Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի դիմել է վարչական դատարան



ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ն վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումները:

Վեճի առարկան ՏՄՊՊՀ-ի որոշումներն են, որով պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը տուգանել էին 5 միլիոն դրամով՝ հասարակությանը մոլորեցնող անբարեխիղճ մրցակցության համար: Նշված որոշումները վերաբերում են «Хлiбний Дар» КЛАСИЧНА»  և «MEDOFE ROYAL» օղիներին:

2016թ. մարտի 22-ին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի՝ «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկում իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է «Хлiбний Дар» КЛАСИЧНА» անվանումով օղի` 0,5 լիտր տարողությամբ, 1 շիշ, 700 դրամ արժեքով: Արտադրողը եղել է «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ն:

Հանձնաժողովը հաշվի առնելով, որ ընկերության կողմից արտադրված «Хлiбний Дар» КЛАСИЧНА» անվանումով օղու շշի վրա առկա ծանոթագրական գրառումների կատարումն ուկրաիներեն լեզվով է, հնարավոր է սպառողների մոտ առաջացնել մոլորեցում այդ ապրանքի աշխարհագրական ծագման նկատմամբ: Բացի այդ, «Хлiбний Дар» ապրանքային նշանն օգտագործելը և «Хлiбний Дар» КЛАСИЧНА» անվանումով ապրանքի ընդհանուր տեսքը հնարավոր է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ: Այդ հիմքով հանձնաժողովը 2016թ. ապրիլի 4-ին «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:

Ձախից` «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի, աջից՝ օրիգինալ ապրանքատեսակը

Հանձնաժողովի նիստի ժամանակ «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ «Хлiбний Дар» КЛАСИЧНА» անվանումով օղի Հայաստանի տարածքում չի իրացվում, ուստի սպառողները չեն կարող իրենց կողմից արտադրված օղին շփոթել մեկ այլ օղու հետ:  

Այնուամենայնիվ, ձեռք բերված ապացույցներով հանձնաժողովը հաստատված է համարել, որ օղու շշի վրա ծանոթագրական գրառումները, այդ թվում` անվանումը և բաղադրությունը նշված են օտար լեզվով՝ ուկրաիներենով: Ընդ որում, առևտրային օբյեկտներում որպես կանոն իրացման նպատակով վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում և այլ հատվածներում ներկայացված օղիների շշերի դիմային հատվածում կատարված գրառումները բացառապես օտար լեզվով են` ուկրաիներեն և անգլերեն:

Հայերեն լեզվով գրառումները կատարված են մանր տառաչափով և դժվարընթեռնելի են: Հայերենով, մասնավորապես, մակնշված են օղու անվանումը, արտադրող ընկերության անվանումը, ծագման երկիրը, տարողությունը, էներգետիկական արժեքը և պիտանիության ժամկետը:

Հանձնաժողովում տեղի ունեցած նիստի ընթացքում ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց կողմից օգտագործվող «Хлiбний Дар» ապրանքային  նշանը «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի կողմից ազգային կամ միջազգային ընթացակարգերով չի գրանցվել:

ՏՄՊՊՀ-ն  ամրագրել է, որ տվյալ դեպքում ապրանքի վրա առկա ծանոթագրական գրառումների, այդ թվում անվանման և բաղադրության կատարումը միայն օտար (ուկրաիներեն) լեզվով, ինչպես նաև հայերեն գրառումները մանր տառաչափով և դժվարընթեռնելի կատարելը սպառողների մոտ կարող է առաջացնել մոլորեցում այդ ապրանքի աշխարհագրական ծագման նկատմամբ, քանի որ օղու արտաքին դիտարկման արդյունքում սպառողների մոտ կարող է ստեղծվել թյուր տպավորություն, որ օղին ուկրաինական ծագման է, մինչդեռ իրականում այն արտադրվում և շշալցվում է Հայաստանում՝ «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի  կողմից:

Հանձնաժողովը նաև եզրակացրել է, որ նման պայմաններում չի ապահովվում սպառողների` ապրանքի վերաբերյալ ամբողջական, լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը, և ստեղծվում է սպառողների մոլորության հնարավորություն: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն ամրագրում է, որ ՍՊԸ-ի կողմից օգտագործվող և վերջինիս անվամբ չգրանցված  «Хлiбний Дар» ապրանքային նշանը նույնական է այլ անձի անունով Հայաստանի Հանրապետությունում գրանցված և իրավական պահպանության ենթակա «Хлiбний Дар» ապրանքային նշանին և օգտագործվում է առանց իրավատիրոջ համաձայնության։

«Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի  կողմից ներկայացվել է վարչական բողոք՝ պնդելով, որ  թիվ 234-Ա  որոշմամբ իրենց վրա դրվել է ոչ իրավաչափ պարտականություն: Մասնավորապես այն, որ ՏՄՊՊՀ-ն  որոշումը կայացրել է զուտ գնային դիտարկումներ անցկացնելու ժամանակ և ինքնուրույն որոշել է, որ ընկերության կողմից արտադրված` «Хлiбний Дар» անվանումով օղին հնարավոր է և կարող է առաջացնել շփոթություն, որտեղ բացակայում է անգամ համապատասխան մարմնի փորձագիտական եզրակացությունը` շփոթություն առաջացնելու փաստի վերաբերյալ: Նույնիսկ բացակայում է թեկուզ մեկ սպառողի կամ «Хлiбний Дар» օղու շահագրգիռ կողմ հանդիսացող, ապրանքային նշանի սեփականատեր` Սվյատոսլավ Իգորևիչ Նեչիտալյոնի բողոք դիմումը շփոթություն կամ մոլորեցում առաջացնելու հանգամանքի կապակցությամբ:

Ընկերությունը միաժամանակ նշել է, որ Հանձնաժողովի կողմից հաշվի չի առնվել նաև վաճառքի գնի զգալի տարբերությունը, որը հուշում, տարանջատում և կանխում է շփոթեցումը, թե անտառաճանաչ սպառողների և թե նպատակասլաց ու երկրպագու հանդիսացող գնում կատարող սպառողների մոտ, որի վառ ապացույցն առ այսօր բողոք չլինելու փաստն է: Բացի այդ, «Хлiбний Дар» անվանումով օղու մեկ այլ տարբերակ գոյություն չունի ՀՀ տարածքում:

Հանձնաժողովի կողմից նույն օրը, նույն սուպերմարկետից գնվել է «MEDOFF ROYAL» անվանումով օղի` 0,5 լիտր տարողությամբ, 1 շիշ, 1300 դրամ արժեքով: Արտադրողը եղել է  ուկրաինական «ԼՕԳ Պրայմ», իսկ ներմուծողը` «Ադամիում» ՍՊԸ-ն: Ինչպես նաև  «MEDOFE ROYAL» անվանումով օղի` 0,5 լիտր տարողությամբ, 1 շիշ, 700 դրամ արժեքով: Այս դեպքում արտադրողը եղել է «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ն: Հաշվի առնելով, որ վերջինիս կողմից «MEDOFE» ապրանքային նշանն օգտագործելը կարող է առաջացնել շփոթություն «MEDOFF» գրանցված ապրանքային նշանի հետ, Հանձնաժողովը 2016թ. ապրիլի 4-ին «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:

Ձախից օրիգինալ, աջից՝ «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի ապրանքանիշը

Հանձնաժողովում տեղի ունեցած դռնբաց նիստի ժամանակ «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դարձյալ պնդել է, որ իրենց կողմից արտադրված «MEDOFE» ապրանքային նշանով օղիները սպառողների մոտ չեն կարող առաջացնել շփոթություն` հաշվի առնելով «MEDOFE» (Մեդոֆե) և «MEDOFF» (Մեդոֆֆ) ապրանքային նշաններով իրացման գների տարբերությունը, ինչպես նաև նշված ապրանքային նշանների մեջ առկա տառերի տարբերությունը:

Միջազգային գրանցման արդյունքում իրավական պահպանությունը տրամադրվել է հենց «MEDOFF» («ՄԵԴՈՖՖ») անվանը` որպես բառային ապրանքային նշանի:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ  հսկիչ գնմամբ ձեռք բերված «MEDOFE ROYAL» անվանումով օղու վրա պատկերված է «MEDOFE» ապրանքային նշանը, որը ընդամենը մեկ տառի տարբերությամբ՝ «F» տառը փոխված է «E» տառի, կրկնում է միջազգային գրանցում ստացած «MEDOFF»  ապրանքային նշանը, ինչպես նաև, չնայած մեկ տառի տաբերությանը, երկու անվանումներն էլ արտասանվում են նույն ձևով:

ՏՄՊՊՀ-ի կողմից «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ի գործողություններն ու վարքագիծը որակվել են որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելու գործողություն: Օրենքի խախտման համար ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք հինգ միլիոն դրամի չափով:

«Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ն դարձյալ բողոքարկել է նշված որոշումը: Երկու դեպքում էլ մերժում ստանալուց հետո դիմել է վարչական դատարան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ