կահույքի ֆաբրիկայի հասարակ անվանական տեսակի բաժնետոմսեր ունեցող մյուս բաժնետերերը արդեն 14 տարի է` խնմաքով պահում են իրենց բաժնետոմսերը և սպասում են, որ մի օր այդ բաժնետոմսերին համարժեք կստանան իրենց բաժնեմասերը: Տիկին Արուսի ասելով` 2 տարի առաջ անհայտ մարդիկ Դսեղ են եկել իրենց բաժնետոմսերը գնելու,  բայց բաժնետերերը հրաժարվել են դրանք վաճառել: Հիմա կահույքի ֆաբրիկայի շենքում ոչ մի գույք և սարքավորում չի մնացել:

Արուսի խոսքով` 2- 3 տարի առաջ Վահրամ Բաղդասարյանի կողմից 3-4 մարդ եկել են Դսեղ, ֆաբրիկայի ամբողջ գույքը՝ այդ թվում նաև թանկարժեք սարքավորումները բարձել են բեռանատար ավտոմեքենաներին ու տարել: «Ոչ մի լումա չեն տվել փայատերերին: Դեռ մինչև վերջերս էլ մեր կահույքի ֆաբրիկայի ունեցվածքը տանեին»,- հայտնեց Արուսը: Մի օր էլ փորձել են քանդել կահույքի ֆաբրիկայի մասնաշենքերը և վաճառել թանկարժեք երկաթբետոնե կոնստրուկցիաները: Դսեղցիները թույլ չեն տվել:

Արուս Գաբրիելյանի ընտանիքն ապրում է սոցիալական դժվարությունների մեջ: Ընտանիքի անդամներիրց ոչ մեկը չի աշխատում: Տան տանքիը կաթում է: Տիկին Արուսը նաև առողջական խնդիրներ ունի, սակայն բուժումներ ստանալու միջոցներ չունի: Արուս Գաբրիելյանը հույսը չի կորցնում, որ մի օր կստանա սեփականաշնորհված Դսեղի կահույքի ֆաբրիկայի իր բաժնեմասը: Նախկին հաշվապահը նաև պնդում է, որ Դսեղի համայնքապետարանին վերջին անգամ կահույքի ֆաբրիկան գույքահարկ և հողի հարկ է վճարվել 1997թ.-ին:

Համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը, ով 20 տարուց ավելի ղեկավարել է Դսեղի համայնքը, այսօր մեզ հեռախոսով ասաց, որ տեղյակ չէ, թե ով է Դսեղի կահույքի ֆաբրիկայի սեփականատերը: Գառնիկ Հովսեփյանը  ասաց նաև, որ տեղյակ չէ նաև կահույքի ֆաբրիկայի կողմից համայնքի բյուջեին հողի հարկ և գույքահարկ վճարելուց:

Գյուղապետին խնդրեցինք գյուղապետարանում հարկահավաքության հարցերով զբաղվող Մարատ Հախվերդյանի հեռախոսահամարը: Վերջինս մեր զանգերի ընթացքում անջատում էր հեռախոսը:

Դսեղի կահույքի  ֆաբրիկայի մուտքի պարիսպը երկաթե կողպետքով փակված է: Ֆաբրիկայի ամբողջ մասնաշենքերի ապակիները ջարդված են: Արտադրամասերը դատարկ ու կիսաքանդ են։ «Մինչև 2013թ.-ը մեր կահույքի ֆաբրիկայի սարքավորումները իրենց տեղում են եղել, հարյուրավոր միլիոնների սարքավորմներ Վահրամ Բաղդասարյանի մարդիկ ֆաբրիկայից հանել և վաճառել են 3 տարի առաջ»,- պնդեց կահույքի ֆաբրիկայի երբեմնի հաշվապահը: 

Դեկտեմբերի 7-ի Վահրամ Բաղդասարյանը իր մամուլի ծառայության պատասխանատու Յունոնա Մարտիրոսյանի միջոցով մեզ փոխանցեց, որ ինքն արդեն քանի տարի է` Դսեղի կահույքի ֆաբրիկայի հետ կապ չունի: «Պարոն Բաղդասարյանը ասում է, որ Դսեղի կահույքի ֆաբրիկան լուծարման փուլում է»,- հայտնեց Յունոնա Մարտիրոսյանը:

Բաղդասարյանը չէր պատասխանել Դսեղի կահույքի  ֆաբրիկայի համայնքի բյուջեին 19 տարիներ շարունակ հողի հարկ և գույքահարկ չվճարելումասին մեր հարցին: «Պարոն Բաղդասարյանը նույնիսկ զարմացավ, որ մարդիկ դեռ հիշում են այդ ֆաբրիկայի մասին»,- հայտնեց Յունոնա Մարտիրոսյանը:

Ու մինչ Վահրամ Բաղդասարյանը զարմանում է, Դսեղի կահույքի ֆաբրիկայի հասարակ անվանական բաժնետոմսեր ունեցող դսեղցի 39 բաժնետերերը փորձում են պարզել, թե ինչ է կատարվել Դսեղի կահույքի ֆաբրիկայի հետ և ինչու չեն վճարվում իրենց բաժնետոմսերին համապատասխան բաժնեմասերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter